ԿԲ-ն հաջորդ տարվա համար 4,5 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում

մարտին գալստյան - martin galstyan- կբ նախագահ

Կենտրոնական բանկն այս տարվա համար 12,9 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում, իսկ հաջորդ տարվա համար՝ 4,5 տոկոս: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023-ի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

«Մյուս տարի տնտեսական աճի ցուցանիշը կլինի ավելի ցածր, քան Կառավարության կողմից կանխատեսված 7 տոկոսն է: Մենք ակնկալում ենք 4,5 տոկոսի չափով, որովհետև այս տարվա աճն է բավականին բարձր եղել»,- հավելեց Գալստյանը:

Կենտրոնական բանկի նախագահի խոսքով՝ 2023-ին նախատեսվում է էականորեն մեծացնել կապիտալ ծախսերի կշիռը ՀՆԱ-ում՝ հասցնելով 5,9 տոկոսի ու նվազեցնել ընթացիկ ծախսերը՝ հասցնելով 21,9 տոկոսի:

«Այպիսով՝ 2023 թվականին կապիտալ ծախսերի ավելացման հաշվին պետական բյուջեի պակասուրդը կավելանա՝ կազմելով ՀՆԱ-ի 3,1 տոկոսը, իսկ հարկաբյուջետային քաղաքականությունը կլինի չեզոք՝ նպաստելով պարտքի բեռի փոքր՝ 1 տոկոսային կետով նվազման՝ մինչև 49,7 տոկոս», – ասաց Մարտին Գալստյանը:

Մեկնաբանել