Սաուդյան Արաբիայում կանանց համար քաղաք կկառուցեն

Սաուդյան Արաբիայի իշխանությունները մտադիր են կառուցել արդյունաբերական քաղաք, որում ցանկանում են համատեղել շարիաթի խիստ կանոններն ու բնակչուհիների՝ կարիերա ստեղծելու ձգտումը։

Երկրի մունիցիպալիտետների ու գյուղատնտեսության նախարարն արդեն հավանություն է տվել այս որոշմանը, և այժմ պաշտոնյաները մշակում են քաղաքի դիզայնը, ու արդեն 2013թ․ տենդեր կանցկացվի շինարարական կազմակերպությունների շրջանում։ Նոր քաղաքը գտնվելու է Ալ Հուֆուֆ քաղաքի (որը Սաուդյան Արաբիայի արևելքում է) տարածքում։ Այնտեղ տեղակայվելու են արտադրություններ, որոնք տնօրինում են կանայք, ինչպես նաև գործարաններ, որոնք արտադրանք են թողարկում գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար։

Արևմտյան գործակալությունների գնահատմամբ՝ նոր քաղաքն ապահովելու է մոտ 5 հազ․ աշխատատեղ և ներգրավելու է մոտ $133 մլն-ի ներդրումներ, հաղորդում է MIGnews-ը։

Հարուստ երկրի համար այս գումարը փաստացի որևէ դեր չի խաղա, քանի որ մի շարք փորձագետների կարծիքով՝ կանանց համար արդյունաբերական քաղաքի կառուցումը փիար ակցիա է՝ ուղղված արտասահմանում Սաուդյան Արաբիայի իմիջի բարելավմանը։

Մեկնաբանել