Ադրբեջանում աշխատանքային իրավունքների երրորդ ակտիվիստն է ձերբակալվել մեկ ամսում

Իսմի Աղաև, OC Media

Ադրբեջանի «Աշխատավորների սեղանի արհմիությունների կոնֆեդերացիայի» անդամը, որը մասնակցել է առաքիչների բողոքի ցույցերին, ձերբակալվել է թմրանյութերի մեղադրանքով։ Նա խմբի երրորդ անդամն է, որը կալանավորվել է այս ամիս:

Այխան Իսրաֆիլովը, որը նաև «Ժողովրդավարություն 1918» շարժման անդամ է, կալանավորվել է օգոստոսի 11-ին։ Նրա խափանման միջոց է ընտրվել չորս ամսվա նախնական կալանքը։

Կոնֆեդերացիայի նախագահ Աֆիադին Մամեդովը, որը նույնպես «Ժողովրդավարություն 1918»-ի անդամ է, կալանավորվել էր օգոստոսի 1-ին՝ ոստիկանության հրահանգներին չենթարկվելու մեղադրանքով: Ադրբեջանի ոստիկանությունը օգոստոսի 4-ին ձերբակալել է կոնֆեդերացիայի մեկ այլ անդամ Էլվին Մուստաֆաևին թմրանյութերի մեղադրանքով:

Տե՛ս՝ Ադրբեջանցի իրավապաշտպանը «կտտանքների է ենթարկվել և կալանավորվել»

Մեղադրանքը հաստատվելու դեպքում Իսրաֆիլովին և Մուստաֆաևին սպառնում է 5-ից 12 տարվա ազատազրկում:

Աշխատանքային իրավունքի համար պայքարող երեք ակտիվիստները մասնակցում էին առաքիչների կազմակերպած ցույցերի շարքին։ Նրանք բողոքում էին ճանապարհային երթևեկության նոր օրենքի դեմ։

Անցյալ տարվա դեկտեմբերին Ադրբեջանի խորհրդարանն ընդունել է «Երթևեկության մասին» օրենք, որը առնվազն 50 կմ/ժ արագություն ունեցող սկուտերների և մոտոցիկլետների վարորդներին պարտավորեցնում է ստանալ հատուկ կարգի վարորդական իրավունք:

«Ժողովրդավարություն 1918»-ի գլխավոր քարտուղար Սամիր Սուլթանովը հայտարարել է, որ Իսրաֆիլովը և Մամեդովը ձերբակալվել են Ադրբեջանում ժողովրդավարության և աշխատանքային իրավունքների պաշտպանությանն ուղղված իրենց աշխատանքի համար:

«Երկրում ձերբակալությունների ալիքը ցույց է տալիս, որ կառավարությունը խիստ պատժիչ միջոցներ է ձեռնարկում աշխատողների իրավունքների և խոսքի ազատության բարձրաձայնման համար»,- OC Media-ին ասել է Սուլթանովը։

Մեկնաբանել