Միրզոյանն ու Բոնոն քննարկել են խաղաղության պայմանագիրը և անվտանգային իրավիճակը տարածաշրջանում

Մարտի 13-ին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին։

Հայաստանի արտգործնախարարության հաղորդմամբ՝ հանդիպմանը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին:

«Նախարարը զրուցակցին է ներկայացրել վերջին զարգացումները՝ ընդգծելով ՀՀ դիրքորոշումներն առանցքային հարցերի շուրջ: Մասնավորապես, շեշտվել է 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը հավատարմության և սահմանազատման հետագա գործընթացն Ալմա-Աթայի հռչակագրի, ամուր իրավական հիմքեր ունեցող քարտեզների հիման վրա իրականացնելու կարևորությունը: Տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման համատեքստում Արարատ Միրզոյանը վերահաստատել է գործընթացը հանրաճանաչ սկզբունքների՝ ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության ու հավասարության հիման վրա կյանքի կոչելու հարցում ՀՀ հետևողական մոտեցումը»,- ասված է հաղորդագրությունում։

Միրզոյանն ու Բոնոն մտքեր են փոխանակել նաև ՀՀ-ԱՄՆ երկկողմ քաղաքական երկխոսության օրակարգի և գործընկերության հետագա զարգացման հարցերի շուրջ:

ԱՄՆ-ի միջնորդությամբ հայ-ադրբեջանական վերջին բանակցությունները կայացել են 2023-ի հունիսի 27-29-ը։

Բաքուն հրաժարվել էր 2023-ի նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում նախատեսված Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը մասնակցել։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը՝ արձագանքելով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենի՝ Ներկայացուցիչների պալատում Լեռնային Ղարաբաղի հարցով լսումների ժամանակ արված հայտարարություններին, հայտարարել էր․ «Ջեյմս Օ’Բրայենի միակողմանի և կողմնակալ մեկնաբանությունները անհիմն և անընդունելի են։ ԱՄՆ-ի միակողմանի մոտեցումը կարող է պատճառ դառնալ, որ նա կորցնի միջնորդի իր դերը: Այս պայմաններում մենք հնարավոր չենք համարում նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մակարդակով հանդիպում անցկացնելը»։

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենը դեկտեմբերի 6-ին Բաքվում «դրական ու կառուցողական» հանդիպում էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպումից հետո Օ՛Բրայենը X-ի իր միկրոբլոգում գրել էր․ «ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հուսով է, որ առաջիկայում Վաշինգտոնում կհյուրընկալի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին՝ խաղաղության բանակցություններ անցկացնելու համար»։

Նախորդ տարվա դեկտեմբերին Լուի Բոնոյի հետ հանդիպմանը Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը դրական էր արձագանքել ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի՝ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման առաջարկին։

Մեկնաբանել