Պղնձամոլիբդենայինի պահնորդին սպանել է սահմանը հատած ադրբեջանցին, նշում է ՔՊ-ական պատգամավորը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը վստահեցնում է, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 57-ամյա պահնորդին սպանել է Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը։

«Ես հիմա հաստատում եմ` կոմբինատի պահնորդին ադրբեջանցի զինվորն է սպանել»,– ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ղահրամանյանը։

Դիտարկմանը, որ իրավապահները նշում են սպանությունը ադրբեջանցու կողմից կատարված լինելու վերաբերյալ ապացույցների բացակայության մասին․ «Չկան ապացույցներ, կլինեն։ Իսկ եթե չկան՝ իրենց թերացումն է»։

***

Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ապրիլի 10-ին ՀՀ տարածքում ձերբակալվել էր Ադրբեջանի ԶՈւ զինծառայող։ Ապրիլի 13-ին Կապան քաղաքին հարակից Աճանան գյուղում հայտնաբերվել և ձերբակալվել էր ադրբեջանցի երկրորդ զինծառայողը։

Մինչ ադրբեջանցի երկրորդ զինծառայողի ձերբակալությունը՝ ապրիլի 12-ին, Կապանում սպանվել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդը։ Նրան սպանել են հրազենով։ Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը դեպքի վերաբերյալ գրառում է կատարել՝ նշելով, որ հանցագործությունն ադրբեջանցիների կողմից կատարված լինելու վերաբերյալ քննությամբ որևէ տվյալ չի ստացվել։

Ապրիլի 17-ին Դատախազությունը հայտնել էր, որ Հայաստանում ձերբակալված Ադրբեջանի երկու քաղաքացիների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու, պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։

Մեկնաբանել