Սեյրան Օհանյանն ընդունել է ՀԱՊԿ ներկայացուցչական պատգամավորական պատվիրակությանը

Սեպտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել պաշտպանության նախարարի հանդիպումը Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության խորհրդարանական ասամբլեայի խորհրդին կից ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության և անվտանգության հարցերով կոմիտեների (հանձնաժողովների) ներկայացուցիչների հետ: Ինչպես հաղորդում են նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպմանը մասնակցել է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

«Ինձ համար շատ հաճելի է նման ներկայացուցչական պատգամավորական պատվիրակություն հյուրընկալել ՀՀ ՊՆ-ում: Ինձ զեկուցեցին, որ ՀԱՊԿ խորհրդարանական ասամբլեայի խորհրդի օրակարգով նախատեսված է Համակարգող խորհրդակցության անդամների` որպես դիտորդ մասնակցությունը «Փոխգործակցություն 2012» համատեղ զորավարժությանը»,- ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի ներգրավմամբ անցկացվող «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությանն, ինչպես նաև հետագա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: