Ինչ կենսագրություն ունեն ՊՆ-ի նորանշանակ պաշտոնյաները

#CivilNetCheck, Հայկ Հովհաննիսյան

Փետրվարի 14-ին հայտնի դարձավ Զինված ուժերում խոշոր կադրային փոփոխությունների մասին։ Պաշտոնից ազատվեց ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցը, այնուհետև մեկ օրում միանգամից ինը նոր նշանակում կատարվեց։


Նշանակվեցին գլխավոր շտաբի պետի երեք նոր տեղակալներ, ԳՇ վարչությունների երեք պետեր, հայ-ռուսական միացյալ զորքերի և Խաղաղապահ բրիգադի հրամանատարներ, ինչպես նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի նոր պետ։

#CivilNetCheck-ը ներկայացնում է նորանշանակ բարձրագույն սպայական կազմի՝ բաց աղբյուրներում հասանելի կենսագրական տվյալները։

«ՆԱՏՕ-ական ստանդարտներ»

Զինված ուժերում կադրային փոփոխությունները անսպասելի չէին։ Ավելի վաղ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ ԳՇ-ում նշանակվելու են ՆԱՏՕ-ի չափորոշիչներին համապատասխան կրթություն ստացած զինվորականներ։

Գնդապետ Արթուր Երոյանը նշանակվել է ԳՇ պետի տեղակալ։ 46 տարեկան է։

Արթուր Երոյանը երկար տարիներ եղել է Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի տեղակալ։ Մասնակցել է Կոսովոյում և այլ երկրներում խաղաղապահ առաքելություններին։ 2017-ին եղել է Բաղրամյանի ուսումնական զորամասի հրամանատարը։ 2020-ին մասնակցել է 44-օրյա պատերազմին, այնուհետև նշանակվել ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ։ 2021-ին նշանակվել է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ։ Նրա ղեկավարման շրջանում համալսարանը խոշորացվել է՝ դառնալով ակադեմիա, կատարվել են խոշոր բարեփոխումներ։

Որոշ աղբյուրներում նշվում է, որ Երոյանը սովորել է տարբեր եվրոպական և ամերիկյան ռազմական ուսումնական հաստատություններում։ Նաև հայտնի է, որ նա ուսում է ստացել ՌԴ դիվանագիտական ակադեմիայում։

Գնդապետ Դավիթ Ալեքսանյանը նշանակվել է ԳՇ մարտական պատրաստության վարչության պետ: 39 տարեկան է։

Սովորել է Վ․ Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, այնուհետև 2008-ին ուսումը շարունակել է ԱՄՆ-ում։ Հրետանավոր սպա է: Ծառայել է Լեռնային Ղարաբաղում, եղել է հրաձգային վաշտի հրամանատար։

2017-ին ԱՄՆ-ում Հրամանատարաշտաբային քոլեջն ավարտելուց հետո նշանակվել է նորաստեղծ «Զառ» ուսումնական կենտրոնի պետ։ 2022-ից հանդիսանում էր Բաղրամյան ուսումնական զորամասի հրամանատար։

Խաղաղապահ բրիգադի կազմում 2004-ից առաքելությունների է մասնակցել Կոսովոյում, Իրաքում, Աֆղանստանում, որոնք իրականացվել են ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի, ՄԱԿ-ի հովանու ներքո։ Մասնակցել է ՆԱՏՕ-ի շրջանակներում մեծ թվով զորավարժությունների։

Գնդապետ Արսեն Մանգասարյանը նշանակվել է Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ։ 39 տարեկան է։

Երկար տարիներ ծառայել է Խաղաղապահ ուժերի բրիգադում, մասնակցել բրիգադի խաղաղապահ առաքելություններին։ Սովորել է ԱՄՆ-ի բանակի հրամանատարության և գլխավոր շտաբի քոլեջում, անցել վերապատրաստման դասընթացներ, մասնակցել ՆԱՏՕ-ի զորավարժությունների։

2020-ի 44-օրյա պատերազմին մասնակցել է որպես Խաղաղապահ ուժերի բրիգադի գումարտակի հրամանատար։ Պատերազմի ընթացքում ստացել է վիրավորում։ Որոշ աղբյուրներ նշում են, որ պատերազմի ավարտից հետո եղել է պաշտպանության նախարարի խորհրդական։

2021-ից գնդապետ Մանգասարյանը զբաղեցնում էր Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի, իսկ 2022-ից՝ նաև «Զառ» ուսումնական կենտրոնի ղեկավարի պաշտոնը։

2023-ի սեպտեմբերին ղեկավարել է հայ-ամերիկյան «Արծիվ գործընկեր-2023» զորավարժությունը։

Գնդապետ Համլետ Լևոնյանը նշանակվել է Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար։ 43 տարեկան է։

Ծառայել է 2011-ին ՊՆ տանկային զորամասում, 2013-2015 վերապատրաստվել է ՌԴ-ում։ Այնուհետև ծառայել է ԼՂՀ-ի Մարտակերտի զորամասում։ 2020-ին ստացել է գնդապետի կոչում, մասնակցել 44-օրյա պատերազմին։

2022-ին նշանակվել է Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի տեղեկալ։ Բրիգադի պատվիրակության կազմում եղել է Կոսովոյի տարածաշրջանում, ինչպես նաև ՀԱՊԿ-ի «Անխախտելի եղբայրություն» զորավարժությունների քննարկմանը գլխավորել Հայաստանի պատվիրակությունը։

«Հին ռազմական դպրոցի» ներկայացուցիչներ

Գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը նշանակվել է հայ-ռուսական Զորքերի միացյալ խմբավորման հրամանատար։ 53 տարեկան է։

Բուդաղյանը ռազմական կրթություն է ստացել ՌԴ-ում՝ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում, 1990-ին մասնակցել է արցախյան առաջին պատերազմին։

2003-2010թթ. եղել է ՊՆ զորամասի հրամանատար, 2010-ից՝ ԼՂՀ ՊԲ զորամասի հրամանատար։ 2014-ից ԶՈՒ 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալն էր, 2019-ից՝ կորպուսի հրամանատար։ Մասնակցել է 44-օրյա պատերազմին։ 2021-ին կորպուսի միավորումից հետո նշանակվել է նորաստեղծ Հատուկ բանակային կորպուսի հրամանատար, 2023-ին ազատվել պաշտոնից։ Որոշ լրատվամիջոցներ հայտնում են, որ Բուդաղյանը 2023-ին նշանակվել է ՊՆ հատուկ հանձնարարությունների գծով սպա:

Բուդաղյանը 2021-ի փետրվարին Գլխավոր շտաբի հայտարարությամբ պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանը նշանակվել է ԳՇ պետի տեղակալ։ 50 տարեկան է։

Կարեն Գրիգորյանը սովորել է Երևանի պետական համալսարանում, սակայն ուսումը կիսատ թողել և մասնակցել արցախյան առաջին պատերազմին։ 1994-ից ՊԲ-ում զբաղեցրել է սպայական տարբեր պաշտոններ՝ դասակի հրամանատարից մինչև զորամասի հրամանատար։

2014-2015թթ. եղել է Հադրութի, իսկ 2015-ից՝ «Մարտունի 3» զորամասի հրամանատարը։ Մասնակցել է 2016-ի ապրիլյան և 2020-ի 44-օրյա պատերազմին։ 2022-ին նշանակվել էր ՊՆ ԶՈւ ինժեներական զորքերի վարչության պետ։

Գնդապետ Վիգեն Մկրտչյանը նշանակվել է ԳՇ կապի զորքերի պետ – կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ: 40 տարեկան է։

Սովորել է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։ Հրետանավոր սպա է։ 2015-2017 վերապատրաստվել է ՌԴ Սանկտ-Պետերբուրգի Միխայելովյան հրետանային ակադեմիայում։ Այնուհետև նշանակվել է նորաստեղծ հրետանային զորամասի հրամանատար։ Մասնակցել է 44-օրյա պատերազմին Քարվաճառում որպես զորամասի հրամանատար։ Ատեստավորվել է 2023-ին «բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման» ծրագրով։

Գեներալ-մայոր Թեմուր Շահնազարյանը նշանակվել է ԳՇ պետի տեղակալ – օպերատիվ գլխավոր վարչության պետ։ 56 տարեկան է։

Մասնակցել է արցախյան առաջին պատերազմին, մարտական գործողությունների ընթացքում ականի վրա պայթյունից կորցրել է ոտքը։ Զինվորական կրթություն ստացել է ՌԴ համազորային ակադեմիայում ու ՌԴ Գլխավոր շտաբի ակադեմիայում։ Շահնազարյանը 2016-ից եղել է ԶՈւ կապի զորքերի պետ – կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ։

Շահնազարյանը 2021-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ԳՇ անդամներից մեկն էր։

Գնդապետ Արմեն Սեյրանյանը նշանակվել է ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության՝ ռազմավարական պլանավորման վարչության պետ։ 57 տարեկան է։

Սեյրանյանի մասին հայտնի է, որ մինչ այս զբաղեցնում էր ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնը, իսկ 2021-ին միացել էր Փաշինյանի հրաժարականի ԳՇ պահանջին։

Այս նշանակումներից հետո թափուր են մնացել ԳՇ պետի առաջին տեղակալի, ինժեներական զորքերի վարչության պետի պաշտոնները։

Մեկնաբանել