Խաղաղությունը հնարավոր է, եթե արձանագրենք, որ ՀՀ ենք ճանաչում 29 800 քկմ տարածքը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ խաղաղությունը հնարավոր է, եթե Հայաստանն իր բոլոր միջազգային հարաբերություններում հստակ արձանագրի, որ Հայաստանի Հանրապետություն է ճանաչում 29 հազար 800 քկմ տարածքը։

«Խաղաղությունը հնարավոր է, եթե մենք մեր բոլոր միջազգային հարաբերություններում ոչ միայն այսօրվա, այլ նաև ապագայի համար հստակ արձանագրենք, որ ՀՀ ենք ճանաչում 29 հազար 800 քկմ տարածք, ավելի կոնկրետ՝ հայկական ԽՍՀ տարածքը, որում մենք 1991-ին անկախություն ենք ստացել: Եվ մենք որևէ այլ երկրներից որևէ տարածքային պահանջ ոչ միայն չունենք, այլ նաև չենք ունենալու երբևէ։ Եթե այդ միտքը չարձանագրենք, չդարձնենք հանրության սոցիալ-հոգեբանություն, ոչ ոք թույլ չի տալու Հայաստանին զարգանալ, քանի որ ոչ ոք չի համակերպվի այն մտքի հետ, որ ՀՀ-ն զարգանում, ուժեղանում է: Ավելին՝ տվյալ պարագայում ոչ միայն մեր զարգացումը թույլ չտալն է լինելու ուրիշների օրակարգի խնդիր, այլ մեր առնվազն պետության գոյությունը թույլ չտալն է դառնալու ուրիշների օրակարգի խնդիր: Եվ այս իրավիճակում մեզ ոչ ոք չի օգնելու»,- ապրիլի 18-ին ԱԺ-ում կառավարության 2022-ի ծրագրի կատարողականի զեկույցի ներկայացման ժամանակ ասաց Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ նպատակը պետք է լինի տարածաշրջանային միջավայրի հետ ներդաշնակ ու խաղաղ ապրելը։ Նա ընդգծեց, որ դա որևէ կերպ չի նշանակում մոռանալ ՀՀ պատմությունը, այլ նշանակում է փոխել պատմության ընկալման դիտանկյունը, սոցիալ-հոգեբանական ընկալումը:

Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունը կարող է դառնալ կոնսենսուս Արևմուտքի ու Ռուսաստանի միջև:

«44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանն էյֆորիայի մեջ է և մտածում է վերցնել հնարավորինս շատ բան, իսկ, եթե հնարավոր է, ապա վերցնել ամեն ինչ: Եվ նրա այս ընկալումն ավելի է բորբոքվում միջազգային իրադրությամբ: Ըստ էության, Ադրբեջանն ուղղակի կամ անուղղակի դարձել է էներգետիկ և լոգիստիկ խաչմերուկ ու նրա կարևորությունը թե Ռուսաստանի, թե որոշ արևմտյան երկրների համար մեծացել է: Բայց այս իրավիճակը և ռիսկեր, և հնարավորություններ ունի։ Տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունը կարող է դառնալ կոնսենսուս Արևմուտքի ու Ռուսաստանի միջև: Որովհետև, եթե մեր տարածաշրջանը նորից պայթի, առնվազն էներգետիկ առումով դա կարող է խնդիր դառնալ թե Ռուսաստանի, թե Արևմուտքի համար՝ էներգետիկայից բխող այլ հետևանքներով»,- նշեց նա:

Մեկնաբանել