Ինչո՞ւ մենք՝ հայ գիտնականներս, չենք կարող նման դեր ստանձնել Հայաստանի անվտանգության հարցերում

Բոլորս լսել ենք «աստղային պատերազմների» մասին: Այս անվանումը կապված է Լուկասի հանրահայտ սիքվելի և դրանց հերոսների` Անակին Սկայվոքերի, Հան Սոլոյի և տարատեսակ ջեդայների հետ:

Բայց այս անվանումը դարձել է նաև ծաղրական արտահայտություն՝ կապված ԱՄՆ-ի տխրահռչակ հակահրթիռային ծրագրի հետ, որի նպատակն էր ձևավորել բալիստիկ հակահրթիռային պաշտպանություն (Ballistic Missile Defence):

Հակահրթիռային պաշտպանության գաղափարը մոտավորապես հետևյալն է: Միջուկային պատերազմի դեպքում հակամարտող կողմերը իրար վրա են արձակում ռազմավարական բալիստիկ հրթիռներ՝ զինված միջուկային մարտագլխիկներով:

Դեռ 1980-ականներին ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանն առաջարկեց ձևավորել լայնածավալ մի համակարգ, որը կկարողանար խոցել ԱՄՆ-ի դեմ արձակված խորհրդային բալիստիկ հրթիռները: Սա ենթադրում էր ծովային, ցամաքային և տիեզերական հարթակներից աշխատող հրթիռային և լազերային միջոցներ, որոնք պետք է խոցեին բալիստիկ հրթիռը նրա սզբնական փուլում (boost phase) կամ էլ միջանկյալ փուլում (որը կատարվում է բաց տիեզերքում): Առաջարկներ կային նաև հրթիռը խոցելու արդեն վերջնական փուլում:

Սա չափազանց բարդ խնդիր է․ դա նշանակում է հազարավոր կիլոմետրերի հեռավորությունից ընդամենը մեկ-երկու մետր չափի թիրախի խոցում: Վերջնական փուլը հատկապես բարդ է, որովհետև այդ փուլում մարտագլխիկից բացի՝ թիրախի վրա է շարժվում տարբեր առարկաների (հրթիռի միջանկյալ աստիճանի կտորները) մի ամբողջ խաժամուժ: Դրանք իրարից շատ դժվար է տարբերել, և հետևաբար շատ դժվար է հասկանալ, թե դրանցից որ մեկն է իսկական մարտագլխիկը: Ամեն ինչ է՛լ ավելի է բարդանում, երբ թշնամին գործածում է տարբեր խաբկանքներ:

Ռեյգանի «աստղային պատերազմների» ծրագրերը տապալվեցին տեխնիկական անպատրաստության պատճառով:

Նման ծրագիր մեկնարկեց նաև Ջորջ Բուշ Ավագի օրոք` 2000-ական թվականներին, որը նույնպես ձախողվեց:

Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ը նմնանատիպ ծրագրերի վրա ծախսել է հարյուր միլիարդավոր դոլարներ՝ հիմնականում ստեղծելով համակարգեր, որոնք իրական պատերազմի դեպքում շատ բան չեն փոխի: Դրանց շրջանցելը շատ ավելի էժան կլինի, քան այդ համակարգի գինն է:

Բայց երկիրը միջուկային հարվածից զերծ պահելու միտքը չափազանց գայթակղիչ է: Եվ քաղաքական գործիչները մեկը մյուսի հետևից փորձում են հասնել այս ոսկե գեղմին՝ դրա վրա ծախսելով տասնյակ միլիարդներ՝ թեև գիտնականները նրանց զգուշացնում են, որ այս փորձերը ոչ միայն տեխնիկապես անհույս են, այլև կարող են ունենալ (և ունեն) ապակայունացնող մեծ ազդեցություն, քանի որ հակառակորդը սկսում է անհանգստանալ համակարգի հնարավոր արդյունավետության մասին, ստիպված է լինում մեծացնել իր միջուկային զինանոցը, ինչը և անում է, օրինակ, Չինաստանը:

2000 թվականին, երբ Ջորջ Բուշ Ավագը ձեռնարկում եր «աստղային պատերազմի» իր ծրագիրը, Ֆիզիկայի ամերիկյան ընկերակցությունը (American Physical Society, համառոտ` APS) ստեղծեց ֆիզիկոսներից բաղկացած մի խորհրդատու հանձնաժողով (advisory committee), որի առաքելությունն էր ուսումնասիրել նման համակարգի տեխինկական-գիտական հիմքը: Նրանք ցանկանում էին հասկանալ` իմաստ ունի՞ արդյոք գնալ այս ուղղությամբ, թե՞ դա գումարի անիմաստ ծախս է, ինչը անտեղի սադրում է Ռուսաստանին և Չինաստանին:

Ահա այստեղ կարող եք կարդալ այս հանձնաժողովի նկարագրությունն ու նրա առաքելությունը:

Մի քանի կարևոր նկատառումներ կապված զեկույցի որոշ մասերի հետ.

«Տեխնիկական կարևոր խնդիրներին կարելի է մոտենալ՝ գործածելով ֆիզիկայի սկզբունքներ։ […[ Չնայած գաղտնազերծ (unclassified) ուսումնասիրության եզրակացությունները կարող են քննադատության արժանանալ՝ որպես թերի տեղեկությունների վրա հիմնված՝ Հանձնաժողովը համարում է, որ ուսումնասիրությունը բարձր արժանահավատություն կունենա, քանի որ ամենակարևոր խնդիրները կարելի է լուծել` գործածելով ֆիզիկայի հիմնական սկզբունքներ»:

Սա մոտավորապես արտացոլում է այն, ինչը ես փորձում էի բացատրել իմ նախորդ երկու սյունակներում, որ որոշ դեպքերում, հենվելով բաց տեղեկությունների վրա, կարելի է հասնել կարևոր եզրակացությունների՝ կապված ռազմավարական խնդիների հետ:

Ոչխարն այնուամենայնիվ սև չէր․ ադրբեջանական ԱԹՍ-ների վնասի էմպիրիկ հաշվարկ
Ինչո՞ւ հայկական բանակը հակաօդային OSA համակարգեր գնելիս չի կատարել պարզ հաշվարկներ

Հաձնաժողովի բոլոր անդամները ֆիզիկոսներ են: Նրանցից ոչ ոք ռազմական մասնագետ չէ: Բայց որքանով հարկավոր չէ զինվոր լինել հրետանային արկի ուղեծիրը հաշվելու համար, այնքանով էլ հարկավոր չէ ռազմական մասնագետ լինել հասկանալու այն տեխնոլոգիաները,- նաև՝ դրանց կարողություններն ու թերությունները,- որոնք գործածվում են հակահրթիռային համակարգում:

«Տեխնիկական կարևոր խնդիներ կան, որոնք կարող են բավարար կերպով դիտարկվել APS-ի ուսումասիրության միջոցով: Այս ուսումնասիրության արդյունքները կարող են մեծ կշիռ ունենալ` հասարակությանը հակահրթիռային պաշտպանության տարբեր խնդիրների մասին իրազեկելու գործում»,- նշում էր զեկույցը:

Այս նախադասությունը շատ բան է ասում այն մասին, թե ինչպես են ամերիկացի ֆիզիկոսները դիտարկում իրենց դերը հասարակության իրազեկման և հայրենիքի անվտանգության գործում:

«Սկզբնական փուլի խոցման խնդիրների հետ կապված Էական հարցեր կան, որոնց մանրակրկիտ ֆիզիկական ուսումնասիրությունը ամենայն հավանականությամբ կբերի կարևոր եզրակացությունների: Հետևաբար, նման ուսումնասիրությունը APS-ի կողմից տեղին է և պատեհ»,- կարդում ենք զեկույցում։ Այն նաև նշում է, որ

սկզբնական փուլի խոցման հետ կապված ուսումնասիրությունը պետք է լինի գաղտնազերծ։

Հաջորդ պարբերությունը թվարկում է մի շարք պատճառներ, թե ինչու է սա հնարավոր (համառոտ՝ քանի որ մեծ քանակությամբ տեղեկություն հասանելի է գիտական բաց գրականության մեջ) և ինչու է շատ կարևոր:

Իսկ ինչո՞ւ մենք՝ հայ գիտնականներս, չենք կարող նման դեր ստանձնել Հայաստանի անվտանգության հարցերում

Ես կուզեի, որ մեր գիտնականները կարդան սա, ու իրենք իրենց հարց տան՝ իսկ ինչո՞ւ մենք՝ հայ գիտնականներս, չենք կարող նման դեր ստանձնել Հայաստանի անվտանգության հարցերում:

Ես իսկապես հավատում եմ, որ գիտնականները շատ բան կարող են անել` նմանատիպ ռազմական և ռազմավարական հարցերում, որտեղ շատ հաճախ պահանջվում է մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինժեներիայի իմացություն:

Վերջապես, ես կուզեի անդրադառնալ քննադատությանը, թե «ախր ասողին լսող է պետք»: Այո՛, ես շատ եմ լսել գանգատներ, որ կառավարությունը համառորեն հրաժարվում է լսել մասնագետների կարծիքը: Սակայն, ահավասիկ, APS-ը պետական կառույց չէ: APS-ը ամերիկացի ֆիզիկոսների համայնքի գիտական միություն է, որի ամբողջ բյուջեն գալիս է նվիրատվություններից և անդամավճարներից:

Իսկ ո՞րն է վերոհիշյալ ուսումնասիրության իմաստը: Ուսումնասիրության իմաստն այն է, որ հասարակությանը պետք է բացատրել, թե ինչպես է աշխատում հակահրթիռային պաշտպանությունն ու որոնք են դրա կարողություններն ու թերությունները: Դրա հիմքի վրա հասարակությունը (այն է՝ քաղաքագետները, լրագրողները, ընդդիմադիր քաղաքական գործիչները) կարող են ճնշում գործադրել կառավարության վրա, որ այն զուր չվատնի հերթական միլիարդները:

Պատկերացրե՛ք, որ 2016-ին Հայաստանի գիտությունների ակադեմիան կազմակերպեր նման հանձնաժողով: Ու պատկերացրե՛ք, որ այդ հանձնաժողովը զեկույց հրապարակեր՝ վերնագրված` «ԱԹՍ-ները մեծ սպառնալիք են հայկական զինված ուժերի համար»: Պատկերացրե՛ք, որ զեկույցում նկարագրվեր, թե ինչպես են հակառակորդի «Հարոպները» օրերի ընթացքում չեզոքացնելու հայկական ՀՕՊ-ը:

Կառավարությունն արդյոք կկարողանա՞ր դա անտեսել: Եթե ամեն հավաքում, ամեն հանդիպման ժամանակ, ամեն լրագրող ու ընդիմադիր կառավարությանը հարցներ` «դուք ասում եք, որ մենք ամենամարտունակն ենք, մինչդեռ գիտնականներն ասում են, որ մենք պատերազմի դեպքում այս ու այն խնդիրներն ենք ունենալու… ի՞նչ եք անում այս կապակցությամբ»․․․ կառավարությունն այդ դեպքում կկարողանա՞ր անտեսել դա: Խիստ կասկածում եմ: Գուցե այդ ճնշումը ստիպեր նրան կտրվել «ամենամարտունակի» դիցաբանությունից ու ինչ-որ իրական բան անել` ադրբեջանական սպառնալիքի չեզոքացման ուղղությամբ:

Արեգ Դանագուլյանը ֆիզիկոս է, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) պրոֆեսոր։

Մեկնաբանել