Փաշինյանը հեռախոսազրույցներ է ունեցել Մակրոնի, Շոլցի, Ռայիսիի և Բլինքենի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ սեպտեմբերի 9-ին, հեռախոսազրույցներ է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։

Վարչապետի գրասենյակից հայտնում են, որ Փաշինյանը զրուցակիցների հետ քննարկել են Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի խորացման, ԼՂ-ի շուրջ ադրբեջանական զորքերի կուտակման, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին լարվածության աճի միտումներին վերաբերող հարցեր:

Բոլոր չորս հեռախոսազրույցների վերաբերյալ հաղորդագրություններում էլ նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել լարվածությունը նվազեցնելուն միտված հրատապ քննարկումներ ունենալ Ադրբեջանի նախագահի հետ:

«Վարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է հավատարմությունը՝ բոլոր հարցերը բացառապես դիվանագիտական ճանապարհով ու կառուցողական մթնոլորտում կարգավորելու մոտեցումներին՝ հիմք ընդունելով 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում և 2023 թվականի մայիսի 14-ին Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունները»,- ասված է հաղորդագրություններում։

***

Կառավարության սեպտեմբերի 7-ի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ տարածաշրջանում ռազմաքաղաքական վիճակը էականորեն սրվել է․ «Ադրբեջանը օրեր շարունակ զորքեր է կուտակում Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ու հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով։ Իրավիճակն այնպիսին է, որ միջազգային հանրությունը, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկները պետք է լրջագույն միջոցներ ձեռնարկեն տարածաշրջանում նոր պայթյունը կանխելու համար»,- ասել է Փաշինյանը։

Սեպտեմբերի 5-ին Արցախի պաշտպանության բանակը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում էր ադրբեջանական զինուժի տեղաշարժերը և կենտրոնացումը։

Մեկնաբանել