Ադրբեջանից Հայաստան 211 մլն դոլար չի փոխանցվել

Հովհաննես Նազարեթյան, #CivilNetCheck

Դեռ 2021-ի տարեսկզբից շրջանառվում էր տեղեկություն, իբր 2018-ին Ադրբեջանից Հայաստան է փոխանցվել 211 մլն դոլար։ Չնայած այս տեղեկությունն արդեն հերքվել է, այն պարբերաբար շրջանառվում է որոշ լրատվականներով և ներկայացվում որպես փաստ։

Այդ թիվը վերցված է Համաշխարհային բանկի (ՀԲ) 2018-ին վերաբերող աշխարհի երկրների միջև դրամական փոխանցումների (տրանսֆերտների) մասին զեկույցից։ Այսպես, ըստ ՀԲ-ի զեկույցների` 2018-ին Ադրբեջանից Հայաստան է փոխանցվել 211 մլն դոլար, իսկ 2017-ին՝ 7 մլն դոլար։

Այս տեղեկությունն առաջին անգամ շրջանառություն մեջ էր դրել Թերեզա Մխիթարյան անունով ֆեյսբուքյան օգտատերը 2021-ի հունվարին։ Այս տեղեկությունը տարածվել էր որպես «հողերը ծախելու» թեզի ապացույց։

Պարզաբանում

ՀԲ-ի 2018-ի վերոնշյալ զեկույցի վերջնամասում հստած նշված է, որ տվյալները հիմնված են ոչ թե պաշտոնապես հրապարակված տվյալների, այլ «վերլուծական հաշվարկներ են՝ հիմնված տրամաբանական ենթադրությունների վրա»։

Թեմային դեռ 2021-ի փետրվարին անդրադարձել էր «Փաստերի ստուգման հարթակը» (Fip.am), որը ՀՀ Կենտրոնական բանկից տեղեկացել էր, որ հաշվարկն արել են ոչ թե փաստացի կատարված փոխանցումների տվյալների հիման վրա, այլ ՀԲ փորձագետների ենթադրությունների վրա, որոնք, իրենց հերթին, հիմնված են միգրանտների քանակների և վերջիններիս եկամուտների վերաբերյալ առկա տվյալների վրա։ Այսպես, ըստ ՀԲ-ի տվյալների՝ Հայաստանում կա Ադրբեջանից եկած 87 000 միգրանտ, իսկ Ադրբեջանում՝ Հայաստանից գնացած 146 000 միգրանտ։ Վերջիններս, սակայն, հանդիսանում են տեղափոխվածներ, այլ ոչ թե փոխանցում ստացող կամ իրականացնող ֆիզիկական անձինք։ Այս անձինք հիմնականում ղարաբաղյան համակարմտության սկզբից՝ 1988-ից սկսած հեռացածներն են։

«Ելնելով միգրանտների թվաքանակից և եկամուտների ու ծախսերի գնահատականներից՝ ՀԲ փորձագետների կողմից եզրակացություն է արվում, որ բոլոր միգրանտները փոխանցումներ են իրականացնում իրենց մայր երկիր, ինչը ՀՀ դեպքում սխալ է (քանի որ ՀՀ-ում և Ադրբեջանում միգրանտ են հանդիսանում տեղափոխվածները)»,- Fip.am-ին ասել էին ԿԲ-ից։

Հետագա տարածում

Հետագա ամիսներին հարցն Ազգային ժողովում անգամ բարձրաձայնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը։ 2021-ի մարտի 23-ի նիստում նա հայտարարել էր, որ Կենտրոնական բանկից (ԿԲ) պարզաբանում է ստացել տվյալների մասին, որը բովանդակությամբ նույնն է, ինչ Fip.am-ին ուղղված պատասխանը, որը ներկայացված է վերևում։

Եղիազարյանը, սակայն, դա ընդունելի պատասխան չէր համարել, քանի որ 2017-ի համեմատ՝ Ադրբեջանից Հայաստան դրամային փոխանցումները, ըստ ՀԲ-ի զեկույցի, կազմել էին 30 անգամ պակաս՝ ընդամենը 7 միլիոն դոլար։ «…Եթե հենվենք իրենց տրամաբանության վրա, ապա այդ թվերը միշտ պետք է լինեն նույնը՝ հաշվի առնելով, որ հաշվարկի բազային արժեքներն անփոփոխ թվեր են…»,-հայտարարել էր Եղիազարյան։

Խաչատրյանը նաև ներկայացրել էր ՀԲ-ից իրեն ուղղարկած պարզաբանումից հատված. «Երկկողմ դրամական փոխանցումների հոսքերը գնահատվում են՝ օգտվելով երկկողմ միգրացիայի վերաբերյալ ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական գործերի վարչության հրապարակած տվյալներից, որոնք էլ իրենց հերթին հիմնված են մարդահամարի տվյալների և կանխատեսումների վրա»:

Խաչատրյանը նկատել էր, որ ամեն դեպքում չպարզաբանված է մնում Ադրբեջանից Հայաստան փոխանցումների շեշտակի՝ 30 անգամ աճը 2017 և 2018 թվականներին։

Եղիազարյանը նաև կարծիք էր հայտնել, որ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) պետք է պարզի մանրամասները։ Արդեն ապրիլի 13-ին նա հրապարակեց ԱԱԾ-ի պատասխանը, որում ասվում է, որ ԱԱԾ-ն՝ «օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների իրականացման ընթացքում, Ադրբեջանից Հայաստան 211 միլիոն ԱՄՆ դոլարի փոխանցման վերաբերյալ տվյալներ չի ստացել»։

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը կապ էր հաստատել Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի արտաքին կապերի ավագ պատասխանատու Վիգեն Սարգսյանի հետ։ Վերջինիս խոսքով՝ ՀԲ-ն ի սկզբանե պարզաբանել է, որ դա ընդամենը մոդելային հաշվարկումներ է և ոչ ավելին։

«Համաշխարհային բանկը հիմնվում է միայն Կենտրոնական բանկի կողմից տրված հստակ գումարային պատկերների վրա, բայց այդպիսի մոդել էր ստեղծվել, որը, ցավոք սրտի, մեր իրողությունը չէր հաշվարկել, և ես ինքս կողմ էի, որ դա չլինի ու հեռացվի ՀԲ-ի կայքից, ինչը և տեղի է ունեցել։ Այսինքն՝ այդ մոդելային հաշվարկը որևէ կերպ իրականությանը չէր կարող համապատասխանել»,- պարզաբանում է Սարգսյանը։

Ըստ նրա՝ տվյալների տարբերությունը 2017-ի և 2018-ի միջև պայմանավորված էր մոդելավորման մեխանիզմների փոփոխության հետ։

Այսպիսով, տարածվող տվյալները ընդամենը հաշվարկներ են միգրանտների թվաքանակի հիման վրա, որոնք Հայաստանի և Ադրբեջանի դեպքում ուղղակի փախստականներ և տեղափոխվածներ են, այլ ոչ թե տնտեսական միգրանտներ։

Մեկնաբանել