Ծառուկյանի «Շանգրի լա»-ն պահանջում է իր տուրքերից նվազեցնել ևս 1,4 միլիարդ դրամ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Շանգրի լա» խաղատունը պահանջում է Պետեկամուտների կոմիտեից 1,4 միլիարդ դրամ ճանաչել գերավճար և նվազեցնել խաղատան համար նախատեսված տուրքից։ Այդ մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական հարթակից։

Հուլինին կառավարությունը որոշեց «Շանգրի լա» խաղատան լիցենզիայի տուրքի գումարը ընկերության փոխարեն փոխհատուցել՝ հաշվի առնելով, որ ֆինանսների նախարարի հրամանով «Շանգրի լա»-ի լիցենզիան դադարեցվել էր, դրան էլ գումարվել էին տուգանքներ ու տույժեր։ Դատարանում «Շանգրի լա»-ի իրավաբանական անձը՝ «Օնիրա քլաբ»-ը, հաղթել էր ֆինանսների նախարարությանը, ու կառավարությունը ստիպված էր փոխհատուցել խաղատան վնասները։

«Հետք»-ը հետագայում բացահայտել էր, որ կառավարությունը «Օնիրա քլաբ»-ի համար փոխհատուցել է ոչ թե 4,2, այլ 5,6 միլիարդ դրամ։ Կառավարության հետ այս փոխհատուցումների գործընթացն ավարտելուց հետո այժմ «Շանգրի լա»-ն աշխատում է, բայց ընկերությունը նոր պահանջներ է առաջ քաշել ընդդեմ Պետեկամուտների կոմիտեի։

Ըստ «Դատալեքս»-ի տվյալների՝ «Օնիրա քլաբ»-ը պահանջում է ամբողջ 2020-ի համար վճարված տուրքերի գումարը ճանաչել գերավճար ու կատարել վերահաշվարկ։ Գերավճար ճանաչելու պահանջը վերաբերում է մոտ 1,4 միլիարդ դրամի։ «Օնիրա քլաբ»-ը դիմել էր դատարան՝ հայցի ապահովման միջոց կիրառելու պահանջով, բայց հոկտեմբերի 25-ին վարչական դատարանի դատավոր Արթուր Ծատուրյանը պահանջը մերժել է։ Հունվարին կայանալու է ՊԵԿ-ի դեմ ընկերության հայցի առաջին դատական նիստը։ «Օնիրա քլաբ»-ի փաստաբաններից Էմիլ Խաչատրյանը ՍիվիլՆեթ-ի հետ զրույցում ներկայացնելով իրենց պահանջը ՊԵԿ-ից՝ պատմեց, որ 2020-ի առաջին և երկրորդ եռամսյակներում «Օնիրա քլաբ»-ը վճարել է խաղատան լիցենզիայի տուրքը, սակայն կորոնվիրուսով պայմանավորված՝ չի աշխատել, ծառայություն չի մատուցվել ու «Օնիրա քլաբ»-ի կողմից վճարված տուրքը պիտի ճանաչվի գերավճար։

«Գերավճար ճանաչվելուց հետո մենք կքննարկենք հաշվանցման խնդիրը։ Չեմ բացառում, որ դա հաշվարկվի որպես այս տարվա չորրորդ եռամսյակի տուրքի գումար լինի», -ասաց փաստաբանը։ Նրա խոսքով՝ 5,6 միլիարդ գումարը, որը որպես պարտավորություններ վերագրվել էր «Օնիրա քլաբ»-ին, բայց դատարանի որոշումներից հետո փոխհատուցվել է կառավարության կողմից, պետք չէ շփոթել պահանջվող 1,4 միլիարդի հետ. առաջին դեպքում խոսքը պետության կողմից հաշվարկվող հարկերի, տուրքի ու տույժերի մասին է, իսկ այս դեպքում՝ «Օնիրա քլաբ»-ի կողմից վճարված տուրքի, որը վերաբերել է 2020-ի առաջին եռամսյակի վերջին և երկրորդ եռամսյակին։

«Իմ կարծիքով՝ տրամաբանական է մեր պահանջը։ Մենք չենք ասում՝ դա գերավճար է, հետ տվեք մեր գումարը։ Ի վերջո, պատկերացրեք՝ տան լիցենզիա, բայց թույլ չտան աշխատել, բայց դուք լիցենզիայի գումարը շարունակեք վճարել։ Դա տրամաբանակա՞ն է, դա տնտեսվարողին խթանո՞ղ ճանապարհ է»,- հարց է բարձրացնում Խաչատրյանը։ Նա վստահեցնում է, որ 1,4 միլիարդի այս պահանջից բացի «Օնիրա քլաբ»-ին փոխհատուցման այլ պահանջներ իրենք չունեն, «Շանգրի լա»-ն վերաբացվել է ու այժմ աշխատում է, ունի մի քանի հարյուր աշխատակիցներ։

«Օնիրա քլաբ»-ը երկար ընդմիջումից հետո նորից հայտնվել է 1 000 խոշոր հարկատուների ցանկում։ Ըստ ՊԵԿ հրապարակած այս տարվա 9 ամիսների տվյալների՝ «Օնիրա քլաբ»-ը բյուջեի է վճարել մոտ 6 միլիարդ դրամի հարկեր։

Մեկնաբանել