Դուք քանդում եք պետական ինստիտուտները․ Ռուբեն Վարդանյանը քննադատում է Արայիկ Հարությունյանին 

Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանը օգոստոսի 19-ին Ֆեյսբուքի իր էջում տեսաուղերձ է հրապարակել Հակոբավանքից (Մարտակերտի շրջան), որում խիստ քննադատության է ենթարկում նախագահ Արայիկ Հարությունյանին։

Ըստ Վարդանյանի՝ Հարությունյանը ութ անձի ներկայությամբ ասել է, որ հրաժարական է տալու, որից հետո՝ չորեքշաբթի, տեղի է ունեցել միջադեպ՝ աշխարհազորը ուժով մտել է Ազգային ժողով։

«Ես չգիտեմ՝ դո՞ւք եք ուղեկցել, թե՞ դուք եք հրամայել, թե՞ ձեր տեղակալներն են տեղյակ եղել ու ասել, որ դա անեն։ Միևնույն է, դա անընդունելի է․ դուք քանդում եք պետական ինստիտուտները։ Դուք քանդում եք այն պետությունը, որը, վատ, թե լավ, կառուցել են վերջին 30-35 տարում։ Դուք դրա իրավունքը չունեք»։

Չորեքշաբթի՝ օգոստոսի 16-ին, լուրեր տարածվեցին, որ աշխարհազորի մի խումբ մարտիկներ մտել են Արցախի Ազգային ժողով և իրենց անհամաձայնությունը հայտնել Արայիկ Հարությունյանի հնարավոր հրաժարականի վերաբերյալ։ Այնուհետև Հարությունյանը եկել է դեպքի վայր, որից հետո հանդիպումը շարունակվել է փակ դահլիճում։ Արցախի նախագահի պաշտոնական կայքում գրված է, որ նախագահն ընդունել է աշխարհազորին, բայց մանրաասներ չկան Ազգային ժողովի շենքի առջև տեղի ունեցած միջադեպի մասին։

«Արցախի լրատվական» տելեգրամյան ալիքը հաջորդ օրը գրեց, որ Ազգային ժողովի նորընտիր նախագահը հրաժարվել է հանդիպել դիրքերից իջած աշխարհազորի հետ։

«Ազգային ժողովի նախագահ, դաշնակցական Դավիթ Իշխանյանը ընտրվելուց հետո քաղաքական հանդիպումների շարք է սկսել, բայց, չգիտես ինչու, երեկ հրաժարվել է հանդիպել դիրքերից իջած աշխարհազորի հետ։ Դա այն դեպքում, երբ աշխարհազորի հանդիպման առաջարկին համաձայնել է երկրի նախագահը։ Ականատեսները պատմում են, որ Իշխանյան Դավիթի կողմից հանդիպումը մերժելը էմոցիոնալ արձագանք է ստացել աշխարհազորայինների մոտ։ Վերջինս փակվել է իր աշխատասենյակում և որևէ կերպ չի արձագանքել հանդիպելու և խոսելու աշխարհազորայինների պահանջ-առաջարկին»,- ասվում է տելեգրամյան ալիքում։

Հուլիսի 29-ին խորհրդարանի նախագահի պաշտոնից անակնկնալ հրաժարական էր տվել «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունը ներկայացնող Արթուր Թովմասյանը։ Նույնքան անակնկալ Ազգային ժողովի նախագահի թեկնածու էր առաջադրվել դաշնակցական Դավիթ Իշխանյանը, որի խմբակցությունը փոքրամասնություն է խորհրդարանում։ Արցախի ներկա և երկու նախկին նախագահները՝ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը, դիմել էին ՀՅԴ-ին՝ Դավիթ Իշխանյանին Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրելու խնդրանքով։

Իր ուղերձում Վարդանյանը, դիմելով Արայիկ Հարությունյանին, նաև ասում է․ «Միշտ անհանգիստ եք եղել, որ ժողովրդին հանելու եմ դուրս։ Ես ասել եմ, որ չեմ անելու դա։ Արցախցի՛ն է հարցնելու՝ էն, ինչ արել եք, դուք իրենց պիտի պատասխանեք, իսկ ես իրենց կողքին կանգնած կլինեմ։ Եթե իրենք էդ հարցը չտան, ուրեմն իրենց որոշումն է»։

Վարդանյանի խոսքով՝ պետնախարարի պաշտոնից հրաժարական տալ իրեն հորդորել են դեռ 2022-ի դեկտեմբերին, սակայն ինքը մերժել է։

Ռուբեն Վարդանյանը Արցախի պետնախարար նշանակվեց 2022-ի նոյեմբերի 4-ին և այդ պաշտոնից ազատվեց 2023-ի փետրվարի 23-ին՝ Արցախի նախագահի հրամանագրով։

Հայկ Ղազարյան, Ստեփանակերտ

Մեկնաբանել