Վեդու ջրամբարը չի հավատում Նիկոլ Փաշինյանի «խիստ հանձնարարականին»

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարար Գնել Սանոսյանը 2022-ի փետրվարին կառավարության նիստին հայտարարել էր, որ Վեդու ջրամբարի շինարարությունը մինչև 2022-ի տարեվերջ ավարտին կհասցվի։

2023-ի հունվարին, երբ պարզ դարձավ, որ ջրամբարի շինաշխատանքները դեռ անավարտ են, ՏԿԵ նախարար Սանոսյանը հայտարարեց, որ ջրամբարի կառուցման ժամկետը երկարաձգվել է` խոստանալով, որ այն կգործարկվի 2023-ի երկրորդ կիսամյակում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023-ի հունիսին այցելեց կառուցվող ջրամբար և հանձնարարեց շինարարությունը ամեն գնով մինչև տարեվերջ ավարտել։ «Տենց այլընտրանք չկա՝ անեք, թե չանեք: […] Պետք է ավարտեք»,- ասել էր Փաշինյանը։

Տեսանյութի ողջ ընթացքում վարչապետին հավաստիացնում են, որ ժամկետը այլևս չի խախտվի

#CivilNetCheck-ը ՏԿԵ նախարարությունից հետաքրքվեց, թե ինչ փուլում է ջրամբարի կառուցումը։ Պարզվեց՝ արդեն երրորդ անգամ վերջնաժամկետը խախտվում է։

Ավելի քան յոթ տարի կառուցվող ջրամբարը հիմա էլ խոստանում են ավարտել 2024-ին

Արարատի մարզում Վեդու ջրամբարի կառուցման ծրագրի մեկնարկը տրվել էր 2013-ին՝ Ֆրանսիական զարգացման գործակալության 75 մլն եվրո վարկային միջոցներով և Հայաստանի կառավարության 15 մլն եվրո համաֆինանսավորմամբ։

Ջրամբարի շինարարությունը մեկնարկել էր 2017-ին և պետք է ավարտված լիներ դեռ 2021-ի տարեսկզբին։ Սակայն այն նախ հետաձգվեց մինչև 2022-ի տարեվերջ, ապա կրկին տեղափոխվեց 2023-ի երկրորդ կիսամյակ։

Պարզվում է՝ չնայած ՏԿԵ նախարարի խոստումներին և վարչապետի «անզիջում» հանձնարականներին՝ ներկայում Վեդու ջրամբարը դեռ պատրաստ չէ։

ՏԿԵ նախարարությունից #CivilNetCheck-ին հայտնեցին, որ «ջրամբարի շինաշխատանքները 98 տոկոսով կատարված են» և ավարտին կհասցվեն հաջորդ տարում։

«Կավային շերտ պետք է ավելացվի, որի համար եղանակային բարենպաստ պայմաններ են անհրաժեշտ, սակայն վերջին օրերին եղանակը բարենպաստ չէ»,- հայտնեցին նախարարությունից։

Ջրամբարի կառուցումը արբանյակային լուսանկարներով։

Նախկինում Վեդու ջրամբարի ժամկետների խախտումները պատճառաբանվել են կորոնավիրուսի համաճարակով, 2020-ի պատերազմով, տեխնիկական դադարներով, անհրաժեշտ լրացուցիչ աշխատանքներով և տարատեսակ այլ հանգամանքներով։

Կառավարությունն իր ռազմավարական հնգամյա ծրագրով նախատեսում է մինչև 2026-ը մարզերում կառուցել ևս 15 փոքր և միջին ջրամբար, սակայն փաստացի մինչ օրս այդպես էլ չի հաջողում ավարտել յոթ տարի ձգվող Վեդու ջրամբարի շինարարությունը։

Տես՝ Շուռնուխում տները մինչ օրս պատրաստ չեն. կառավարության խոստացած ժամկետներն անցել են

Մեկնաբանել