Արցախում ընդհատվել է ինտերնետ կապի մատակարարումը

Տեսարան Ստեփանակերտից

Արցախում ընդհատվել է ինտերնետ կապի մատակարարումը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի տեղեկատվական շտաբից՝ նշելով, որ ինտերնետի մատակարարումը խափանվել է մալուխի վնասվելու պատճառով։

Ըստ ինտերնետ կապի օպերատորի՝ մալուխը վնասվել է Լաչինի միջանցքի հենց այն հատվածում, որտեղ տեղակայվել են ադրբեջանցի «բնապահպանները»։

Ավելի վաղ՝ հունվարի 9-ին, Աղավնո-Բերձոր հատվածում վթար էր արձանագրվել Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծում։ Քանի որ Հայաստանից Արցախ էլեկտրաէներգիայի մատակարարումը խափանվել է, իսկ Արցախի էներգետիկ հզորությունները չեն բավարարում ներքին պահանջարկը լրացնելու համար, Արցախում էլեկտրաէներգիայի մատակարարումը իրականացվում է հովհարային անջատումներով:

Դեկտեմբերի 12-ին` ժամը 10:30-ին, մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ադրբեջանցի «բնապահպան-ակտիվիստները» «բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։ Արդեն մեկ ամիս է՝ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։

Մեկնաբանել