Հայաստանի առաջ «կբացենք մեր դռները», երբ լուծում ստանա Ադրբեջանի հարցը․ Էրդողան

«Ի սկզբանե Հայաստանի հետ հարաբերություններում մեր կարմիր գիծը Ադրբեջանն էր: «Մենք կբացենք մեր դռները» այն բանից հետո, երբ լուծում ստանա Ադրբեջանի հարցը»։ Այս մասին հուլիսի 25-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է TRT հեռուստաընկերությունը։

Անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցին, Թուրքիայի նախագահը նշել է․ «Ուրախ եմ, որ Փաշինյանն էլ տարածաշրջանում խաղաղության և համագործակցության շուրջ համանման տեսակետներ է հայտնում, և այժմ սպասում ենք առարկայական քայլերի»:

Էրդողանը վստահեցրել է, որ թուրքական կողմը Հայաստանի հետ հարաբերությունների հարցում հաստատակամ է և գործընթացին լուրջ է վերաբերվում: Նա նշել է, որ ներկայում Թուրքիայում շուրջ 100 000 հայ է ապրում։

Ավելի վաղ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը Ադրբեջանի հետ համաձայնեցնելու մասին խոսել էր նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն։ Մասնավորապես, նա հայտարարել էր՝ «Հայաստանի հետ երկկողմ ձևաչափով գործընթաց ենք սկսել, սակայն պետք չէ մոռանալ, որ այն իրականում եռակողմ է»։

***

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 11-ին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հայաստանի և Թուրքիայի ղեկավարներն ընդգծել են հարաբերությունների կարգավորման երկկողմ գործընթացի կարևորությունը, ինչը կնպաստի նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը մեկնարկել է այս տարվա սկզբին։ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը կայացել է հունվարի 14-ին՝ Մոսկվայում։ Դրանից հետո բանագնացները ևս երեք հանդիպում են անցկացրել Վիեննայում։

Չնայած, որ առաջին երեք հանդիպումներից հետո կողմերը նշում էին՝ հանդիպումներն անցնում են կառուցողական մթնոլորտում, բայց որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերվեցին միայն չորրորդ հանդիպմանը՝ հուլիսի 1-ին։ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները պայմանավորվել էին հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները: Պայմանավորվել են նաև հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը։

Բացի հատուկ ներկայացուցիչների բանակցություններից, մարտի 12-ին Անթալիայում կայացել է Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը։

Մեկնաբանել