Հարությունյանը Արցախի անվտանգությունը միջազգային երաշխիքներով լրացնելու անհրաժեշտություն է տեսնում

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հարցազրույց է տվել «Ֆրանս 24» հեռուստաընկերությանը, հայտնում է «Արցախպրեսը»։

«Այսօր խաղաղությունը երաշխավորում է 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Արցախոմ տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելությունը, որի մանդատը մինչև 2025 թվականն է, սակայն անհրաժեշտություն կա այն լրացնել միջազգային երաշխիքներով՝ նկատի ունենալով, որ ինքնորոշման իրավունքը և անկախությունը Ղարաբաղի ժողովրդի անվտանգության միակ երաշխիքն են»,- ասել է Արցախի նախագահը։

Հարությունյանը նշել է, որ Արցախի իշխանությունների առաջնային խնդիրը 40 000 փախստականների կեցության, կյանքի և աշխատանքի համար պայմաններ ստեղծելն է, սակայն Ադրբեջանն ամեն կերպ խոչընդոտում է դրան։ Իբրև ապացույց նա մատնանշել է ամեն օր հրադադարի խախտման դեպքերը և Լաչինի միջանցքում վերջին միջադեպը։

Արայիկ Հարությունյանը նախ շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի ԱԺ-ին միաձայն քվեարկության համար։ 2020-ի պատերազմից հետո Ֆրանսիայի օրենսդիր իշխանությունները չորս բանաձև են ընդունել Արցախի անկախության ճանաչման պահանջով։

Արցախի նախագահը այցի ընթացքում նաև հանդիպումներ է ունեցել ֆրանսիական քաղաքական շրջանակների հետ․ «Անշուշտ, ցավում եմ, որ Ֆրանսիայի գործադիր իշխանությունը, նախագահը չեն ընդունել, դա մեկ քայլառաջ կլիներ։ Բայց հույս ունեմ, որ ապագայում նման հանդիպում կկազմակերպվի՝ մեզ օգնելու համար»,- նշել է նա։

Բանակցություններին Արցախի մասնակցության վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Հարությունյանն ափսոսանք է հայտնել, որ ոչ մեկն Արցախի հետ չի բանակցում. «Ադրբեջանը մերժում է մեզ հետ որևէ բանակցություն։ Ադրբեջանական իշխանությունների հետ շփումներ ունենք սոցիալական, հումանիտար հարցերի շուրջ, բայց ոչ երբեք՝ կարգավիճակի կամ ապագայի վերաբերյալ։ Ցավում եմ նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև էլ միջազգային մակարդակով բանակցություններ չկան Արցախի շուրջ»։

Լրագրողը հետաքրքրվել է՝ արդյոք Արցախը համաձայն կլինի ինքնավարության Ադրբեջանի կազմում։ Արայիկ Հարությունյանն ասել է, որ Արցախի ժողովուրդը ԽՍՀՄ փլուզման ժամանակ կատարել է իր ընտրությունը՝ դա անկախությունն է, և այդ իրավունքն ամրագրված է Արցախի Սահմանադրությամբ․ «Արցախն ապագա չունի Ադրբեջանի կազմում, մենք պատրաստ ենք նորմալ հարևանության, սակայն անկախության կարգավիճակը բանակցության առարկա չէ»,- ընդգծել է նա։

Մեկնաբանել