Ինչպես է Ադրբեջանը «հակագաղութատիրությունն» օգտագործում իր բռնատիրական նպատակների համար

Բահրուզ Սամադով, OC Media

Վերջին ամիսներին Ադրբեջանի պաշտոնական հայտարարությունները նոր թափ են ստացել և դրանցում կիրառվում է հակագաղութային հռետորաբանություն՝ քննադատելու արևմտյան երկրներին տարածաշրջանում նրանց ներգրավվածության համար: Միևնույն ժամանակ, խոսույթը, որն առաջացել է իշխանության բռնատիրական կիրառումը քննադատելու արդյունքում, օգտագործվում է արդարացնելու համար այն, թե ինչպես է երկիրն ընթանում դեպի էլ ավելի մեծ բռնատիրություն։

Ադրբեջանի հարաբերություններն Արևմուտքի հետ վաղուց անկայուն են։ Այս հարաբերություններում պարբերաբար նկատվող առաջընթացներին տագնապատլիորեն հաջորդում են Արևմուտքի կողմից Ադրբեջանի գործողությունների քննադատության մասին դատապարտող հայտարարությունները: Հատկապես դեմոնիզացվել են Ֆրանսիան և ԱՄՆ-ն՝ առաջինը Հայաստանի հետ սերտորեն դաշնակցելու, երկրորդը՝ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների ոտնահարումները զսպելու ենթադրյալ փորձերի համար։

Վերջերս փոխվել է այս քննադատության շրջանակը, և Ադրբեջանը հետևում է միջազգային աջ պոպուլիստների և գաղափարախոսների մոդելավորած միտմանը՝ հակագաղութային հռետորաբանությունն օգտագործելով որպես միջոց արևմտյան ազատականությունը և ժողովրդավարությունը մերժելու համար։

Հունգարիայում իշխող «Ֆիդես» կուսակցությունը հակագաղութային հռետորաբանությունն օգտագործում է ներկայացնելու համար ԼԳԲՏՔ+ համայնքի դեմ իր օրակարգն այնպես, ասես նրանց իրավունքներն Արևմուտքի հորինածն են: Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որը, հավանաբար, ոգեշնչման կարևոր աղբյուր է Ադրբեջանի իշխող կուսակցության համար, հաճախ օգտագործում է հետգաղութային պատմույթներ՝ ցույց տալու համար, թե հակաարևմտյան շրջադարձը և աճող բռնաճնշումները հակագաղութային պայքարի ձև են:

Նման կապերը երբեմն նաև ավելի անուղղակի են. Էդվարդ Սաիդի «Օրիենտալիզմ» գրքի (հետգաղութային տեսության մասին ֆունդամենտալ գրականություն է) ռուսերեն թարգմանության վերջաբանը գրել է ռուս ազգայնական մտավորական Կոնստանտին Կռիլովը: Վերջինս և այլ ռուս ազգայնականներ աջակցեցին Սաիդի աշխատանքը Արևելքի վերաբերյալ արևմտյան հայացքների խնդրահարույց լինելու համար և դրա հետգաղութային շրջանակն օգտագործեցին ռուսներին որպես Արևմուտքի կողմից ճնշված ազգ ներկայացնելու համար:

Նույնկերպ ռուս ծայրահեղ աջ քաղաքական փիլիսոփա Ալեքսանդր Դուգինը հաճախ խոսում է ապագաղութացման մասին՝ մերժելով արևմտյան ժողովրդավարությունը և օգտագործելով հետգաղութային շրջանակը, որպեսզի ընդլայնի հետաքրքրությունների շրջանակը և ասելիքը հասցնի Չինաստանի և Հնդկաստանի ավելի մեծ լսարաններին:

Նման մոտեցում վերջերս մեծ եռանդով կիրառվել է Ադրբեջանում, որն ավելացել է այդ երկրում գործող հակաարևմտյան զինանոցին:

«Ընդդեմ ֆրանսիական գաղութատիրության»

Ադրբեջանում հակագաղութային հռետորաբանությունը մշակվել է նմանատիպ օրակարգ ունեցող երկրների հետ միասին։

Այս հարցում կարևոր գործոն է եղել Ադրբեջանի անդամակցությունը Չմիավորման շարժմանը՝ արտաքին քաղաքական ֆորում, որը 1961-ին ստեղծվել է զարգացող այն երկրների համար, որոնք հրաժարվում էին միավորվել ուժային որևէ մեծ դաշինքի հետ կամ դրա դեմ: Այնուամենայնիվ, բռնակալներն արագ առաջատար դիրքեր զբաղեցրին շարժման մեջ. նախորդիվ այն նախագահած պաշտոնյաների ցանկում են Զիմբաբվեի նախկին նախագահ Ռոբերտ Մուգաբեն, Կուբայի նախկին ղեկավարներ Ֆիդել և Ռաուլ Կաստրոները, Ինդոնեզիայի նախկին նախագահ Սուհարտոն, Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը և Իրանի նախկին նախագահներ Մահմուդ Ահմադինեժադն ու Հասան Ռոհանին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարժման նախագահ է դարձել 2019-ին՝ այդ պաշտոնն ստանձնելով Վենեսուելայի նախկին բռնակալ նախագահ Նիկոլաս Մադուրոյից։

Թեև շարժումն ստեղծվեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այնպիսի արժեքների հիման վրա, ինչպիսիք են ինքնորոշումը և կայսերականության ու գաղութատիրության բոլոր ձևերի մերժումը՝ հօգուտ «դրական և կառուցողական չեզոքության»՝ շարժման առաջատար երկրներն իրենք հազվադեպ են հավատարմություն ցուցաբերել ժողովրդավարությանը և մարդու իրավունքներին իրենց երկրներում։ Փոխարենը, չնայած պաշտոնապես հայտարարված խաղաղամետ և հակակայսերական դիրքորոշումներին, վերջին տարիներին շարժման անդամ երկրներին միավորել են ձախ և աջ բռնատիրական պետականության մոդելները։

Չմիավորման շարժման մեջ Ադրբեջանի աճող ակտիվությունը զուգահեռ ընթացել է Բաքվի կողմից ընտրովի հակագաղութատիրական քաղաքականության որդեգրման հետ, հատկապես Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմից հետո:

Ադրբեջանի հիմնական թիրախը եղել է Ֆրանսիան ինչպես հակամարտության կառավարման հարցում Բաքվի բռնատիրական ռազմավարության նկատմամբ իր բացահայտ քննադատական դիրքորոշման պատճառով, ինչպիսիք են Լաչինի միջանցքի շրջափակումը և 2023-ի սեպտեմբերյան հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա, այնպես էլ Հայաստանին այդ երկրի ցուցաբերած ուժեղ աջակցության պատճառով։

2023-ի հուլիսին Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նախարարական հանդիպման ժամանակ տեղի ունեցած քննարկման հիման վրա ստեղծվեց Բաքվի նախաձեռնող խումբը՝ ընդդեմ ֆրանսիական գաղութատիրության։ Խմբի հայտարարված նպատակն է «անհրաժեշտ քայլեր ձեռնարկել աֆրիկյան մայրցամաքում և աշխարհի տարբեր շրջաններում դե ֆակտո ստրկությունը վերացնելու համար»:

Ալիևն իր բացման խոսքում աջակցություն հայտնեց Հնդկական օվկիանոսում ֆրանսիական վերահսկողության տակ գտնվող Մայոտ կղզու նկատմամբ Կոմորյան կղզիների հավակնությանը, ինչպես նաև Նոր Կալեդոնիայի անկախության շարժմանը։ Վերջինս ևս ֆրանսիական տարածք է Հարավային Խաղաղ օվկիանոսում։ Ալիևը նաև ընդգծեց Ֆրանսիայի գաղութատիրության ժամանակաշրջանի հանցագործություններն Ալժիրում։

Ալժիրի մասին հիշատակումները նորություն չեն. 2021-ի մայիսին Ալիևն իր ելույթում ընդգծել էր ֆրանսիական թանգարանում ալժիրյան գանգերի առկայությունը՝ որպես փաստարկ Բաքվի ռազմական ավարի պուրակի քննադատների դեմ, որոնք նշում էին, որ այն նպատակ ունի թշնամուն զրկել մարդկային կերպարից։ Փաստերի ստուգմամբ պարզ դարձավ, որ Ալիևի պնդումներն ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը, քանի որ խնդրո առարկա գանգերը կա՛մ վերադարձվել էին Ալժիր, կա՛մ դրանց նկատմամբ մուտքը սահմանափակ է եղել:

2023-ի հոկտեմբերի 20-ին Բաքվում տեղի ունեցավ ևս մեկ հականեոգաղութային համաժողով՝ այս անգամ թիրախավորելով Ֆրանսիայի «կոպիտ միջամտությունն իր նախկին գաղութ պետությունների ներքին գործերին» և «մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումներին իր ներկայիս գաղութներում»։ Ալիևը Ֆրանսիայից պահանջեց ներողություն խնդրել գաղութատիրական անցյալի իր հանցագործությունների համար՝ Ֆրանսիային մեղադրելով այլատյաց և իսլամաֆոբ պետական քաղաքականություն վարելու մեջ։

Փաստը, որ Ադրբեջանը թիրախավորում է միայն Ֆրանսիայի գաղութատիրական պատմությունը՝ մի կողմ թողնելով, օրինակ, Մեծ Բրիտանիան, էլ չենք խոսում Թուրքիայի մասին, վկայում է, որ այս դեպքը աջակողմյան քաղաքական նպատակներով ընտրովի «հակագաղութատիրության», այն որպես գործիք օգտագործելու դասական օրինակ է։ Ճակատագրի հեգնանքով «նեոգաղութատիրության» համաժողովին հրավիրված երկրների թվում էր Մեծ Բրիտանիան՝ Ադրբեջանի տնտեսական գործընկերը, որի ընկերություններն օգնեցին Ադրբեջանին հաղթել Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմում։

«Գաղափարական պատերազմ»

Սակայն այլ, ոչ այնքան բարեկամ երկրները նույնպես հայտնվում են Ադրբեջանի ընտրովի հակաարևմտյան օրակարգում:

2019-ի իր ելույթներից մեկում Ալիևն օգտագործեց տիպիկ հոմոֆոբ փոխաբերություն՝ նախազգուշացնելով, որ դեպի Եվրոպա շարժվելը կնշանակի ինտեգրվել «մի վայրի, որտեղ տարբերություն չկա տղամարդկանց և կանանց միջև»:

Նման քննադատության թիրախում հայտնվում է նաև ԱՄՆ-ը, որին Ադրբեջանը մեղադրում է իր ներքին գործերին միջամտելու փորձի մեջ։

Նոյեմբերի 15-ին ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը մեկնաբանեց 2023-ի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունները՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը «տարածաշրջանի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար»։ Նա հավելեց, որ Ադրբեջանի հետ Ամերիկայի հարաբերություններն այլևս «չեն կարող շարունակվել նախկինի պես»։ Նույն օրը ԱՄՆ Սենատը կողմ քվեարկեց 2024 և 2025 թվականներին Բաքվին տրամադրվելիք արտաքին օգնությունը սահմանափակող օրինագծին։

Այս որոշումից և Օ’Բրայենի հայտարարությունից հետո Ադրբեջանն արձագանքեց, ինչպես կարող էր՝ հրապարակայնորեն մերժելով խաղաղ բանակցությունները ամերիկյան տարածքում, սակայն նաև իր հակաարևմտյան քննադատությունն ուղղելով հատկապես ԱՄՆ-ի դեմ:

Օ’Բրայենի հայտարարությունից երեք օր անց ադրբեջանական պետական վերահսկողության տակ գտնվող AzTV-ն տեսանյութ հրապարակեց Ադրբեջանում ԱՄՆ-ի «կեղտոտ խաղերի» մասին՝ ԱՄՆ-ին մեղադրելով լրտեսներ ուղարկելու, «ԼԳԲՏ համակարգը տարածելու» և ազգային-պահպանողական արժեքներին վնասելու մեջ․ ռեպորտաժում արտահայտված բոլոր գաղափարները համահունչ էին ավելի լայն հակագաղութային և հակաարևմտյան հռետորաբանությանը:

Ռեպորտաժում, որը վերնագրված էր «Ադրբեջանում ԱՄՆ գաղտնիքները բացահայտված են. կսկսվի՞ արդյոք երկրում «լրտեսների որսը», Աֆղանստանը, Իրաքը, Սիրիան և Լիբիան ներկայացվում էին որպես Միացյալ Նահանգների գործողություններից ավերված երկրներ, Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա նույնպես ներկայացվում էր որպես ԱՄՆ քաղաքականության արդյունք։ Ռեպորտաժում ԱՄՆ-ի ներկայիս քաղաքականությունը Հարավային Կովկասում անվանվում էր «գաղափարական պատերազմ Ադրբեջանի դեմ», և կոչ էր արվում հետաքննել ԱՄՆ ՄԶԳ-ի գործողությունները երկրում:

Այդ ռեպորտաժի հեռարձակումից օրեր անց սկսվեցին մի շարք հայտնի լրագրողների և քաղաքացիական հասարակության գործիչների ձերբակալությունները։ Ձերբակալվածների մեծամասնությունը AbzasMedia-ի՝ Ադրբեջանում գործող վերջին անկախ լրատվամիջոցներից մեկի աշխատակիցներն էին, որոնց պետական լրատվամիջոցները մեղադրում էին հանուն ԱՄՆ շահերի «երկիրը ապակայունացնելու» մեջ։

[Կարդացեք նաև «Ադրբեջանում յոթերորդ լրագրողն է ձերբակալվել՝ ԶԼՄ-ների դեմ բռնարշավի ընթացքում»]

Ամրապնդելով միտքը, որ ճնշումը նպատակաուղղված էր երկրում Արևմուտքի միջամտության դեմ՝ Ադրբեջանն Արտաքին գործերի նախարարություն կանչեց Ֆրանսիայի, Գերմանիայի և Ամերիկայի դեսպաններին՝ կապված AbzasMedia-ի ֆինանսավորման հետ: Հաղորդվում է, որ նույն օրերին Ադրբեջանը դադարեցրել էր նաև Եվրամիության հետ մի շարք համատեղ նախագծեր:

Թեև Ջեյմս Օ’Բրայենը Բաքու այցելեց դեկտեմբերի սկզբին առանց որևէ միջադեպերի և հեռացավ Վաշինգտոնում Հայաստան-Ադրբեջան մոտալուտ խաղաղ բանակցությունների մասին խոստումներով՝ ԱՄՆ-Ադրբեջան համագործակցությունը շարունակում է մնալ բարդ, քանի որ ձերբակալվածները դեռ ազատ չեն արձակվել:

Ընտրովի հակաարևմտյան տեղաշարժերը ծառայում են միայն մեկ նպատակի՝ օրինականություն հաղորդել ռեժիմին և երկրում զսպել ժողովրդավարական ցանկացած ձայն: Քանի որ Լեռնային Ղարաբաղի վերադարձն այլևս փաստարկ չէ, որը կարող է օգտագործվել այլախոհությունը լռեցնելու համար, հակաարևմտականությունն ընդունվել է որպես նոր գործիք՝ վարկաբեկելու և ճնշելու նրանց, ովքեր ձգտում են կասկածի տակ դնել հաստատված կարգը:

Մեկնաբանել