Տեղահանված հադրութցիների անձնական պատմությունները

Մանկությանս լուսանկարների հետ կորցրել եմ նաև մանկությունս

Անահիտ Ավագյան

Այս պատմությունը արցախցի ուժեղ կնոջ մասին է, որը բազմիցս ենթարկվել է կյանքի դժվարություններին, բայց չի ընկճվել, չի չարացել և շարունակում է պայքարել։

Մարինե Համբարձումյանը 49 տարեկան է: Ծնվել ու մեծացել է Հադրութի շրջանի Տող գյուղում։

Հայրական կողմը Պարսկաստանից է՝ Ատրպատականի նահանգի Ղարադաղ գավառից՝ Սըղն գյուղից։ Մայրական կողմը Հադրութի շրջանի Տումի գյուղից է։ Ամուսնու ընտանիքը, սումգայիթյան ջարդերի ժամանակ (փետրվար, 1988) կորցնելով ընտանիքի հորը, հաստատվել է Հադրութի շրջանի Մոխրենես գյուղում։ Մարինեն պատմում է, որ մանկուց ականատես է եղել արցախցիների և ադրբեջանցիների համատեղ կեցության խնդիրներին Տող գյուղում, այնուհետև՝ գյուղի ազատագրմանը։ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ, ի հեճուկս անասելի դժվարությունների ու կորուստների, ապրել են այստեղ և չեն լքել հայրենիքը։

Արցախյան առաջին պատերազմի ժամանակ (1992-94) ամուսնուն կորցնելուց հետո դստեր հետ վերադարձել է Տող։ Հաղթահարելով հետպատերազմյան դժվարությունները՝ 20 տարի աշխատել է գյուղի մանկապարտեզում։ Մարինեն ասում է, որ ամեն օր մանկական ժպիտներով ու ուրախությամբ շրջապատված լինելն օգնել է հաղթահարել հետպատերազմյան սթրեսը, խնդիրները։ Բայց դա… մինչև 2020-ի սեպտեմբերին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած հերթական պատերազմը։ Պատերազմը վերակենդանացրեց այն մղձավանջը, որն ապրել էին 30 տարի առաջ։

Պատերազմի նախորդող օրը գյուղում եռում էր կյանքը։ Մարինեն հիշում է, որ մինչև ուշ գիշեր թթու էր դնում ձմռան համար ու տեղավորում սեփական այգուց հավաքած ու չիր սարքած մրգերը։ Մարինեի դուստրը հիշում է ․«Առավոտյան արթնացա մամայիս ձայնից ու չնայած քնաթաթախ էի ու վայրկենապես հասկացել էի, թե ինչ է կատարվում, բայց այդ պահին մամայիս ասած նախադասությունը մինչև հիմա ականջներումս է․ «Ա՛ն, յէրկաց, կռեվը սկսալ ա»։ Կարծես, այսքան տարի ապրում էր սպասելով, որ մի օր նորից սկսվելու է պատերազմը։

Մարինեի խոսքով՝ վայրկյանների ընթացքում 84 ամյա հոր ու դստեր հետ իջել են առաջին հարկի նկուղ։ «Մի քանի րոպե անց հարևանուհիս երկու երեխաներին գրկած նույնպես միացավ մեզ։ Նկուղի պատուհանը ծածկել եմ, որ երբ սկսեն խփել՝ բեկորները չլցվեն ներս: Ծանոթների հետ խոսելուց իմացանք, որ անօդաչու սարքերով հարվածում էին զինվորական պահեստներին։ Մեր գյուղում նույնպես զինապահեստ կար, մեր թաղն էլ այդ պահեստի մոտ էր: Հարևաններով որոշեցինք գնալ հարևան Տումի գյուղ, այնտեղ ապահով էր։ Արցախյան պատերազմի չորս տարիները դրա ապացույցն էին։ Հիշում եմ, թե ինչպես վտանգի ժամանաակ մայրս ինձ տանում էր Տումի։ Այս անգամ նույնիսկ Տումին չէր ապահովագրված վտանգից։ Դադար չառնող պայթյունների ձայների մեջ անընդհատ կապ էինք հասատում մեր ծանոթ-բարեկամների հետ, միմյանց հուսադրում։ Պատերազմի հաջորդ օրը հարևանուհուս հետ Տումիից որոշեցինք վերադառնալ գյուղ, որոշ իրեր բերել մեզ համար։ Աղջկաս ուսանողական պայուսակի մեջ հավաքած իմ մի քանի տաք հագուստը դարձան տնից վերցրած միակ հուշը։ Գյուղից չէինք ուզում հեռանալ, անորոշ հայացքներով իրար էինք նայում: Աղջիկս լացակումած ասում էր, որ չի ուզում մնալ ու պատասխանատվությունը վերցնել իր վրա։ Հարևանուհուս երեխաները վախից լացում էին, ուզում էին գնալ Երևան։ Բարձրացանք երկրորդ հարկ, որ փաստաթղթեր, հագուստ վերցնենք։ Ուզում էի իմ ու աղջկաս դիպլոմները վերցնել, բայց պայուսակի մեջ տեղ խնայելու համար աղջիկս ուղղակի լուսանկարեց դրանք։ Լուսանկարներ կամ այլ իրեր տնից վերցնելու մասին չխոսեցինք անգամ, քանի որ հայրս, մեր տարիքով հարևանները բոլորը դեռ գյուղում էին»,- վերհիշում է Մարինեն։

Տող գյուղից դուրս են եկել հարևանի մեքենայով, որը դիրքերում էր, բայց մեքենան տվել էր մի տարիքով մարդու, որ դրանով մարդկանց օգնի, տարհանի։ Ու տասներկու հոգով «Օպել» մակնիշի մեքենայի մեջ, երկու ամսական երեխայից մինչև ամենատարեցը, տասներկու հոգով ժամը երեքին գյուղից դուրս ենք եկել։ Ճանապարհը շատ սարսափելի էր, մի կողմից դեպի Հայաստան գնացող, մյուս կողմից՝ դեպի Արցախ գնացող ու զենք-զինամթերք տեղափոխող մեքենաներ, զինվորներ, այսինքն՝ մոբը, որ Արցախ էր մեկնում։ Մարինեի պատմելով՝ հայրը դուրս չի եկել, որովհետև չի հավատացել, որ հակառակորդը կարող է մտնել Հադրութ, Տող։ Տարիքով տղամարդիկ, կանայք նույնպես մնացել են գյուղում, որպեսզի պահեն իրենց տնտեսությունն ու օգնեն զինվորներին։ Մարտական հերթափոխից տուն եկող զինվորներին կերակրող էր պետք, դիրքերը սնունդ ուղարկող էր պետք: «Քանի որ գնալով վիճակը լարվում էր, պապաս հոկտեմբերի տասներկուսին դուրս եկավ, որովհետև այդ օրը սկսեցին մեր գյուղին էլ խփել: Հադրութը գրավված էր, իսկ Մարիամաձորի ու Ջրակուսի անտառներում արդեն ազերիներն էին»,- պատմում է Մարինեն:

«Ամեն անգամ, պահարանը բացելիս, տեսնում եմ այս պայուսակը, մտովի հետ գնում գյուղ, ամեն անգամ ինձ նախատում, թե ինչու գոնե մեր լուսանկարները չեմ վերցրել։ Մեր մանկությունը, երիտասարդությունը և բոլոր լավ հիշողությունները մնացել են գյուղում։ Պայուսակում դրանք տեղավորելու կարիք այն ժամանակ չէինք զգացել, որովհետև 85-ամյա հայրս ու շատ գյուղացիներ դեռ գյուղում էին: Մենք էլ վստահ էինք, որ ընդամենը մի քանի օրով ենք հեռանում»,- սրտի ցավով ասում է Մարինեն։

Երբ գյուղը պաշտպանող տղաներից իմացել է Հադրութ քաղաքի, Տող գյուղի գրավման մասին, Մարինեն ցնցվել է, բայց հույս է ունեցել, որ առաջին պատերազմում Տողի ազատագրման օրը՝ հոկտեմբերի 31-ին, նորից գյուղը կազատագրվի։ Երբ իմացել է հրադադարի պայմանագրի մասին, երկար ժամանակ է պետք եղել, որպեսզի վերջնականապես ընդունի ծննդավայրի կորուստը։

«Ամեն օր 85-ամյա հայրս ինձ նախատում է, որ նրան չեմ թողնում վերադառնա գյուղ, ամեն անգամ նրան բացատրում եմ, որ գյուղն այլևս մերը չէ, բայց ինքս էլ էի դժվարությամբ հավատում։ Մինչ օրս նա դեռ չի կարողանում հաղթահարել այդ ցավը։ Ու պատերազմի ավարտից հետո, երբ հանդիպում ենք մեր բախտակիցներին, ամենաշատը ափսոսում ենք գյուղում թողած լուսանկարների համար։ Մեր կյանքի բոլոր երջանիկ, ուրախ օրերն ու դրանց ապացույցները մնացին գյուղում։ Մեր մանկության, պատանեկության ու երիտասարդության ժամանակների լուսանկարները կորցրել ենք, ու տպավորություն է, թե կորցրել ենք մեր մանկությունը, պատանեկությունն ու երիտասարդությունը, որ դրանք այլևս մերը չեն»,- ասում է Մարինեն։

Ինչե՜ր կարող էր անել Արենը

Ռազմիկ Միրզոյան

Արդեն երկու տարի է, ինչ իմ կյանքից ընդմիշտ հեռացել է ավագ եղբայրս՝ Արեն Միրզոյանը։ Ու երբ հիշում եմ նրան, ամեն անգամ ավելի ու ավելի եմ զարմանում, թե ինչպիսի վառ ու լուսավոր անհատականություն էր նա։ Միաժամանակ, ինձ հարց եմ տալիս ամեն անգամ՝ իսկ միգուցե այդքան բարձր եմ գնահատում նրան միայն այն պատճառով, որ հարազատ եղբա՞յրս է։ Բայց ոչ, ես իսկապես չեմ չափազանցում՝ ինքն իսկապես բացառիկ էր:

Արդեն յոթ տարեկանում մտովի բազմապատկում էր եռանիշ, անգամ քառանիշ թվեր։ Մասնակցեց «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթին և ճանաչվեց հաղթող, շնորհավորեցին ՀՀ նախագահը, կրթության նախարարը, կաթողիկոսը։ Արդեն այդ ժամանակ հասցրել էր նաև կարգին շախմատ խաղալ սովորել և բարձր արդյունքներ գրանցել Արցախի պատանիների առաջնություններում։

Նաև սպորտով էր զբաղվում. սկզբից ըմբշամարտ՝ միայն կոփվելու համար, հետո անհատական պլանով պարապում էր պտտաձողի վրա և շատ կարճ ժամանակում հասավ անհավանական արդյունքների։ Այն աստիճան, որ մի օր ահաբեկված ու տագնապած հայրն Արենին տեսավ պտտաձողի վրա 360 աստիճանի պտույտներ գործելիս («солнце» կոչվող հնարքը)։

Եթե մի բան իրեն դուր գար, պիտի տիրապետեր ու տիրապետեր կատարելության աստիճանի։ Այդպես եղավ նաև «ռուբիկ-կուբիկի» և «սալտո»-ի պարագայում։ Ընդ որում, կուբիկը հավաքում էր գրեթե տասը վայրկյանում։

Սակայն միանգամայն այլ երևույթ եղան երաժշտությունն ու կիթառը, որին այնպես տիրապետեց, որ որոշ ժամանակ անց Արցախի բազմաթիվ վայրերում և բեմերում ցանկալի հյուր էր: Նրան ճանաչեցին անգամ հայկական բարդի վարպետները, համերգի մասնակցեց անգամ ՌԴ Ստավրոպոլ քաղաքում:

Հեղինակային երգի ակումբ

Միանգամից ու անվճար ընդունվեց Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, բայց այդպես էլ չիմացավ, թե որտեղ է համալսարանի շենքը…

Երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, Արենն ընդամենը երկուսուկես ամսվա ծառայող էր, ու կատարելությունն այստեղ էլ չէր լքել նրան. ինքն էր թնդանոթի նշանառուն: Եվ՝ անիծյալ հոկտեմբերի 19-ը… ու կտրվեց կատարելության ձգտող պատանու կյանքի թելը…

Հիմա ես մտածում եմ՝ իսկապես, ինչքա՜ն դժնդակ է մեր ճակատագիրը, ինչե՜ր կարող էին անել Արենի նման մարդիկ, ինչ բարձունքների հասնել:

Պատերազմ… ո՞րն է քո իմաստը: Եվ, ընդհանրապես, իմաստ ունե՞ս դու:

Քանի՞ անգամ կարող է վերածնվել գյուղը…

Արևիկ Համբարձումյան

Իմ հայրենի գյուղը Առաքելն է, որն ունի հինգ անգամ վերապրած կարոտ՝ հանդերի ու աղբյուրների, մանկության արահետների ու հարազատների շիրմաքարերի… Եվ ես մեկն եմ երկու անգամ կարոտ ապրած առաքելցիներից:

Արցախյան առաջին պատերազմի ժամանակ՝ 1991-ին, մեր գյուղը պատանդ վերցվեց ազերիների կողմից: Տղամարդիկ ու մի քանի կին գերեվարվեցին, նրանց տարան Ջեբրայիլ քաղաքի միլիցիայի շենք: Նրանց շարքում էր 70-ամյա Երվանդ Ավետիսի Ղահրամանյանը՝ վաստակավոր մանկավարժը, որն իր գործունեության 20 տարին անցկացրել էր հենց Ջեբրայիլում՝ դասավանդելով ռուսաց լեզու…

Պատմում է դուստրը. «…Ձեռքերը շղթայեցին և քաշքշելով հրեցին ավտոյի մեջ և տարան Ջեբրայիլ… Համբուրեց տան սյունն ու գնաց»: Իսկ արդեն այնտեղ ենթարկվեց ամենադաժան կտտանքների, և սա ասում եմ ոչ թե ուրիշներից լսելով, այլ ինքս էի վկան: Խոշտանգվեցին բոլոր տղամարդիկ, նրանց ծեծում էին, ծաղրում։ Անգամ կանանց չխնայեցին… Մի կերպ կանանց ու տղամարդկանց ազատ արձակեցին, բայց բռնությամբ գյուղից վտարեցին:

812 օր գյուղս պատանդ էր, այդ ընթացքում ազերիները հասցրեցին հիմնահատակ քանդել գյուղի բոլոր տները, հուշարձանները, եկեղեցին, գերեզմանոցը՝ մասունքներ էին աջ ու ձախ թափված: Այնուհետև առաքելցիների մի մասը վերադարձավ գյուղ, այդ թվում՝ Երվանդ Ղահրամանյանը: Իր ապրած կարոտն ու տունդարձի երախտիքն արտահայտեց խաչքար քանդակելով՝ նվիրված գյուղի վերածննդին, խաչքարով ավետվեց Առաքելի չորրորդ վերածնունդը, այն կանգնեցվեց հարյուրամյա չինարի ծառերի երբեմնի սրբատեղում: Եվ թվաց, թե փորձանքներն արդեն անցյալում են…

Բայց եկավ 2020-ը… ու դարձյալ կրկնվեց ամեն ինչ։ Եթե այն ժամանակ կորցրեցի մանկությունս, ապա այժմ՝ մի ամբողջ կյանք։ Մինչև հիմա էլ ինձ համար ահասարսուռ են սոցհարթակում ազերիների տեղադրած այդ կադրերը։

Վարպետը կյանքին հրաժեշտ էր տվել մի քանի տարի առաջ, բայց խաչքարով ապրում ու ապրեցնում էր գյուղը։ Այս կադրերը դիտելիս կարծես Վարպետին են տապալում գետնին ու նույն 91-ի տեսարանն է հուշերումս զարթնում, ապրած ու վերապրած ապրումները…

Հադրութից փրկված մասունքների մասին

Լիաննա Պետրոսյան

Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Արցախի բռնազավթված տարածքներից շատ քիչ բան հնարավոր եղավ դուրս հանել, տեղափոխել:

Հադրութի շրջանից, ըստ առկա տվյալների, փրկվել է մի քանի նմուշ, այդ թվում՝ Տողի Մելիքական ապարանքի թանգարանի որոշ նմուշներ, «Դիզակի գույները» միջազգային նկարչական սիմպոզիումների ժամանակ ստեղծված 26 կտավ, Հին Թաղերի եկեղեցու զանգերը, խաչերը, մոմակալը, վարագույրը, ծածկոցներն ու Խծաբերդից բերված խաչքարի մի պատառիկ:

Գուցե որոշ անհատներ, այնուամենայնիվ, կարողացել են ինչ-որ պատմական, արժեքավոր իրեր, նմուշներ տարհանել, բայց նախընտրում են լռել այդ մասին… Չգիտեմ, տեղյակ չեմ։

Ինքս մայրական կողմից լինելով Հադրութի շրջանի Հին Թաղեր գյուղից, 2021-ին ֆեյսբուքյան խմբերից մեկում հանդիպել եմ արմատներով հինթաղերցի Դավիթ Շադյանի հայտարարությանը։ Նա հրավիրում էր բոլոր հինթաղերցիներին և ոչ միայն նրանց՝ մասնակցելու Արարատի մարզի Արարատ գյուղի եկեղեցում մատուցվելիք պատարագին՝ նշելով, որ այնտեղ հանգրվանել են Հին Թաղերից տեղափոխված եկեղեցական մասունքները:

«Պատահաբար տեղեկացա, որ 2020-ի նոյեմբերի 23-ին Հին Թաղերում դիրքեր պահող տղաները գյուղը վերջնականապես ազերիներին հանձնելուց առաջ հանել են գյուղի Սբ Ամենափրկիչ եկեղեցու Մեծ և Փոքր զանգերը, խաչերը, մոմակալ, ծածկոցներ՝ խաչով, վարագույր, որոնք հետո տեղափոխել են Քաջարանի եկեղեցի: Ես չէի կարող չգնալ այդ մասունքների հետևից, անհապաղ որոշեցի ու հորս՝ Լեռնիկ Շադյանի, Հին Թաղերի համայնքի ղեկավար Էդիկ Այվազյանի հետ գնացինք ու նմուշները 2021-ի մայիսի 14-ին տեղափոխեցինք Արարատ գյուղ։ Մասունքները Մասյացոտն թեմի Առաջնորդ Տեր Դավիթ Սահակյանի օրհնությամբ հանգրվանեցին Արարատի Սբ Հակոբ եկեղեցում։ Սրբությունները, մինչև իրենց մշտական վայր վերադարձնելը, այսուհետ գտնվելու են Արարատի Սբ Հակոբ եկեղեցում»,- պատմում էր Դավիթը։

2021-ի մայիսի 16-ին Սբ Հակոբ եկեղեցում մատուցվել է պատարագ, որին ներկա են եղել Արարատի մարզում ժամանակավոր հանգրվանած հինթաղերցիներ, Հադրութի շրջանի այլ համայնքներից տեղահանվածներ։

Հին Թաղերի Սբ Ամենափրկիչ եկեղեցու մասունքները հանած տղաներից Բագրատ Նավասարդյանը պատմում է. «2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո Հին Թաղեր գյուղը դարձել էր չեզոք գոտի: Գյուղի մի բարձունքում մենք էինք, մյուսում՝ հակառակորդը: Մտավախություն կար, որ հակառակորդը կիջնի գյուղի կենտրոն և կփորձի պղծել եկեղեցին: Այդ իսկ պատճառով որոշեցինք՝ ճիշտ կլինի, որ հանենք եկեղեցու որոշ մասունքներ: Ինչ հնարավոր էր՝ հանեցինք եկեղեցուց: Այդ ժամանակ նրանք նկատեցին մեր շարժը, անկանոն կրակոցներ արձակեցին, բայց գործն արդեն արել էինք»:

Բագրատի հետ նաև Տիգրան Մխիթարյանն էր, որը Ռուսաստանից Արցախ էր վերադարձել՝ հայրենիքը կամավոր պաշտպանելու: Եկեղեցուց հանված նմուշները տղաները փոխանցել են աշխարհազորի հրամանատար Վոլոդյա Ավանեսյանին: Վերջինիս օգնականի կամ տեղակալի միջոցով, որը քաջարանցի էր, այդ մասունքներն այնուհետև հայտնվել են Քաջարանի եկեղեցում:

2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հադրութի շրջանի երկու բնակավայր մնացել էր Արցախի Պաշտպանության բանակի վերահսկողության ներքո: Սակայն նույն թվականի դեկտեմբերի կեսին Ադրբեջանը գրավեց Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը։

2021-ից Արցախի ԿԳՄՍ նախարարությունը կազմակերպեց Արցախի օկուպացված տարածքներից փրկված մասունքների ցուցահանդես, որտեղ ներկայացված էին նաև Հին Թաղերի եկեղեցուց հանված սրբությունները և խաչքարի մի փոքրիկ կտոր Խծաբերդից:

Խաչքարի այդ կտորը ևս փրկված մասունք է, որն այժմ պահվում է Երևանում՝ «Դիզակ ԱՐՏ» մշակութային-երիտասարդական կենտրոնում՝ Հադրութում նկարված և Հադրութը պատկերող, երջանիկ պատահականությամբ փրկված «Դիզակի գույները» միջազգային նկարչական սիմպոզիումի կտավների հետ միասին:

Փրկված մասունքները մի փոքրիկ մասն են Հադրութի պատմական մեծ ժառանգության, որ սրբորեն պահվում են Հադրութից հեռու՝ վերջնականապես իրենց պատմական վայրերում հանգրվանելու մեծ հույսով ու հավատով:

Она ушла на Радугу

(Записано со слов кошечки Ивы)

Джульета Арустамян

Я родилась в Шуши. Три окна нашей квартиры выходили в сторону горы, покрытой высокими деревьями. А из двух других была видна огромная белая постройка, похожая на невесту в подвенечном платье с крестом на голове. Из нее каждый день доносился звон колокола. И я, сидя на подоконнике, подолгу всматривалась в бесконечно высокое синее небо.

Мне очень повезло, потому что у меня была самая лучшая мама на свете. Наша хозяйка, рассказывая о маме Лизе, всегда подчеркивает: «Даже среди людей не часто встречаются настолько чуткие, внимательные и преданные мамы».

А какой виртуозной охотницей была мама Лиза! В нашем доме было много еды и не было мышей, но она все же учила меня охотиться. Однажды мама Лиза в одном прыжке поймала сразу двух птиц, присевших на балконе. Правда хозяйка погналась за ней и отпустила добычу.

Мама Лиза не переставала опекать меня, даже когда стала старенькой, а я выросла и сама стала мамой. Каждый раз она выхаживала моих котят, подолгу грея их теплом своего тела и вылизывая их шерстку добела. А я могла часто и подолгу гулять, оставляя котят под ее присмотром.

Перед самой войной мама Лиза окотилась одним котенком. Он был слабенький и сразу погиб. Как она убивалась! Два дня плакала, искала и звала его! Недели через две нам вернули моего котенка, которого за месяц до этого отдали в добрые руки. Там у хозяйки оказалась аллергия… Мама Лиза тут же приняла его как родного и еще месяц откармливала своим молочком.

Но наш кошачий рай оказался недолговечным. Что-то случилось, и в воздухе зависло большое, зловещее чувство тревоги. Наши домочадцы перестали улыбаться и ласкать нас, подолгу куда-то уходили. Возвращались они только для того, чтобы накормить и напоить нас, хотя здание трясло и окна звенели. Мы часто слышали приближающийся гул и взрывы. Было холодно, темно и страшно. И мы очень боялись, что останемся совсем одни в пустом доме, который перестал быть уютным без нашей семьи.

Но через четыре долгих недели нас взяли на руки и унесли из этого дома. И мы долго-долго, бесконечно долго ехали. Обычно разговорчивые, весело шутящие родные нам люди всю дорогу молчали. За окном машины сменялись картинки одна краше другой, а внутри давила тишина.

Мы приехали в незнакомый дом, в котором некоторое время жили два десятка незнакомых нам людей. Приходилось прятаться от детишек, которые так и норовили оторвать нам хвосты! Постепенно все разъехались, и осталась только наша семья.

Потом опять что-то случилось! Это что-то было еще хуже войны. Наши родные прятали глаза друг от друга и тайком плакали. Было видно, что в их глазах погасла надежда, а вместо нее поселилась печаль.

Благо, у меня родился котенок, и это немного разрядило обстановку. Мама Лиза, как и прежде, помогала мне. Вид из окон здесь был удручающий: серое небо и ни одного дерева! Но зато нас выпускали погулять во дворе. Скоро к нам пристроился дворовый котик-замухрышка. Его назвали Максиком и стали откармливать. Теперь он богатырь, охраняющий территорию от змей и множества деревенских собак, которые прибегают полакомиться из добрых рук хозяев.

Моя мама Лиза совсем постарела, ведь ей уже было 18 человеческих лет! И когда она медленным величавым шагом уходила погулять, хозяева очень беспокоились, ведь она стала хуже видеть и слышать. В отличие от них я не волновалась, потому что была уверена, что скоро она как обычно вернется. Ведь у меня самая лучшая мама на свете!

Но в конце лета она ушла и не вернулась. Ее искали несколько дней. Ни следа! Хозяйка со слезами на глазах часто повторяет: «Я знаю точно, моя Лиза просто не хотела, чтобы я снова переживала стресс и плакала. Она тихо ушла на радугу…»

Արմենը, որ խոստացավ գալ, բայց եկավ «քնած»

Քրիստինե Սարգսյան

2020-ի սեպտեմբերի 27-ի առավոտն էր, ուրախ արթնացա, որ զանգեմ եղբորս՝ Արմենին, ու 20-ամյակը շնորհավորեմ։ Իմացա, որ պատերազմ է սկսվել։ Մեկ անգամ զանգելուց և նրա հետ կապ հաստատել չկարողանալուց հետո մտածեցի, որ երևի նրան հարմար չէ, միգուցե՝ խանգարում եմ։ Հետո էլ՝ կտեսնի իմ զանգը ու հետ կզանգի իրեն հարմար ժամանակ։ Այդպես էի մտածում, բայց, միևնույն է, շատ անհագիստ էի։

Երեկոյան զանգեց ու ասաց, որ ամեն ինչ կարգին է, ինքն էլ լավ է, թող չանհանգստանամ։ Շատ վստահ էր խոսում։ Իմ ու Արմենի տարիքային տարբերությունը այդքան էլ մեծ չէ՝ 1 ամիս, 5 օր։

Քսան տարի մեծացել ենք իրար հետ, և ես շատ էի վստահում նրան։ Այս անգամ էլ նրա ձայնը համոզիչ էր: Նա վստահ էր, որ հաղթելու ենք։ Պատերազմի ընթացքում մենք ամեն օր խոսում էինք։ Գիտեր՝ օրվա ընթացքում հենց հարմար պահ լինի, պետք է զանգի։

Հոկտեմբերի 27-ն էր. մի ամբողջ գիշեր ինձ հետ խոսելով քայլեց դեպի Մարտունի՝ ճանապարհին հանդիպելով մեր դասընկերներին։ Նոյեմբերի 3-ի երեկոյան գնացել էին մի տուն` որոշ ժամանակով հանգստանալու։ Արմենը նախընտրել էր քնելու փոխարեն զանգել ու բոլորիս հետ տեսակապով խոսել։ Պատմում էր, որ երկու անգամ բախտը բերել է` մի անգամ սաղավարտն էր փրկել, մյուս անգամն էլ՝ զրահաբաճկոնը։ Ասում էր, որ պահում է փամփուշտները ու երբ վերադառնա՝ անպայման կբերի ու ցույց կտա ինձ։ Փոքրիկ քույրիկիս նույնպես խոստում տվեց, որ վերադառնալիս «կինդեր» կբերի։ Ու անմիջապես կատակով ավելացրեց՝ որ չտխրես, քեզ համար էլ կբերեմ։

Նկատում էի, որ շատ տխուր էին Արմենիս աչքերը։ Երբ զրույցի ժամանակ մի պահ մենակ էի, տնեցիները մոտս չէին, ասացի. «Արմեն, շատ ես հոգնել, ախր, շատ տխուր ու հոգնած են աչքերդ: «Գիտե՞ս՝ այնքան ընկերներ են զոհվել աչքիս առաջ»,- ասաց։ Ու աչքերը լցվեցին։ Չգիտեի՝ ինչ ասել, սակայն մի կերպ անհրաժեշտ բառերը գտա և ասացի, որ շատ եմ վստահում իրեն և գիտեմ՝ ինչ էլ լինի, նա ողջ-առողջ գալու է մեզ մոտ, քանի որ գիտի՝ ոնց ենք իրեն սպասում։ Արմենը վստահ պատասխանեց, որ կարող եմ հանգիստ լինել, քանի որ իր հետ ոչ մի բան չի կարող պատահել։

Հաջորդ օրերին իմացանք, որ նրանց տարել են Շուշի, սակայն արդեն հրեշտակիս հետ կապ հաստատել չկարողացա։ Չունեինք ոչ մի լուր։ Ամիսներ շարունակ փնտրում էինք ամեն տեղ։ Բայց, միևնույն է, հավատում էի, որ վերադառնալու է։

Եկավ փետրարի 28-ը, գտանք Արմենիս, սակայն… քնած։ Պատերազմից հոգնել էր նա, խորը քնել և չէր ցանկանում արթնանալ։

Նույն ճակատագրին էր արժանացել նրա հորեղբայրը՝ 30 տարի առաջ, առաջին պատերազմում։

Ես գիտեմ, ավելին՝ վստահ եմ, որ իմ Արմենը կա, իմ կողքին է։ Շատ հաճախ հիշում եմ նրա խոսքերը, ժպիտը։ Նրա ձայնը միշտ իմ ականջներում է։ Պարզ ու լուսավոր մարդ էր, սրտանց օգնում էր բոլորին։

Ինձ մնացել են հուշեր ու արցունքներ։ Մեր հրեշտակները կապրեն այնքան, քանի դեռ տեղ ունեն մեր սրտերում, մեր մտքերում ու մեր հոգիներում։

Մեկնաբանել