Հայաստանում ժողովրդավարությանը սպառնացող ներքին վտանգ չկա, բոլոր վտանգներն արտաքին են․ Փաշինյան

Հայաստանում ժողովրդավարությանը սպառնացող ոչ մի ներքին վտանգ չկա, բոլոր հնարավոր վտանգներն արտաքին են։ Այդ մասին մայիսի 31-ին Ժողովրդավարության հայկական ֆորումին իր ելույթում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այդ վտանգներն, իհարկե, հանրահայտ են և բոլորին տեսանելի։ Կարևոր է, որպեսզի մենք բոլորս կարողանանք ապացուցել և պատասխանել այսօր Հայաստանում ամենաթանձր հարցին, որն առկա է հանրության շրջանում՝ արդյոք ժողովդրավարությունն ի վիճակի է նաև ապահովել անվտանգություն։ Սա հարց է, որի դրական պատասխանին մենք հավատում ենք, բայց դա դեռ պետք է ապացուցել։ Հույս ունեմ, ինչ-որ տեղ համոզված եմ, որ մենք ի վիճակի կլինենք այս հարցին դրական պատասխան տալ»,- ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է։ Նրա խոսքով՝ Հայաստանում համացանցը, մամուլը և ընտրություններն ազատ են։

«Սա չեմ ուզում ընդգծել որպես ձեռքբերում, այլ առօրեականություն։ Երբ 2018 թվականին տեղի ունեցավ ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը, և մենք ասում էինք, որ ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է, շատերը կասկածով էին վերաբերվում, որովհետև ասում էին, որ հետհեղափոխական էյֆորիայի պայմաններում կառավարությունն առանձնապես ազատությունները սահմանափակելու կարիք չունի էլ։ Բայց այն փաստը, որ ժողովրդավարության հայկական ֆորումը առաջին անգամ մեր երկրում տեղի ունեցավ 2022 և ոչ թե 2019 թվականին, խոսուն փաստ է, որովհետև երբ մենք ընդգծում էինք 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ազատ լինելը, էլի դա որոշակիորեն դրվում էր հարցականի տակ՝ իսկ ինչպիսի՞ն կլինեն ընտրություններն այլ պայմաններում»,- նշեց վարչապետը։

Վարչապետն ընդգծեց, որ այլ պայմաններում ընտրությունները նույնպես տեղի ունեցան՝ նկատի ունենալով 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որին նախորդել էր Արցախյան 44-օրյա պատերազմը։ Փաշինյանը նկատեց՝ այդ դեպքում էլ արձանագրեցին, որ այդ այլ պայմաններում ընտրություններն ամենևին էլ պակաս ազատ և ժողովրդավարական չեն։

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումները դեռ ընթացքի մեջ են, որոնք պետք է բերեն մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության, հակակոռուպցիոն քաղաքականության ավելի բարձր մակարդակի։

Մեկնաբանել