Ծառայությունների ոլորտում աչք ծակող ռուսականացումը պիտի կառավարվի

Ռեստորանի դաշնամուրի ստեղների անհավանական համադրությունները ականջ էին ծակում։ Կակոֆոնիայի հեղինակը դեռահաս տղա էր։ Մոտեցա, խնդրեցի, որ դադար առնի։ Տղան անհաղորդ մնաց։ Հետո մոտեցավ հարսը ու վարժ ռուսերենով սկսեց հետը խոսել։ Տղան դադարեցրեց։ Շատ նեղվեցի, որ հայերեն չի խոսում։ Հարցրի՝ «հայերեն չե՞ս հասկանում»։ Թեթև զարմացած, որ նման հարց եմ տալիս, ասաց՝ «հասկանում եմ»։ Նեղսրտեցի։

Ռուսերենն արդեն այնքան հարազատ դարձած լեզու էր, որ հուզական ու ռեֆլեկսիվ մակարդակում նստած էր հայերեն հասկացող տղայի մեջ։ Բանական շերտից անցել էր մեկ այլ՝ հուզական և մետահարաբերությունների՝ աշխարհը սահմանող մակարդակ։

Ռուսերեն վարժ խոսող հարսն էլ հինգ տարեկանից Ռուսաստանում մեծացած երիտասարդ կին էր։ Հիմա Սլավոնական համալսարանում էր ուսանում։ Ընտանիքը օբլաստներից մեկում՝ Վոլգայի ափին, կայացած ֆերմերային տնտեսություն ուներ։ Մայրը Վոլգան շատ էր սիրում։ Ինձ ասաց՝ հյուր գնամ, որ ցույց տա լայն, տեղ-տեղ անեզր գետի հառաչը։ Ռուսների մասին շատ լավ էր խոսում։ Մտովի գնացի Հայաստանի ազգային արխիվ, որտեղ պահվում էին Աստրախանի հայերի կալվածքների մասին վկայություններն ու քարտեզները։ Մի քանի տարի առաջ բախտ ունեցա դրանք տեսնել, երբ հոդված էի գրում արխիվի մասին։ Տարօրինակ մի զգացողություն կար թե այն ժամանակ, թե հիմա։

Երկու ժողովուրդների ճակատագրերը ստեպից եկող վտանգի ազդակներից միահյուսվել, խառնվել ու տարբեր երակներով հոսում են ու շերտեր կուտակում։ Մեկ միլիոնից ավելի ճակատագիր է հյուսվում հենց հիմա Ռուստատանում։

2010 թվականի մարդահամարի համաձայն՝ հայերը վեցերորդ ամենամեծ էթնիկ խումբն են։ Աստրախանի հայերի մասին հիշատակություններին հետ գնալով՝ դրվագներ են միտս գալիս տարբեր արձանագրություններից։ Վաճառականությամբ աչքի ընկնող, մեծահարուստներ ունեցող ազդեցիկ համայնք էր։ Նիկողայոս Աղաբաբյանի խնդրագրով բացված հայոց ուսումնարանը, «Արևելյան ծանուցմունք» շաբաթաթերթը, որը արևելահայոց մեջ առաջին հայալեզու մամուլն է դառնում, «Աստրախանի հայոց դատաստանագիրը», ինչպես նշում է Ֆրունզե Պողոսյանը 1962 թվականի Մատենադարանի Բամբերում լույս տեսած իր հոդվածում։

Հայերը այստեղ հաստատվում են դեռևս 14-րդ դարից, իսկ արդեն 17-րդ դարում իրենց թվաքանակով գերազանցում են անգամ ռուսներին։ Զբաղվում են վաճառականությամբ և ըստ էության կապում Կովկասը, Իրանն ու հետագայում նաև Եվրոպայի արևելյան հատվածը։ Այդ հենքի վրա նաև զարգանում է արդյունաբերությունը։ 18-րդ դարում արդեն հիմնում են ֆաբրիկաներ և այլ արդյունաբերական ձեռնարկություններ, ինչպես գրում է հոդվածի հեղինակը։ Սա միայն մեկ համայնքի, այն էլ շատ հպանցիկ օրինակ է։

Այսօր Ռուսաստանի Դաշնությունում գրանցված է 250-ից ավելի հայկական համայնքային կառույց։ Պատկերացրեք, թե որքան պատմություններ կան, որոնք տարբեր երակներով, տարբեր ժամանակներից միահյուսում են անձնական ճակատագրեր ու անտեսանելիորեն փոխկապակցում այս տարածքներում ապրողներին իրենց ինքնությունների հետ։

Մեծ ժառանգություն է։ Բայց կան աննշմարելի երանգներ, որոնց մասին չմտորել ու չանհանգստանալ չի լինում։

Ռուսական կայսրությանն ու արժանի ժառանգորդ բոլշևիկներին անդրադառնալ չեմ ուզում․ այս ամենում նրանք այն օտարն ու եղկելին են եղել, որի լծից, հուսամ, դուրս կգանք բոլորս։ Վրուբելի վրձնած դևի նման դեգերող Չէն՝ վերնախավը զավթած հավակնոտ ինքնակոչների պալատական դավերով ու չհաջողված բունտերով, իր զորությանը հագուրդ կտա ու կչքվի Կովկասից մեր ջանքերի ու ժողովուրդների միջև անտեսանելի, հաճախ թերագնահատվող կապերի հաշվին։ Այդ փլատակների տակից ապրող մարդկանց մեջ մնացած սիրո ու հույսի, արդարամտության մղման կարիքը շատ է զգացվելու այն ավերից հետո, որն առնվազն ինձ համար որպես ականատես մեկնարկեց Սումգայիթով ու շարունակվեց մինչև հիմա։ Այս պահին էլ ամեն բան վառում է Ուկրաինայում, այդ թվում՝ մսխում ռուս ժողովրդին որերրորդ անգամ։

Ուրբաթ օրը ընկերուհիներով գնացինք սրճարան։ Անհանգիստ էինք, որ ճաշացանկը հայերեն չի լինի, մատուցողն էլ սովորականի նման ռուսերեն կխոսի։ Զգուշացրինք, որ հայերեն ենք ուզում խոսել։ Ընթացքում նկատեցինք, որ մատուցողներից մեկը, որը պարբերաբար մոտենում էր մեզ, թեթև նշմարվող ակցենտով հայերեն էր խոսում։ Սլավոնական թվացող արտաքինից ենթադրեցինք, որ ռուս կլինի։ Չգիտեմ ինչու, օրինակ մտքովս չանցավ, որ ուկրաինացի կարող է լինել։ Մի տեսակ ուզում էի, որ ռուս լինի։ Մտածեցի, որ լավ է երբեմն ռուսական «կայսերականությունը» հաղթահարած կամ դրա փորձը անողներ էլ կան։

Աստրախանի օրինակին եթե վերադառնամ, ապա պիտի նշեմ, որ 18-րդ դարի կեսերին մի քանի տարի ձգվող գործընթացից հետո են միայն հայերը իրավունք ստանում ունենալ սեփական դատարանը, այն էլ մի համատեքստում, որտեղ կրոնը մեծ ազդեցություն ուներ սովորույթների վրա, իսկ համայնքի «մահմեդական» խմբերի հետ խառը դատարան ունենալը կարող էր վատթարացնել իրավիճակը։ Հայերի ավանդը հաշվի առնելով՝ ռուսական կայսրությունը թույլ է տալիս ունենալ սեփական «ռատհաուզ», այն էլ միայն հայերի միջև վեճերը քննելու, իսկ անհամաձայնության դեպքում՝ նահանգային գրասենյակ դիմելու իրավունքով։

Հայաստանում փոխարենը լռության սկզբունքով և շատ հոժարակամ հայերս վերակառուցվում ենք, արագ անցնում ենք ռուսերենի, բաց մազերով մարդկանց էլ սկսել ենք ռուսերեն դիմել, մտքներովս չի անցնում հայերեն խոսել, որպեսզի դիմացինը ջանք գործադրի ու դուրս գա իր չգիտակցված կամ էլ քողարկված «կայսերականության» քայքայող նախատրամադրվածությունից։ Շուտով քաղաքում ռուսերեն ցուցանակները կմրցակցեն անգլերեն ցուցանակների հետ, իսկ հայերենը ինչպես դուրս էր մղված, այդպես էլ կմնա անտեսված։ Ինչպես խորհրդային տարիներին, այնպես էլ հիմա միայն մի փոքր մասը համառորեն կջանա պահպանել սեփական լեզուն ու չի համարի, որ այլ լեզվով խոսելը «ինտելեգենտության» կամ «կրթվածության» նշան է։

Խորհրդային տարիները ներելի են։ Ես անձնապես դրանք համարում եմ օկուպացիայի շրջան, որտեղ վերնախավում որպես կանոն և մասնավորապես 30-ականներից հետո հայտնվում էին կուրամիտ ու հավատարիմ կատարածուներ։ Անկախ խորհրդային հանրապետությունից՝ ազգային փոքրամասնությունները ռուսականացվում էին։ Մեծամասնության լեզուն տարբեր կրթամշակութային քողարկված քաղաքական դիրեկտիվներով նսեմացվում ու մղվում էր լուսանցք։ Հայկական դպրոց գնալը փակուղային էր, բայց ինչ-որ իմաստով նաև ներքին, թաքնված դիմադրություն։

Անկախ Հայաստանում այս ամենը անթույլատրելի է։ Լեզուների ու մշակույթների փոխհարստացումը չբացառելով՝ պետությունն այսօր մի քանի շերտով հավասարության հաստատմանը միտված անելիքներ ունի։ Նախ այդ ակնհայտ ու աչք ծակող ռուսականացումը ծառայությունների մատուցման ոլորտում պիտի ինչ-որ կերպ կառավարվի։ Լեզվի տեսչությունը ժամանակին հետևում էր քաղաքում հայերեն լեզվի պատշաճ ներկայությանը։ Միգուցե նաև կացության կարգավիճակը երկարաձգելիս հայերենի բազային իմացության պահանջ դրվի։ Սա նաև կօգնի մեր ռուս բարեկամներին ազատագրվել «կայսերականությունից», որով ախտահարված լինելու մասին նրանք հաճախ չգիտեն։

Փոքրամասնությունների լեզուներով կրթական գործընթաց կազմկերպելը չպիտի բացառի հայերենի յուրացումն ու իմացությունը։ ՀՀ քաղաքացիների համար, որոնք անգամ երկքաղաքացիություն ունեն, օտարալեզու դպրոց հաճախելը պիտի լինի հստակ կանոնակարգված ու թույլ չտա, որ դա սողանցք հանդիսանա հին ու սովորական «վարքագծին» անցնելու համար։ Այն սովորականացվել էր, բայց շատ արտասովոր ու խորքային բռնություն էր, իսկ պետությունը պարտավոր է, ի թիվս այլ բռնությունների, նաև իր քաղաքացիներին պաշտպանել մշակութային բռնությունից։

Չգիտեմ՝ հիմա պատկան մարմիններն ինչ են անում, բայց այս վիճակը անհանդուրժելի է։ Հուսամ՝ ամենատեսանելի ոլորտներից մինչև ամենախորքայինը, այդ թվում նաև՝ ՌԴ-ում հայալեզու կրթություն ստանալու հնարավորության հարցը այդ երկրի պետական մարմինների հետ կբանակցվի, որովհետև որքան ռուս երեխան պիտի ռուսերեն լեզվով կրթվի, այնքան էլ հայ երեխան պիտի հայերենով կրթվի՝ չուրանալով տեղի բնիկ ժողովրդի լեզուն ու մշակույթը։

Մենք չեն կարող ուծանալ թե մեր երկրում, թե Ռուսաստանում։ Մասնավորապես Ռուսաստանում՝ հաշվի առնելով այն մշակութային վնասը, որը սովետական տարիներին «շարիկովյան» գծամտությամբ գործադրեց շատ չարամիտ քաղաքականություն։ Կերտվում էր սովետական մարդը։ Մարդուն, ինչպես և կոմունիզմին, չհասան, բայց լեզուն հասցրին ոչնչացման եզրին։

Սա նաև ժողովրդագրական հարց է։ Դրանից շատ ենք դժգոհում։ Ամեն նոր կառավարություն ծնելիության մի անհեթեթ նշաձող է սահմանում ու չի հարցնում կնոջը, թե դա կարո՞ղ է ապահովել կամ ուզո՞ւմ է։ Ու ոչ մեկի մտքով չի անցնում եղածը պահպանել, այդ թվում՝ լեզվի ու ինքնության պաշտպանության միջոցով։

Մեկնաբանել