Փաշինյանի որդու «առևանգման» գործով անձինք անցե՞լ են որպես մեղադրյալներ

Ազգուշ Մարտիրոսյանը (Գայանե Հակոբյանը) և Գարիկ Գալեյանը

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Աշոտ Փաշինյանի «առևանգման» գործով անցնող ամենաակտիվ երեք անձինք 2017-ի մայիսին անցել են որպես մեղադրյալներ մեկ այլ գործով՝ զորամաս ներխուժելու և գնդապետին հարվածելու քրեական գործով․ մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանի կալանավորման վերաբերյալ դատարանի որոշմանը։

Փաշինյանը նաև նշեց, որ այդ իրավապահ մարմինների կողմից այդ քրեական գործը կարճվել է՝ հաշվի առնելով որոշ հանգամանքներ, այդ թվում զոհված զինվորների ծնողներ լինելը։

Զոհված զինծառայողների ծնողները ներգրավված են եղել քրեական գործում

Փաշինյանի պնդումը, որ երեք անձինք ներգրավված են եղել որպես մեղադրյալներ զորամաս ներխուժելու և բարձրաստիճան սպայի նկատմամբ բռնություն գործադրելու գործով, ճիշտ է, սակայն դեպքը տեղի է ունեցել ոչ թե 2017-ին, այլ 2022-ի մայիսին։

Այսպես, Քննչական կոմիտեն 2022-ի մայիսի 18-ին հաղորդել էր, որ դրա նախորդ օրը՝ մայիսի 17-ին, մի խումբ անձինք ապօրինի «մուտք են գործել ՀՀ ՊՆ N զորամասի տարածք, չեն ենթարկվել զորամասի տարածքը լքելու՝ զորամասի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, գնդապետի օրինական պահանջին, այնուհետև հայհոյել են, քաշքշել և բռնություն գործադրել նրա նկատմամբ»։

«Հարուցվել է քրեական գործ՝ զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելու, ծանր վիրավորանք հասցնելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով»,- հայտնել էր Քննչական կոմիտեն։

Հաղորդագրությունում նշվում էր, որ պարզվել է հանցանքներ կատարած անձանցից երեքի ինքնությունը՝ Գարիկ և Արթուր Գալեյան եղբայրների, ինչպես նաև Ազգուշ Մարտիրոսյանի։ Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով ՔԿ-ն մեղադրանք էր առաջադրել Գարիկ Գալեյանին և եղբայրներին կալանավորելու միջնորդություն ներկայացրել դատարան, որը դատարանը մերժել էր։

Ազգուշ Մարտիրոսյանը, որը հայտնի է Գայանե Հակոբյան(Մարտիրոսյան) անունով ներկայում դատարանի որոշմամբ կալանավորված է վարչապետի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու կասկածանքով։

Սակայն, ինչպես Քննչական կոմիտեից հայտնեցին #CivilNetCheck-ին, զորամասում տեղի ունեցած դեպքի մասով նախորդ տարվա մայիսին հարուցված քրեական գործը կարճվել է գործուն զղջալու հիմքով։

«Նրանք չեն վիճարկել իրենց առաջադրված կամ առաջադրվելիք մեղադրանքները, ընդունել են, որ կատարել են նշված արարքները, ինչպես նաև համագործակցել են իրավապահների հետ։ Հիմք ընդունելով գործուն զղջալու հանգամանքը՝ կայացվել է նման որոշում»,- հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:

Աշոտ Փաշինյանի կողմից դիմումը հետ վերցնելը գործի կարճման հիմք չի կարող լինել

Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե հրանավո՞ր է՝ հորդորի իր որդուն հետ վերցնել առևանգման գործով ներկայացված դիմումը, բացառեց իր կողմից նման հորդորը և հայտնեց, որ Գայանե Հակոբյանի նկատմամբ քրեական գործը չի կարող կարճվել՝ իր որդու դիմումը հետ վերցնելով։

«ՀՀ-ում Քրեական օրենսգրքում կա երկու խումբ հոդվածներ. մի մասը կոչվում է հանրային հետապնդման հոդվածներ, մի մասը՝ մասնավոր հետապնդման հոդվածներ։ Մասնավոր հետապնդման են այն հոդվածները, որոնց դեպքում քրեական հետապնդումը հարուցվում է տուժողի բողոքի հիման վրա և դադարեցվում է բողոքը հետ վերցնելու պահից։ Այս հոդվածը (հոդված 191՝ մարդուն առևանգելը-խմբ.) մասնավոր հետապնդման հոդվածը չէ»,- ասաց վարչապետը։

Այսպես, Քրեական հետապնդման՝ մասնավոր կամ հանրային լինելը սահմանվում է քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածով, իսկ մասնավոր քրեական հետապնդման ենթակա հանցանքները սահմանված են քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածով։

Հատված քրեական օրենսգրքից

Մարդու առևանգումը, որը քրեական նոր օրենսգրքով 191-րդ հոդվածն է, բացակայում է մասնավոր քրեական հետապնդման ենթակա հանցանքների ցանկում, այսինքն՝ Գայանե Հակոբյանի նկատմամբ հարուցված քրեական գործը հանրային հետապնդման է։

#CivilNetCheck-ի հետ զրույցում Գայանե Հակոբյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը հաստատեց, որ իր պաշտպանյալը իրոք անցնում է հանրային քրեական հետապնդմամբ, և Աշոտ Փաշինյանի կողմից բողոքը հետ վերցնելը չի կարող հիմք լինել գործը կարճելու համար։

Մեկնաբանել