Քո գրպանից՝ Ալեն Սիմոնյանի եղբոր ասֆալտապատման նոր պայմանագրերին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի ղեկավարած ընկերության՝ «Եվրոասֆալտի» հաղթանակները պետական գնումների մրցույթներում շարունակվում են։

Երկու տարվա պատմություն ունեցող ասֆալտապատող ընկերությունն արդեն հաղթում է առավել խոշոր մրցույթներում, որոնց պայմանագրերի ընդհանուր գումարն ավելի քան 2,5 միլիարդ դրամ է։

Այսպես, «Եվրոասֆալտը» հաղթել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կազմակերպած ճանապարհների վերանորոգման աշխատանքների մրցույթներում։ Թեև դրանք հայտարարվել էին դեռ նախորդ տարի՝ 2021-ին, սակայն վերջնական համաձայնագրերը կնքվել են այս տարի՝ 2022-ին։

Պայմանագրերից մեկով ընկերությունն իրականացնում է Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի որոշ հատվածների հիմնանորոգման աշխատանքներ։ Այս պայմանագրի արժեքն է ավելի քան 1 մլրդ 45 մլն դրամ կամ շուրջ 2,3 մլն դոլար։

Գնման այս մրցույթին եղել է վեց մասնակից։ «Եվրոասֆալտը» հաղթել է ընդամենը 500 000 դրամ պակաս առաջարկ ներկայացնելով։ Այսինքն՝ վեց մասնակիցների շարքում «Եվրոասֆալտը» ընդամենը 0.05 տոկոսի գնիջեցմամբ է հաղթել։

Մեկ այլ պայմանագրով այս ընկերությունն իրականացնում է Այնթապ-Մխչյան-Արտաշատ-Այգևան հանրապետական նշանակության ավտոճանապարհի որոշ հատվածների հիմնանորոգման աշխատանքներ։ Այս պայմանագրի արժեքն է շուրջ 1,7 մլրդ դրամ կամ ավելի քան 3,7 մլն դոլար։

Այս մրցույթին էլ եղել է վեց մասնակից։ «Եվրոասֆալտը» առաջ է անցել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամուն պատկանող «Լեոպոլդ և ընկերներ» ընկերությունից՝ ներկայացնելով կրկին ընդամենը 500 000 դրամով կամ 0,03 տոկոս պակաս գնային առաջարկով։

Լրացում. «Եվրոասֆալտ» և «Լեոպոլդ և ընկերներ» ընկերությունների ներկայացրած գնաառաջարկների տարբերությունը եղել է ոչ թե 500 000 դրամ, 5 000 000 դրամ։

Հունիսի 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել ու ծանոթացել է Մխչյան-Արտաշատ-Այգավան հանրապետական նշանակության, Եղեգնավան-Այգավան ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։ Այնտեղ էր նաև Կառլեն Սիմոնյանը։

Պետական գնման մրցույթին մասնակցելու համար «Եվրոասֆալտ» ընկերությունը՝ ի դեմս ընկերության տնօրեն Կառլեն Սիմոնյանի, ներկայացրել է իրական շահառուների մասին տեղեկատվություն, որում պնդում է, թե ընկերության բաժնետերերը երկու կին են՝ Սվետլաննա Կամոյի Պողոսյանը և Գրետա Սարգսի Թադևոսյանը, ինքն էլ գլխավոր տնօրենն է։

Ընդհանուր առմամբ, վերջին գրեթե երկու տարում «Եվրոասֆալտը» պետական մարմիններից ստացել է ավելի քան 3,6 մլրդ դրամի կամ շուրջ 7,5 մլն դոլարի պատվեր։