Ֆրանսիան այսօր Հայաստան կառաքի ռադարներ և գիշերային տեսանելիության սարքեր

Փետրվարի 22-ին Ֆրանսիան Հայաստան կառաքի GM 200 երեք ռադար և գիշերային տեսանելիության սարքեր, հայտնում է Le Figaro-ն։

Հայաստանն ու Ֆրանսիան պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագրեր էին ստորագրել 2023 թվականի հոկտեմբերի 23-ին՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Ֆրանսիա կատարած այցի ընթացքում։

Կայքը գրում է, որ ռադարները հնարավորություն կտան 250 կիլոմետր հեռավորության վրա հայտնաբերել հակառակորդի ինքնաթիռները։

Նշվում է նաև, որ պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ կողմերի միջև ստորագրված համաձայնագրով նախատեսվում է, որ Ֆրանսիայի բանակն այս տարի լեռնային մարտական պատրաստության 3 դասընթաց կկազմակերպի հայերի համար։

Երևանն ու Փարիզը հոկտեմբերին ռազմական համագործակցության համաձայնագիր ստորագրեցին, ըստ որի՝ Ֆրանսիան Երևանին կմատակարարի GM 200 ռադիոտեղորոշիչ կայաններ, փոքր հեռահարության Mistral հրթիռներ, ինչպես նաև կօգնի ուսումնասիրել ու հասկանալ՝ որոնք են Հայաստանի հակաօդային պաշտպանության խոցելի կետերը։ Ֆրանսիան նաև «Բաստիոն» զրահամեքենաներ և դրանց համար նախատեսված սարքավորումներ է ուղարկել Հայաստան։

Մեկնաբանել