Սպանությունը համարում են օրինական, քանի որ զոհը հայ է. Վ.Հովհաննիսյանի նամակը` Եվրախորհրդարանին

Օրեր առաջ «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովին ադրբեջանական պատվիրակության ղեկավար Էլհան Սուլեյմանովը նամակ էր հղել Եվրախորհրդարանին և Արևելեան գործընկեր խորհրդարանների պատգամավորներին, որում փորձել էր մեղմել եվրոպական հասարակության տպավորությունը` ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու հետ կապված: Սուլեյմանովի նամակի իրավական և բարոյական սնանկությանն անդրադառնալով` «Եվրանեսթ» ԽՎ Բյուրոյի անդամ, «Եվրանեսթ» ԽՎ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանն այսօր նամակ է տարածել Եվրախորհրդարանում (նամակը տեղադրված է պատգամավորի Facebook-յան էջում), որը ներկայացնում ենք ստորև:

«Հարգելի’ գործընկերներ
Անկեղծ ասած` շատ տարակուսեցի, երբ տեսա ադրբեջանական պատվիրակության ղեկավար Էլհան Սուլեյմանովի` Եվրախորհրդարանի նախագահին և անդամներին ուղղված նամակը, որում պարոն Սուլեյմանովը փորձում էր համոզել, որ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան տեղափոխելը, նրան ազատ արձակելը և հերոսացնելը շատ բնական և իրավական երևույթ է:

Ես չեմ փորձի այս ամոթալի փաստերի իրավական կողմը քննարկել: Ինչպես տեսնում եք, Ադրբեջանի կողմից կատարված ցանկացած անօրինականության հետ անհամաձայնությունը պարոն Սուլեյմանովը համարում է զգացմունքայնություն: Տարօրինակ չէ, որ Սաֆարովի հետ լուսանկարներում տեսնում ենք ադրբեջանական պատվիրակության անդամների լայն ժպիտները, որը ապացուցում է, որ իրենք ոչ միայն արդարացնում են Սաֆարովին, այլև այդ սպանությունը համարում են օրինական, քանի որ զոհը հայ է:

Վստահ եմ, որ Ստրասբուրգյան կոնվենցիան մշակած իրավական փորձագետները չեն կարող անգամ պատկերացնել, որ իրենց «ստեղծածը» կօգտագործվեր մարդասպանին ազատ արձակելու համար: Սակայն կարծում եմ, որ խնդիրը եվրոպականի ու ադրբեջանականի տարբերության մեջ չէ, այլ մտածելակերպի: Սուլեյմանովը իր նամակում շեշտում է Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության ընթացքում ադրբեջանցի վիրավորների մասին: Սակայն նա չի նշում, որ ոչ մի ադրբեջանցի զինվոր չի սպանվել` կացնահարվելով հայի կողմից, քնած ժամանակ:

Զարմանալին այն է, որ ադրբեջանցիները չեն տարբերում արդար մարտում ընկածին գիշերը սպանվածից: Գուցե բացառություններ կան ադրբեջանցիների մեջ, սակայն ոչ ոք նրանց ձայնը չի լսել: Կարծում եմ` եվրոպական գործընկերները պետք է բացատրեն ադրբեջանցիներին այս տարբերությունը` մինչ նրանց հետ բանակցություններ վարելը»,- նշել է Վահան Հովհաննիսյանը: