Արցախի բնակիչը 44-օրյայի ժամանակ տրակտորը թաքցրել է Էջմիածնում, հետո 5 մլն դրամ փոխհատուցում ստացել

Արցախի բնակիչը 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից վարձակալած տրակտորը Քաշաթաղից տարել, թաքցրել է էջմիածնում, հետո հայտարարել է, որ այն մնացել է թշնամու մոտ և 5 մլն դրամ փոխհատուցում է ստացել։ Այս մասին հայտնում է Արցախի դատախազությունը։

«Պարզվել է, որ 2017-ի փետրվարի 23-ին կնքված ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրի հիման վրա Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի կողմից քաղաքացի Ռ.Գ.-ի տիրապետմանը փոխանցված Agrotron-180 4WD E2 մակնիշի անիվավոր տրակտորը 2020-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Քաշաթաղի շրջանի Միջնավան համայնքից գաղտնի և հափշտակելու նպատակով տեղափոխվել էր Սյունիքի մարզ, իսկ այնուհետև Արմավիրի մարզի քաղաք Էջմիածին, որից հետո Ռ.Գ-ն Արցախի կառավարության աջակցությունից օգտվելու նպատակով պետական մարմին է ներկայացրել տեղեկություններ այն մասին, որ տրակտորը մնացել է Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքում՝ դրա դիմաց ստանալով 5 մլն դրամի չափով աջակցություն, ինչպես նաև 12 մլն դրամի չափով մուրհակ»,- ասված է հաղորդագրությունում։

Դատախազությունից նշում են, որ Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը զրկվել է սեփականության իրավունքով ձեռք բերած՝ 17 մլն դրամ արժողությամբ տրակտորը տնօրինելու, տիրապետելու իրավունքից:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, իրականացվում է հետաքննություն:

Նշվում է, որ տրակտորը հայտնաբերվել է Էջմիածին քաղաքում:

Մեկնաբանել