Ոստիկանները մոտ երեք շաբաթ է՝ շրջափակման մեջ են պահում ադրբեջանական Սոյուդլու գյուղը

Ոստիկանները հերթապահում են Սոյուդլու գյուղի մուտքերից մեկի մոտ տեղակայված անցակետում, լուսանկարը՝ Abzas.net-ի

Ադրբեջանի արևմտյան մասում գտնվող Սոյուդլու գյուղի մուտքն արդեն ավելի քան երկու շաբաթ ոստիկանների հսկողության տակ է, իսկ ոչ տեղաբնակների մուտքը՝ արգելված, այն բանից հետո, երբ այստեղ բախում տեղի ունեցավ ոստիկանության և տեղացիների միջև, որոնք բողոքում էին շրջակա միջավայրի աղտոտվածության դեմ:

Հունիսի 20-21-ը ոստիկանները արցունքաբեր գազ և պղպեղի սփրեյ են կիրառել Սոյուդլուի բնակիչների, այդ թվում՝ տարեցների վրա, որոնք բողոքում էին մոտակա ոսկու հանքավայրի թափոններն այդ տարածքում թափելու դեմ։


Գյուղի բնակիչները OC Media-ին ասել են, որ այդ բախումներից հետո Սոյուդլուի մուտքը փակ է ոչ տեղաբնակների համար, իսկ գյուղի բոլոր մուտքերի մոտ ոստիկանական հսկիչ կետեր են տեղադրվել: Գյուղ ելումուտ կարող են անել միայն նրանք, ովքեր տեղի գրանցում ունեն։

«Ոստիկանները մարդկանց թույլ են տալիս մուտք գործել ու դուրս գալ գյուղից միայն փաստաթղթերը ստուգելուց հետո»,- OC Media-ին ասել է մի կին, որը բողոքի ցույցերի ժամանակ վնասվածք է ստացել ոստիկանության գործողությունների հետևանքով։

«Ես բուժքույր եմ աշխատում Գադաբայի շրջանում։ Ամեն օր անցակետում փաստաթղթերս ստուգելուց հետո են միայն ոստիկանները թույլ տալիս դուրս գալ գյուղից։ Նույն ընթացակարգով ենք անցնում աշխատանքից տուն վերադառնալիս»,- ասել է նա։

Իշխանությունները բողոքին արձագանքել են՝ ձերբակալելով ցույցերին մասնակցած բնակիչների, ինչպես նաև նրանց աջակցած ոչ տեղաբնակ ակտիվիստների։

«Շոհրատ Ասկերովը, որը ձերբակալվել է երեխայի համար դեղ գնելու ճանապարհին, Գադաբայի ոստիկանական բաժանմունքում ծեծի է ենթարկվել և հետո միայն ազատ արձակվել»,- OC Media-ին պատմել է գյուղի մեկ այլ բնակիչ։

«Իմ աչքերին էլ են արցունքաբեր գազ փչել,- հավելել է նա։- Աչքերս դեռ երբեմն ցավում են»։


Ավտոմեքենաները հերթ են կանգնում Սոյուդլու մտնելու համար, իսկ մոտակա լեռների վրա տեսանելի են հանքերը։ Լուսանկարը՝ Abzas.net-ի:

«Շատերը չեն կարողանում գյուղ գալ։ Գնացողներին էլ ստուգում են, հետո բաց թողնում։ Ճանապարհների բոլոր կողմերում ոստիկաններ են տեղակայվել»,- ասել է նա։

Ակտիվիստների ձերբակալում

Հունիսի ցույցերից հետո իշխանությունները շարունակել են ձերբակալել մարդկանց, որոնք դեմ են արտահայտվել ոստիկանության գործողություններին։

Հուլիսի 5-ին Նարիմանովի շրջանային դատարանը մերժել է ակտիվիստ, գործարար և նախկին պատգամավոր Նազիմ Բեյդամիրլիին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։

Բեյդամիրլիին շորթում կատարելու մեղադրանք է առաջադրվել, նրան սպառնում է 5-10 տարվա ազատազրկում:


Նազիմ Բեյդամիրլի, լուսանկարը՝ Ֆեյսբուքից։

Սակայն Բեյդամիրլիի փաստաբան Ագիլ Լայիջը նրա ձերբակալությունը կապում է Սոյուդլուի իրադարձությունների վերաբերյալ նրա հրապարակային հայտարարությունների հետ։

Բողոքի ցույցերին հաջորդող օրերին Բեյդամիրլին տեղական լրատվամիջոցներին ասել էր, որ Սոյուդլուի բնակիչների պնդումները, որ ոսկու արդյունահանումը վնաս է հասցնում մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին, արդարացի են, և հայտարարել էր, որ գյուղացիների իրավունքները խախտվել են։

Ադրբեջանի ՆԳՆ խոսնակ Զեյնի Հուսեյնովը հայտարարել է, որ Բեյդամիրլին ձերբակալվել է մի քաղաքացու ներկայացրած բողոքի հիման վրա, որում վերջինս պնդում է, որ Բեյդամիրլին շանտաժի է ենթարկել իրենց՝ սպառնալով հրապարակել «ամոթալի լուսանկարներ», եթե նրանք չվճարեն իրեն։

Բեյդամիրլին չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

Բողոքի ցույցերից հետո լուրեր են տարածվել, որ կալանավորվել են ինչպես Սոյուդլուի բնակիչներ, այնպես էլ ոչ տեղաբնակներ, որոնք աջակցել են ցուցարարներին: Սոյուդլուի՝ ցույցերին մասնակցած հինգ բնակչի նկատմամբ 20-օրյա ժամկետով վարչական տույժ է կիրառվել, իսկ մեկը տուգանվել է 1500 մանաթով (880 դոլար):

Սոցցանցերում տարածված տեղեկությունների համաձայն՝ վարչական ձերբակալություն է կիրառվել ևս երեքի նկատմամբ՝ Էթիբար Ջաբարով, ազգությամբ ադրբեջանցի և Ռուսաստանի քաղաքացի, որը մի քանի տարի առաջ գյուղի բնակիչների համար WhatsApp հավելվածում խումբ էր բացել, Շոհրատ Ասկերով, որը բողոքի ցույցերի մասնակից է և Հաբիլ Իսմայիլով, որին պատկանող ընկերությունը տպագրել է բողոքի ցույցի ժամանակ օգտագործված պաստառները։ Իսմայիլովը, ենթադրաբար, ձերբակալվել է թմրանյութերի հետ կապված մեղադրանքով։

Պաշտոնական աղբյուրները չեն մեկնաբանել այս պնդումները։

Բողոքի ցույց պոչամբարների դեմ

Սոյուդլու գյուղի բնակիչները մոտակա ոսկու հանքերի պատճառով հնարավոր աղտոտման դեմ սկսել են բողոքել հունիսի 20-ին՝ պնդելով, որ ընկերության գործունեության հետևանքով առաջացող թթվային թափոնները վնաս են հասցնում մարդկանց առողջությանը և շրջակա միջավայրին:

Բնակիչները նշում էին, որ գյուղում գտնվող պոչամբարը, որը ենթադրաբար շուրջ 11 տարի օգտագործվել է ոսկու հանքերի թթվային հիմքով նյութերը ցամաքեցնելու և թափոնների համար, վնաս է հասցնում շրջակա միջավայրին և արտանետում է թունավոր գոլորշի, ինչը դժվարացնում է շնչելը և վնասում թոքերը։

Նրանք նաև իրենց առարկություններն են հայտնել տարածքում ևս մեկ պոչամբար կառուցելու ծրագրերի վերաբերյալ։

Գետաբեկի ոսկու հանքի և մոտակա Սոյուդլու գյուղի արբանյակային լուսանկարը։ Լուսանկարը՝ CNES/Airbus-ի:

Պաշտոնապես ոսկու հանքերը շահագործում է բրիտանական Anglo Asian Mining Plc ընկերությունը, որը ղեկավարում է իրանցի գործարար Ռեզա Վազիրին: 2016-ին Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի (OCCRP) իրականացրած հետաքննությունը պարզել է, որ հանքերն իրականում պատկանում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկու դուստրերին:

Կառավարությունը պաշտպանել է ցուցարարների նկատմամբ ուժ կիրառելու որոշումը՝ պնդելով, որ նրանք սադրել են ոստիկաններին՝ նրանց վրա քարեր նետելով։

Վարչապետ Ալի Ասադովը հանձնարարել է ստեղծել հանձնաժողով գյուղի շրջակայքում բնապահպանական իրավիճակին հետևելու համար։

Բողոքի ցույցերին մասնակցած մի կին OC Media-ին պատմել է, որ շրջանի գործադիր իշխանության ներկայացուցիչները և այլ պաշտոնյաներ «ամեն օր» գալիս են գյուղ՝ զրուցելու տեղի բնակիչների հետ։ Սակայն, ըստ նրա, պաշտոնյաների պատասխանները չեն գոհացնում բնակիչներին։

Նա նշել է, որ առայժմ միայն մեկ պահանջ ունեն՝ անարդարացիորեն ձերբակալվածները պետք է անվերապահ ազատ արձակվեն։

Մեկնաբանել