ՔՊ-ն ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցով չի դիմի Սահմանադրական դատարան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշել է ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով չդիմել Սահմանադրական դատարան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ զրույցում` ԱԺ խորհրդի նիստից հետո, որի օրակարգում ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու նախագիծն էր:

«Մեր քաղաքական հավատամքի մեջ է մտնում նաև հարգանքը առ ժողովրդի տված քվեն: Մենք հարգում ենք ողջ ժողովրդի տված քվեն, ժողովուրդն իր քվեով ձևավորվել է մեծամասնություն և փոքրամասնություն: Մենք հարգում ենք այդ քվեն, և կարծում ենք, որ ընդդիմության այս պահելաձևը, վարվելակերպը և փիլիսոփայությունն առաջին հերթին հենց իրենց ընտրողների համար պետք է խնդիր լինի: Կարծում եմ՝ մեր ժողովրդի այն հատվածը, որը քվե է տվել իրենց, համապատասխան հետևություններ կանի հաջորդ ընտրությունների ընթացքում»,- ասել Ռուբինյանը:

ԱԺ փոխնախագահի խոսքով՝Հայաստանին այժմ պետք է քաղաքական կայունություն և համերաշխություն: Միևնույն ժամանակ Ռուբինյանը նշել է. «Եթե ընդդիմությանը թվում է, թե մենք պետք է դիմենք ՍԴ և նրանց փախուստի «փրկօղակ» նետենք ԱԺ-ից, սխալվում են: Նրանք պետք է գլուխները կախ գան ԱԺ, իրենք պետք է նայեն մեր աչքերի մեջ և չկարողանան կրկնել այն, ինչ այս ամիսներին ասել են փողոցներում, մենք պետք է նայենք իրենց աչքերին և ասենք այն, ինչ ուզել ենք ասել»:

Ազգային ժողովի խորհուրդը հուլիսի 14-ին արտահերթ նիստ էր նախաձեռնել՝ քննարկելու ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու նախագիծը։ ԱԺ խորհուրդը, որի կազմում են ԱԺ նախագահը, նրա տեղակալները, խմբակցությունների և մշտական հանձնաժողովների ղեկավարները, նախատեսում էր ՍԴ դիմել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության բոլոր և «Պատիվ ունեմ» խմբակցության չորս պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով։

***

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմությունը մայիսի 2-ից փակել էր Ֆրանսիայի հրապարակը։ Ընդդիմադիրները նստացույցին զուգահեռ անհնազանդության ակցիաներ, հանրահավաքներ էին իրականացնում Երևանում և մարզերում։ Ակցիաներին մասնակցում էին ինչպես «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչներ, այնպես էլ այլ խմբեր ու քաղաքացիներ։ Ընդդիմությունը նշում է, որ «Նիկոլ Փաշինյանը չունի Հայաստանը նոր զիջումների տանելու մանդատ և պետք է հրաժարական տա»։

Հունիսի 14-ին «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ «հավաքում են Ֆրանսիայի հրապարակի վրանները»։ Ընդդիմադիրները, Սաղաթելյանի խոսքով՝ որոշել են վերափոխման ենթարկել շարժման կառուցվածքը և բովանդակությունը՝ «շարժման ներուժը մեծացնելու, հարթակն ընդլայնելու» համար։

Ֆրանսիայի հրապարակը բացելուց հետո էլ ընդդիմադիրները չվերադարձան խորհրդարան, բայց նաև վայր չդրեցին մանդատները՝ «ամեն վայրկյան պատգամավորի մանդատը օգտագործելու» հիմնավորմամբ։

Ավելի վաղ՝ հուլիսի 1-ին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը փակ, գաղտնի քվեարկությամբ Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին ու Տնտեսական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին զրկել էր խորհրդարանում զբաղեցրած պաշտոններից։ Սաղաթելյանի ու Հակոբյանի պաշտոնանկության համար հիմք է եղել մեկ նստաշրջանի ընթացքում նրանց բացակայությունների մեծ թիվը։

Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոններից հետ կանչելուց հետո «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը հրաժարական էր ներկայացրել տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Ազգային ժողովում վարչական պաշտոնից հրաժարական էր տվել նաև «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։ Նա ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալն էր։ Հրաժարականների մասին հայտարարել էին նաև «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Թադևոս Ավետիսյանը և Արթուր Խաչատրյանը՝ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոններից։