Միրզոյանը Բորելին ներկայացրել է խաղաղության և ԼՂ կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը

Մայիսի 18-ին Հայաստան-Եվրամիություն գործընկերության չորրորդ նիստին ընդառաջ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ, հայտնում է Հայաստանի ԱԳՆ-ն։

Ըստ հաղորդագրության՝ առանձնազրույցի ընթացքում Միրզոյանն ու Բորելն անդրադարձել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին, տարածաշրջանային ու միջազգային փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերին։

«Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ։ ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է միջազգային հանրության և, մասնավորապես՝ ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ նպաստելու հակամարտության համապարփակ և տևական լուծմանը»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել