Վրացական գյուղում հանքարդյունահանման պատճառով տներ են փլուզվում․ բնակիչները փոխհատուցում են պահանջում

Արևմտյան Վրաստանի Շուքրութիի բնակիչները՝ իրենց գյուղի հանքի դիմաց։ Մարիամ Նիկուրաձե/OC Media.

Թաթա Շոշիաշվիլի, Մարիամ Նիկուրաձե, OC Media

Վրաստանի Չիատուրա հանքարդյունաբերական քաղաքի մոտ գտնվող գյուղի բնակիչները փակել են իրենց գյուղի մոտ աշխատող հանքի մուտքը՝ պահանջելով համապատասխան փոխհատուցում գյուղում տների փլուզման համար:

Արևմտյան Վրաստանում գտնվող Շուքրութի գյուղի բնակիչները չորեքշաբթի վրան են տեղադրել հանքի մուտքի մոտ՝ ի նշան Georgian Manganese հանքարդյունաբերական ընկերության դեմ բողոքի։

Շուքրութիում և շրջակայքում գտնվող հողերը սկսեցին փլուզվել 2019-ին, իսկ Georgian Manganese-ը (վրացական մանգան) սկզբում հերքում էր իր կապը գյուղի մոտ գտնվող հանքերի հետ: Շուքրութիի բնակիչների բողոքի ցույցերը գագաթնակետին հասան 2021-ին 30-օրյա հացադուլով, որի ընթացքում մի քանի բնակիչ կարեցին իրենց շուրթերը՝ պահանջելով փոխհատուցում իրենց տներին հասցված վնասի համար։

2020-ի (վերևում) և 2024-ի մարտի պատկերները ցույց են տալիս Շուքրութիում առաջացող վնասը: Լուսանկարները՝ Մարիամ Նիկուրաձե/OC Media.

Չնայած 2021-ի հունիսին Georgian Manganese-ը գործարք էր կնքել բնակիչների հետ՝ դադարեցնելու նրանց բողոքը՝ Շուքրութիի բնակիչներն այժմ ասում են, որ ընկերությունը չի կատարել իրենց ամբողջությամբ փոխհատուցելու խոստումը: Հինգշաբթի Շուքրութիի հանքի դիմաց բողոքի ցույց անող բնակիչներից մեկը՝ Գիորգի Բիցաձեն, OC Media-ին ասել է, որ Georgian Manganese-ը բնակիչներին փոխհատուցել է «խղճուկ գումարներ»։

Բողոքի մեկ այլ մասնակից՝ Ջումբերին, OC Media-ին ասել է, որ ընկերությունը 2021-ին համաձայնել էր փոխհատուցել որոշ բնակիչների միայն իրենց տներին հասցված վնասի համար, ոչ թե ընդհանուր արժեքի, ոչ էլ բնակիչների տեղափոխման համար: Այդ ժամանակվանից, նրա խոսքով, տները շարունակել են փլուզվել։

«Այժմ այստեղ այնպիսի իրավիճակ է, որ ընդհանրապես ոչինչ չի մնա»,- ասաց նա։

Շուքրութիում մի քանի տներ ավերվել են գյուղի տակ հանքարդյունաբերական գործունեության հետևանքով։ Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձե/OC Media.

Ջումբերին ասել է, որ Շովիում վերջերս տեղի ունեցած սողանքը մարդկանց մոտ անհանգստություն է առաջացրել, որ նույնը կարող է տեղի ունենալ Իթխվիսիում։ Նա պնդել է, որ Georgian Manganese-ը փակել է մի քանի հանք՝ ի պատասխան ողբերգության:

Ցուցարարները նաև պահանջում են, որ փորձագետները գնահատեն՝ արդյոք գյուղի տակ տարիներ շարունակ մանգանի ինտենսիվ արդյունահանումից հետո Շուքրութին և նրա շենքերը բնակելի և անվտանգ են: «[Մենք չգիտենք], թե երբ կփլվեն հիմքերը […] Ամեն մի անձրև ու ձյուն վտանգավոր է մեզ համար»,- ասում է մեկ այլ ցուցարար Ասմաթ Նեպարիձեն:

2022-ին մոտ 20 տուն փլուզվել է, շատ այլ շինություններ են վնասվել հարևան Իթխվիսի գյուղում։ Իթխվիսիում շատերը հրաժարվել են լքել իրենց տները՝ չնայած կառավարական աուդիտի նախազգուշացմանը, ըստ որի՝ ավելի քան 100 տուն չափազանց վտանգավոր է դարձել ապրելու համար: Georgian Manganese-ը 2006-ին Շուքրութիի մոտ հանք շահագործելու համար ձեռք է բերել 40 տարվա լիցենզիա:

«Մենք փախստական դարձանք մեր երկրում»

Չորեքշաբթի Georgian Manganese-ը հայտարարել է, որ ամբողջությամբ փոխհատուցել է Շուքրութիի բնակիչներին՝ ցուցարարներին անվանելով «արմատական խումբ, որը փորձում է մոլորեցնել հանրությանը»:

«Արմատական խումբը, որը պահանջներ է ներկայացնում ընկերությանը, արդեն փոխհատուցում է ստացել։ Միջոցները աստիճանաբար հատկացվել են տարբեր տարիներն՝ ըստ անհատական սեփականության գնահատման»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ։

Գյուղի մի քանի բնակիչներ վրան են տեղադրել՝ փակելով հանքի մուտքը։ Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձե/OC Media.

Georgian Manganese-ը հայտարարել է, որ Շուքրութիի և մոտակա Պերևիսա գյուղի բնակիչներին որպես փոխհատուցում ընդհանուր առմամբ հատկացրել է 4 մլն դոլար:

Ըստ ընկերության՝ թեև մանգանի գների համաշխարհային անկումը «ժամանակավորապես հետաձգել է» փոխհատուցումների տրամադրման գործընթացը՝ նրանք մարտի սկզբին վերսկսել են վճարումները: Այնուամենայնիվ, փոխհատուցում ստացածներից շատերն ասում են, որ ընկերությունը նույնիսկ ավելի քիչ է վճարել, քան նախապես խոստացել էր:

Չնայած փոխհատուցում ստանալուն՝ Շուքրութիի բնակիչ Գիորգի Բիցաձեն OC Media-ին ասել է, որ Georgian Manganese-ը բնակիչներին խոստացված ընդհանուր փոխհատուցումից 1,900-3,800 դոլար պակաս է վճարել։

Բիցաձեն նաև ասել է, որ Georgian Manganese-ը բնակիչներին ստիպել է «երախտագիտության նամակներ» գրել ընկերությունից փոխհատուցում ստանալուց հետո: Նա պնդել է, որ վկայագրում նշված չեն ֆինանսական գումարները, որոնք տրամադրվում են որպես վնասված գույքի փոխհատուցում, այլ զուտ նշված է՝ «ֆինանսական օգնություն համայնքին Georgian Manganese»-ից:

«Մենք պետք է համաձայնագիր ստորագրենք,- ասել է նա։- Իհարկե, այս ամենը պետք է բարձրացվի ազգային մակարդակի, որպեսզի վաղը, երբ մեր տները քանդվեն, մենք օդում չմնանք»։ Շուքրութիից փաստաբան Գենտոր Գափրինդաշվիլին OC Media-ին ասել է, որ դատաբժշկական փորձաքննության ազգային բյուրոյի աուդիտը ցույց է տվել, որ Georgian Manganese-ը զգալիորեն՝ իր գույքի արժեքը էապես՝ մոտ 55 տոկոսով ցածր է գնահատել։

Բյուրոն նաև գնահատել է նրա բերքի արժեքը 27,000 դոլար, մինչդեռ Georgian Manganese-ը գնահատել է մոտ 6,700 դոլար: Շուքրութիի մյուս բնակիչները նույնպես զգուշացրել են, որ գյուղի տակ շարունակական հանքարդյունահանումը նպաստել է իրենց բերքի աղտոտմանը: Ցուցարարները պնդում են, որ Georgian Manganese-ը դեռ ուրբաթ օրվա դրությամբ կապի դուրս չի եկել իրենց հետ։

Ուրբաթ Georgian Manganese-ը OC Media-ին ասել է, որ համայնքներում հանքեր շահագործելուց առաջ նրանք բանակցություններ են վարում բնակիչների հետ՝ գնահատելու նրանց ունեցվածքի արժեքը և համաձայնում են նրանց փոխհատուցում առաջարկել հանքարդյունաբերության պատճառով նրանց տներին հնարավոր վնասների համար:

Շուքրութիի բնակիչները հերքում են դա՝ պնդելով, որ ընկերությունը հաճախ անգամ չի զգուշացնում տեղի բնակիչներին հանքարդյունաբերական նոր աշխատանքներ սկսելիս։ Georgian Manganese-ը հերքել է նաև, որ Շուքրութիի բնակիչներից վնասված գույքի համար փոխհատուցում ստանալուց հետո «երախտագիտության նամակներ» է պահանջել:

Մեկնաբանել