Նիդեռլանդներում ընտրություններում հաղթել է Ժողովրդական կուսակցությունը

Նիդեռլանդների լիբերալ Հանուն ազատության և ժողովրդավարության ժողովրդական կուսակցությունը հաղթել է երեկ տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում։ Նախնական արդյունքներով՝ լիբերալները խորհրդարանի 150-տեղանոց ստորին պալատում կունենան 41 պատգամավոր, հաղորդում է Reuters-ը։

Երկրորդ տեղը զբաղեցրել է Դիդերիկ Սամսոմի Աշխատանքի կուսակցությունը, որը խորհրդարանում կունենա 39 տեղ։ Ակնկալվում է, որ երրորդ տեղը կկիսեն Գերտ Վիլդերսի ուլտրաաջ Ազատության կուսակցությունը, որը նախկինում ուներ 24 պատգամավոր, և սոցիալիստները։

Ընտրությունների վերջնական արդյունքները հրապարակվելու են սեպտեմբերի 17-ին։

Նիդեռլանդների վարչապետի պաշտոնակատար Մարկ Ռյուտեն, որը Հանուն ազատության և ժողովրդավարության ժողովրդական կուսակցության առաջնորդն է, արդեն հայտարարել է, որ վաղվանից զբաղվելու է նախարարների նոր կաբինետի ձևավորմամբ։ Ընդ որում՝ Ռյուտեն չի հստակեցրել, թե կուսակցություններից որոնք են հրավիրվելու իշխող կոալիցիայի ձևավորման համար։

Նիդեռլանդների խորհրարանական այս ընտրությունները վաղաժամ էին․ դրանց անցկացման անհրաժեշտությունն առաջացել էր այն բանից հետո, երբ 2012թ․ ապրիլին Ռյուտեի կաբինետը հրաժարական էր տվել։ Լիազորությունների վաղաժամ վայր դնելու պատճառն անհաջող բանակցություններն էին ընդդիմության հետ 2013թ․ բյուջեի և ճգնաժամից դուրս գալու հնարավոր միջոցառումների շուրջ։

Մեկնաբանել