Ռուսաստանի տեղեկատվական սադրանքն ու դրա երկու հիմնական նպատակը

Տիգրան Գրիգորյան

Հունիսի 15-ին ռուսաստանյան «Ռիա Նովոստի» գործակալությունը հրապարակեց հոդված, որում, հղում անելով Վաշինգտոնում գտնվող դիվանագիտական աղբյուրներին, նշում էր, որ ամերիկյան կողմի միջնորդությամբ Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների միջև նախատեսվում է երրորդ երկրում հանդիպում անցկացնել։ Նյութի մեջ պնդում էր արվում, որ ԱՄՆ-ը պարտադրում է Լեռնային Ղարաբաղին հանդիպում անցկացնել Ադրբեջանի հետ երրորդ երկրում՝ ամերիկյան կողմի համակարգմամբ, և մերժման դեպքում սպառնում է ադրբեջանական հակաահաբեկչական գործողությամբ։

Գործակալությունը նաև գրել էր, որ «ամերիկյան «խաղաղապահ նախաձեռնությունը» լոբբինգ է անում Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը, որի շահերը լիովին համընկնում են Ադրբեջանի շահերի հետ»։

«Ռիա նովոստիում» այս նյութը հրապարակվելուց հետո այն մեկնաբանեց նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան․ «Նորագույն պատմության ընթացքում ես առաջին անգամ եմ տեսնում տեղեկատվություն այն մասին, որ երկիր, որը հավակնում է միջնորդի դերի, սպառնում է կարգավորման մասնակցին ուժի կիրառմամբ իր միջնորդական դերակատարության իրականացման համար։ Այսինքն՝ ուժով, սպառնալիքով և շանտաժով ստիպում են նստել բանակցությունների սեղանի շուրջ կամ մասնակցել ինչ-որ ֆորումների, որոնք միջնորդներն իրենց ուղեղում իրենց համար գծագրել են»։

Ակնհայտ է, որ «Ռիա նովոստիի» նման լրատվամիջոցում այդ նյութի հրապարակումը պատահական լինել չէր կարող։ Զախարովայի արձագանքն այդ հրապարակմանը նույն օրը ևս վկայում է, որ Մոսկվան նմանատիպ «արտահոսքերի» միջոցով արտահայտում է իր դիրքորոշումը ղարաբաղյան համատեքստում այլ միջնորդների ակտիվացման վերաբերյալ։

«Ռիա Նովոստիի» հրապարակմանը և Զախարովայի մեկնաբանություններին արձագանքեցին նաև Արցախի արտգործնախարարությունը և ԱՄՆ պետդեպարտամենտը՝ չհերքելով և դրանով իսկ անուղղակիորեն հաստատելով, որ հանդիպման անցկացման շուրջ բանակցություններ ընթանում էին։

Պարզ է նաև, որ «Ռիա Նովոստիի» հրապարկման ու Զախարովայի մեկնաբանության մի շարք դրույթներ ակնհայտորեն քարոզչական բնույթ ունեին։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է այն պնդումներին, թե ԱՄՆ-ը Լեռնային Ղարաբաղին սպառնում է ադրբեջանական հակաահաբեկչական գործողությամբ, իսկ Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը ամերիկյան լոբբինգով է զբաղվում և որ նրա շահերը համընկնում են Ադրբեջանի շահերին։

Այս պնդումները չեն դիմանում որևէ քննադատության, որովհետև հենց արցախյան կողմն էր ամիսներ շարունակ պնդում, որ Ադրբեջանի հետ բանակցությունները պետք է ընթանան միջազգային միջնորդությամբ։ Երրորդ երկրում բանակցություններ անցկացնելու գաղափարը ևս լիովին համապատասխանում է Ստեփանակերտի շահերին ու պատկերացումներին։ Ակնհայտ է, որ այս ձևաչափով բանակցություններին մասնակցելու համար արցախյան կողմին շանտաժի ենթարկելու անհրաժեշտություն պարզապես չկար։

Ռուսական կողմի տեղեկատվական այս սադրանքը մի քանի հիմնական նպատակ էր հետապնդում։ Սա առաջին հերթին դիրքորոշման հստակ արտահայտում էր Բաքու-Ստեփանակերտ միջազգային բանակցային մեխանիզմի վերաբերյալ։ Մոսկվան դեմ է նմանատիպ մեխանիզմների ու ձևաչափերի ստեղծմանը, քանի որ դրանք կարող են վտանգել նրա մենաշնորհային դերը Լեռնային Ղարաբաղում։ Ռուսաստանը համարում է, որ ղարաբաղյան և ադրբեջանական կողմերի միջև բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն ռուս խաղաղապահների միջնորդությամբ։

Այդ առումով պարզ է, որ Մոսկվան փորձելու է խոչընդոտել միջազգային մեխանիզմի ստեղծման փորձերը, ինչը կարող է լուրջ խնդիր դառնալ նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում, քանի որ Երևանը Բաքու-Ստեփանակերտ բանակցային մեխանիզմի ստեղծումը փաստացիորեն նախապայման է դարձրել խաղաղության պայմանագրի ստորագրման համար։

Ռուսաստանն Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հնարավոր հանդիպման վերաբերյալ արտահոսքն արել էր նաև սեփական անգործությունն ապահովագրելու համար։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը բանակցություններին զուգընթաց ռազմական նոր էսկալացիա է նախապատրաստում Արցախում։ Մոսկվան այս քայլով ամենայն հավանականությամբ փորձում է նաև խուսափել պատասխանատվությունից: Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական նոր ռազմական սադրանքի դեպքում Ռուսաստանը, հերթական անգամ ի վիճակի չլինելով հակաքայլեր ձեռնարկել, մեղքը բարդելու է Ստեփանակերտի ու ամերիկյան կողմի վրա։

Մոսկվայի գործողություններն այս դրվագում իրականում բնութագրում են ռուսական կողմի պահելաձևը մեր տարածաշրջանում վերջին ամիսների ընթացքում։ Ի վիճակի չլինելով որևէ կերպ ազդել գետնի վրա առկա իրավիճակին և լուծել թեկուզ ամենափոքր խնդիրները՝ Մոսկվան միևնույն ժամանակ խոչընդոտում է միջնորդական այլ ջանքերը։ Սա խիստ անպատասխանատու գործելաոճ է, որը միայն նպաստելու է Ռուսաստանի դիրքերի առավել թուլացմանն Արցախում և Հայաստանում։

Մեկնաբանել