Մոսկվան Երևանին և Բաքվին զսպվածության կոչ է անում

Երևանի և Բաքվի միջև նոր լարվածության ֆոնին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի նախատեսում շփումներ ունենալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Պուտինը նախօրեին առանձնազրույց է ունեցել Փաշինյանի հետ, որը Մոսկվայում էր։ Շփումները շարունակվում են նաև ադրբեջանական կողմի հետ։ Ռուսաստանը շարունակում է կատարել իր գործառույթները, որոնք նախատեսված են եռակողմ փաստաթղթերով։ Մենք, իհարկե, կողմերից ակնկալում ենք զսպվածություն, և կոչ ենք անում չձեռնարկել որևէ գործողություն, որը կարող է հանգեցնել լարվածության աճի։ Մենք կշարունակենք մեր շփումները Բաքվի և Երևանի հետ»,- մայիսի 11-ին լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը։

Մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը ժամը 10:25-ի դրությամբ ունի 4 վիրավոր: Վիրավոր զինծառայողներից 2-ի վիճակը գնահատվում է բավարար, 2-ինը՝ միջին ծանրության:

Մեկնաբանել