«Սարդարապատ»-ը զուգահեռել է Գուրգեն Մարգարյանի և Վահե Ավետյանի դեպքերը

«Հայաստանի Զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանին ազգային հողի վրա կացնահարելով դաժանաբար սպանած Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի կողմից Ադրբեջանին հանձնելը և ներմամբ ազատ արձակելը խորապես ցնցեց ամբողջ հայությանը:

Ոճրագործի ազատության մեջ հայտնվելու փաստը եվրոպական պետությունների հանրույթը ներկայացնող Հունգարիայի կողմից միջազգային իրավունքի ոգին, իմաստն ու նպատակները իրավունքի տառի ձևական պահպանմամբ խախտելու բնորոշ դրսևորում է: Նման քստմնելի գործարքի անդրկուլիսյան խրախուսանքը, այն քաղաքական նպատակներով օգտագործելու փորձը և ցեղասպանական կենսագրությամբ կայացած ու մարդասպանին հերոսացնող Ադրբեջանի հակաքաղաքակրթական ցինիզմի նկատմամբ երկդիմի վերաբերմունքը մեկ անգամ ևս վկայում են այն մասին, թե «առաջադեմ մարդկությունը» ինչպիսի դիրքորոշում հանդես կբերի, եթե Ադրբեջանը կացինը իջեցնի ամբողջ Հայաստանի վրա: Իր ազգային պետությունը կառուցող հայ ժողովուրդը պարտավոր է ապագայում արտաքին քաղաքականություն մշակելիս և վարելիս հաշվի առնել այս ուսանելի օրինակը:

Սակայն հայոց ազգային արժանապատվությանն ու արտաքին քաղաքական շահերին հասցված այս ծանր հարվածը հնարավոր դարձավ ոչ միայն Հունգարիայի և նրան աջակցող Եվրոպական ուժերի շահամոլական հաշվենկատության կամ ադրբեջանական կողմի նպատակասլաց ջանքերի շնորհիվ: Նույն Հունգարիան Եվրոպայի առաջին երկրին էր, որ իր տարածքում բնակվող հայերին պաշտոնապես ճանաչեց որպես ազգային փոքրամասնություն, իսկ հայոց լեզվին տվեց համապատասխան կարգավիճակ: Արտաքին քաղաքականության ոլորտում առկա ճգնաժամը բնութագրող այս ծանր պարտությունը շատ բանով պայմանավորված է վարչախմբի կողմից իր վերարտադրությունը ներքին ու արտաքին քաղաքականության հիմնական գերակայության վերածելու գործելակերպի հետևանքով առաջացած ներքին ճգնաժամով: Այդ ճգնաժամը բնութագրվում է վարչախմբի նկատմամբ ժողովրդի վստահության իսպառ բացակայությամբ, նրա ապազգային, քրեաօլիգարխիկ բնույթով, կառավարման համակարգի ռեակտիվությամբ և անարդյունավետությամբ, արդարության և մարդու արժանապատվության ու իրավունքների ոտնահարման: Նման պայմաններում պետության դեմքը փրկելուն միտված դեմարշը խիստ անարդյունավետ ու իրավիճակային է, իսկ արտաքին լեգիտիմության հույսին մնացած վարչախմբի կիրառմամբ կարող է անգամ հանգեցնել Հայաստանի առանց այն էլ սակավ արտաքին քաղաքական ռեսուրսների և ինքնիշխանության հետագա նվազեցման:

Խիստ բնութագրական է, որ հայ սպային դաժանաբար սպանած օտար ոճրագործն արդարացվում և հերոսացվում է մեկ ուրիշ հայ սպային` Վահե Ավետյանին, նույնպիսի դաժանությամբ իր հայրենիքում սպանողներին պետական բոլոր լծակների գործադրմամբ հովանավորելու, նրանց կատարած զարհուրելի հանցագործությունը կոծկելու, մարդասպանների պարագլուխ օլիգարխին և սպանության մասնակիցների մի մասին քրեական պատասխանատվության չկանչելու երևույթին զուգահեռ:

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը, դատապարտելով ոճրագործի ազատության մեջ հայտնվելը հնարավոր դարձրած բոլոր կողմերի գործողությունները, համայն հայությանը կոչ է անում հանուն իր իրավունքների, շահերի ու արժանապատվության ապահովման և համազգային նպատակների ու իղձերի իրականացման ցուցաբերել ինքնիշխան քաղաքական կամք, համախմբվել և լծվել մրցունակ ազգային պետություն ստեղծելու գործին»,- նշված է հայտարարության մեջ:

Մեկնաբանել