Հայաստանի բանկերը դադարեցնում են «Միր» քարտի սպասարկումը

ՀՀ առևտրային բանկերը դադարեցնել են «Միր» վճարային համակարգի հետ համագործակցությունը` հաշվի առնելով պատժամիջոցների հետ կապված ռիսկերը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բանկերի միությունը`պատասխանելով «Սպուտնիկ Արմենիայի» գրավոր հարցմանը։

Հայաստանի բանկերի միությունն ընդգծել է, որ այս տարվա փետրվարին ԱՄՆ Oտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչությունը (Office of Foreign Assets Control (OFAC)) պատժամիջոցնե է սահմանել, որով էլ «Միր» վճարային համակարգն ընդգրկվել է պատժամիջոցների ցուցակում։

«Այս հանգամանքով պայմանավորված՝ ՀՀ առևտրային բանկերը, հաշվի առնելով պատժամիջոցների հետ կապված ռիսկերը, ինչպես նաև կարևորելով միջազգային գործառնություններում ներգրավվածության շարունակականությունը, որոշում են կայացրել դադարեցնել «Միր» վճարային համակարգի հետ համագործակցությունը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հայաստանում «Միր» քարտերի սպասարկման հնարավոր դադարեցման մասին հաղորդագրությունները տարածվել էին ռուսական լրատվամիջոցներում` հղում անելով անանուն աղբյուրների։

Ավելի վաղ էլ Հայաստանի կենտրոնական բանկը նշել էր, որ ՀՀ առևտրային բանկերն ինքնուրույն են որոշում, թե որ վճարային համակարգերի հետ համագործակցեն՝ ելնելով իրենց ռիսկերի կառավարման ռազմավարությունից (ներառյալ պատժամիջոցների հետ կապված ռիսկերը):

Լրատվամիջոցների տեղեկություններով` «ՎՏԲ Հայաստան»–ում հիմնական գործառնությունները հասանելի կլինեն «Միր» քարտապանների համար: Դրանց թվում են ՎՏԲ-ի բանկոմատներից (Հայաստան) կանխիկացում, առցանց բանկային ծառայությունների վճարումներ և առցանց գնումներ։

Մեկնաբանել