Հայկական կողմը պատասխանել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներին

Հունվարի 4-ին հայկական կողմը պատասխանել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներին։ Այդ մասին հունվարի 8-ին Առաջին ալիքին տված հարցազրույցում հայտարարել է անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նա նաև հայտնել է, որ համաձայնություն կա հունվարի վերջին սահմանազատման հանձնաժողովների հանդիպման շուրջ․ «Հուսով ենք, որ այդ հանդիպումը հունվարի վերջին տեղի կունենա»։

Վերլուծելով խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական և հայկական կողմերի վերջին առաջարկները, Գրիգորյանը նշեց․ «Եվ դրականը կա, և բնականաբար որոշ հարցեր կան, որոնց դեպքում առաջընթաց չի գրանցվել։ Այն բոլոր հարցերը, որոնց համար մենք լուծումներ չենք գտել, ակնկալում ենք, որ և փոխանակման, և բանակցությունների միջոցով հնարավոր կլինի դրանք վերջնականացնել և կնքել այդ խաղաղության պայմանագիրը։ Կան հարցեր, որոնց շուրջ բանավոր բանակցությունների ընթացքում համաձայնության էինք եկել, սակայն խաղաղության պայմանագրի տեքստում որոշակի հետընթացներ ենք տեսել»։

ԱԽ քարտուղարը վստահեցնում է, որ խաղաղության պայմանագրում չի կարող լինել որևէ միջանցքի հարց․ «Խաղաղության պայմանագիրը նախ այն մասին է, որ փորձենք համակեցություն ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև, և ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը տարածքային նկրտումներ չունենան միմյանց նկատմամբ»։

Արմեն Գրիգորյանը կարծում է, որ խաղաղության պայմանագիր ունենալը էսկալացիայի բացառման լավագույն տարբերակն է․ «Վերջին շրջանում կայունություն կա հայ-ադրբեջանական սահմանին, նույնիսկ եղել է 5-6 օր, որ ոչ մի կրակոց չի հնչել, այդպիսի օրեր երևի վերջին 30 տարում մենք չենք ունեցել։ Բայց էսկալացիայի բացառման լավագույն տարբերակը խաղաղության պայմանագիր ունենալն է»։

Դեկտեմբերի 25-ին հայկական կողմը ստացել էր խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի հերթական առաջարկները։

***

Հոկտեմբերի 30-ին ԱԺ-ում 2024-ի պետական բյուջեի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության երեք հիմնական սկզբունքները համաձայնեցված են։ Եթե կողմերը մնում են հավատարիմ այդ համաձայնեցված սկզբունքներին, խաղաղության պայմանագրի ստորագրումը դառնում է իրատեսական»։

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն էլ ասել էր, թե Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագրի ո՞ր հարցերում տարաձայնություններ ունեն․ «Մեզ համար շարունակում է սկզբունքային մնալ սահմանագծի հստակեցման հարցը։ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հնարավոր փաստաթղթի անկյունաքարը պետք է լինի 2 երկրների միջև սահմանագծի ամրագրումը։ Կարևոր հարցերից է մնում նաև ապաշրջափակման գործընթացի չորս սկզբունքների արձանագրումը, որոնք նաև արձանագրված են Գրանադայի հայտարարության մեջ։ Կարևոր է լինելու նաև վեճերի կարգավորման հստակ մեխանիզմի ստեղծումը»,- նշել էր Կոստանյանը։

Մեկնաբանել