«Զերծ մնալ առավելապաշտական դիրքորոշումներից»․ Շառլ Միշելը կարևորում է Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կարևորում է Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսությունը։

«Բաքվի և նախկին ԼՂԻՄ-ում (Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում) բնակվող հայերի միջև նրանց իրավունքների և անվտանգության շուրջ երկխոսությունն այժմ վճռորոշ նշանակություն ունի։ Կարևոր է զերծ մնալ առավելապաշտական դիրքորոշումներից և ձգտել երկխոսության։ Ավելի քան 30 տարվա հակամարտությունից հետո վերքերի ապաքինումը ժամանակ է պահանջում: Համարձակ որոշումներ են պետք»,- Թվիթերի իր էջում գրել է Միշելը։

Եվրոպական խորհրդի նախագահը նշում է նաև, որ անհամբերությամբ սպասում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հունիսի 1-ին Քիշնևում կայանալիք հանդիպմանը։ Ըստ նրա՝ հանդիպումը կարևոր է «միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը վերահաստատելու և սահմանազատման ուղղությամբ առաջընթացի, ինչպես նաև սահմանամերձ տարածքներում ռիսկերը նվազեցնելու համար»։

Մայիսի 28-ին Լաչինում Իլհամ Ալիևը հայտարարել է՝ «Ղարաբաղի հայերին մնում է մեկ ճանապարհ՝ աղբարկղը նետել կեղծ «պետական ատրիբուտները», լուծարել խորհրդարանը և ենթարկվել Ադրբեջանի օրենքներին»։ Ալիևը ասել է նաև, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը պետք է տեղի ունենա Ադրբեջանի պայմաններով։

Մեկնաբանել