ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել վրացի բարձրաստիճան դատավորների նկատմամբ 

Ժամացույցի սլաքի ուղղությամբ ձախ վերևից՝ Լևան Մուրուսիձեն, Միխեիլ Չինչլաձեն, Իրակլի Շենգելիան և Վալերի Ցերցավաձեն։

Շոթա Կինչա, OC Media

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել երեք գործող և մեկ նախկին դատավորի նկատմամբ, որոնք, ըստ ամենայնի, Վրաստանի դատական համակարգում իշխող կուսակցության հետ կապ ունեցող «կլանի» անդամներ են։

Չորեքշաբթի ԱՄՆ Պետդեպարտամենտը դատավորներ Միխեիլ Չինչալաձեին, Լևան Մուրուսիձեին և Իրակլի Շենգելիային և նախկին դատավոր Վալերիան Ցերցվաձեին մեղադրել է «շոշափելի կոռուպցիայի մեջ ներգրավվածության» և «օրենքի գերակայությունը տապալելու» մեջ։ Վրաստանի չորս քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների մուտքն ԱՄՆ արգելվել է։

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հանդուգն է արձագանքել այդ հայտարարությանը` ԱՄՆ-ին մեղադրելով կոռուպցիայի մեջ և սպառնալով հրապարակել ԱՄՆ պաշտոնյաների հետ մասնավոր զրույցների մանրամասները: Պատժամիջոցների ենթարկված չորս անձինք նախկինում մեղադրվել են իշխող «Վրացական երազանք» կուսակցության հետ սերտ դաշնակցելու և որպես Վրաստանի Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամ իրենց դիրքերը չարաշահելու մեջ:

Վրաստանի Արդարադատության բարձրագույն խորհուրդը, որը դատական համակարգի վերահսկողության անկախ մարմին է, ներքին մեծ քննադատության է արժանացել։ Քննադատները պնդում են, որ այն ղեկավարում է կառավարության հետ դաշնակից դատավորների «կլանը» և միտումնավոր է դադարեցրել դատաիրավական բարեփոխումները:

Ի պատասխան այդ քննադատության՝ 2021-ին Արդարադատության բարձրագույն խորհուրդը ԱՄՆ-ին և ԵՄ-ին մեղադրեց Վրաստանի դատական անկախությանը միջամտելու մեջ։ Չինչալաձեն և Մուրուսիձեն՝ երկուսն էլ ցմահ պաշտոնավարման մանդատ ունեին Վրաստանի Վերաքննիչ դատարանում, որ ստացել են «Վրացական երազանք» իշխանության օրոք․ Չինչալաձեն խորհրդի նախագահի պաշտոնում փոխարինել է Ցերցվաձեին անցյալ ամառ, իսկ Շենգելիան դարձել է նրա տեղակալը: Ե՛վ Չինչալաձեին, և՛ Մուրուսիձեին մեղադրել են անհայտ ծագման չբացահայտված հարստություն ունենալու մեջ։

«Վրացական երազանքի» ենթադրյալ դավադրությունը Արդարադատության բարձրագույն խորհրդի կլանի հետ թանկ է նստել իշխող կուսակցության վրա, որը իշխանության էր եկել քաղաքական ուղղորդում ունեցող դատական որոշումների պրակտիկան վերացնելու խոստումով: Տեղական դիտորդական կազմակերպությունները, ինչպես նախկինում՝ իշխող կուսակցության անդամները, վաղուց զգուշացնում էին կլանի առկայության մասին, որը սկիզբ է առել «Միացյալ ազգային շարժման» օրոք՝ նախկին իշխանություններից:

2018-ին մի շարք պատգամավորներ, այդ թվում՝ կուսակցության հիմնադիրներից մեկը՝ Էկա Բեսելիան, լքեցին կուսակցությունը ի նշան կառավարության և «կլանի» միջև սերտ կապերի դեմ բողոքի։ Դրանից կարճ ժամանակ անց՝ 2019-ի սկզբին, կուսակցությունը կորցրեց իր սահմանադրական մեծամասնությունը։

Պետդեպարտամենտի հայտարարության մեջ նշվում է, որ պատժամիջոցների ենթարկվածները «չարաշահել են իրենց պաշտոնը որպես դատարանների նախագահ և Վրաստանի արդարադատության բարձրագույն խորհրդի անդամներ», ինչը խարխլել է «օրենքի գերակայությունը և հասարակության հավատը Վրաստանի դատական համակարգի նկատմամբ»։ 2022-ի հունիսին ԵՄ-ին առաջարկելով մերժել Վրաստանի անդամակցության թեկնածուի կարգավիճակը՝ Եվրահանձնաժողովը Վրաստանի իշխանություններին կոչ արեց «ապահովել լիովին և իսկապես անկախ, հաշվետու և անաչառ դատական համակարգ» և «իշխանությունների տարանջատում»:

Եվրահանձնաժողովի հայտարարությունում նշվում էր, որ Վրաստանը պետք է «ձեռնարկի Արդարադատության բարձրագույն խորհրդի հիմնարար բարեփոխում», և որ դատական համակարգը պետք է «լիովին համապատասխանի եվրոպական չափանիշներին և Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններին»։ Դատական բարեփոխումները հիմնական «առաջնահերթություններից» են, որոնք ԵՄ-ն սահմանել է Վրաստանի համար, որպեսզի այս տարվա վերջին վերանայվի երկրի անդամակցության թեկնածությունը:

«Կոռուպցիայի մեջ Բլինքենին են ներքաշել»

Հայտարարությունից մի քանի ժամ անց իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը պաշտպանեց պատժամիջոցների ենթարկված դատավորներին, իսկ կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ որոշումը պայմանավորված է ապատեղեկատվությամբ և կոռուպցիայով:

«[ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի] հայտարարության հետևում կան կոռուպցիոն գործընթացներ»,- չորեքշաբթի երեկոյան ասել է Կոբախիձեն՝ ելույթ ունենալով կառավարամետ «Իմեդի» հեռուստաալիքի եթերում։

««Կոռուպցիա» ասելով՝ ես միայն փողը նկատի չունեմ,- նշել է Կոբախիձեն։- Հատկապես տագնապալի է, որ դրանում նրանք ներքաշել են պետքարտուղար Բլինքենին՝ հրապարակելով այսպիսի հայտարարություն, ինչը շատ վատ է։ Դա վատ է խոսում այն անձանց մասին, որոնք նման տեղեկատվություն են փոխանցում պետքարտուղարին»:

Կոբախիձեն ԱՄՆ-ին մեղադրել է Վրաստանի «անկախ դատարանին» միջամտելու մեջ և սպառնացել ԱՄՆ-ի հետ զանգերի տեղեկությունները հրապարակել: «Մենք բազմաթիվ թեմաներ ունենք, այդ թվում՝ ինչ էին մեզնից պահանջում հեռախոսազրույցներում,- ասել է Կոբախիձեն։- Ուստի ես ուզում եմ բոլորին կոչ անել հնազանդվել կանոններին և խաղալ ըստ դրանց»:

Թեև նա չի հստակեցրել, թե ինչ «պահանջներ» է ներկայացրել ԱՄՆ-ը, և՛ «Վրացական երազանքը», և՛ «Ժողովրդական իշխանությունը» հաճախ են պնդում, որ կա Արևմուտքի դավադրություն՝ Վրաստանին Ռուսաստանի հետ պատերազմի մեջ ներգրավելու համար: Կրեմլը նույն կերպ մեղադրել է «կոլեկտիվ Արևմուտքին»՝ Վրաստանին պատերազմի մեջ ներքաշելու փորձի մեջ, ինչը կրկնել է Ռուսաստանի ԱԳՆ-ն ապրիլի 6-ին։

Երկու խմբերն էլ հաճախ են քննադատել ինչպես ԱՄՆ-ին, այնպես էլ Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանին: Այս հռետորաբանությունը սրվեց 2022-ի հուլիսին այն բանից հետո, երբ Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Լաշա Չխիկվաձեն ԱՄՆ դեսպանատանը մեղադրեց իր և վրացական արդարադատության վրա ճնշում գործադրելու մեջ՝ նրան հեռացնելով ԱՄՆ ճանաչողական այցից։ Պետդեպարտամենտն արձագանքեց՝ դատապարտելով դեսպան Քելի Դեգնանի վրա «անձնական հարձակումները»։

Մեկնաբանել