Վարչապետը տավուշցիներին խոստանում է նոր տներ, իսկ շուռնուխցիները դեռ չեն մտել իրենց տներ

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Ոսկեպար համայնքում մարտի 18-ին բնակիչների հետ հանդիպման ժամանակ խոստացավ, որ կառավարությունը կփոխհատուցի գյուղում նոր տների կառուցումը, եթե սահմանազատման արդյունքում գյուղացիների տները հայտնվեն Ադրբեջանի վերահսկողության տակ կամ սահմանագծին շատ մոտ։

«էն տները, որոնք սահմանին այնքան մոտ են, որ մարդը կասի՝ գիտե՞ս ինչ, ես չեմ ուզում, չեմ ապրի էս տանը։ Կասենք շատ լավ»,- ասել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում էլ նույն հարցն էր ծագել 2020-ից պատերազմից հետո։

Բնակիչներից մեկը վարչապետին հարցրեց. «Բայց ապրո՞ւմ են Շուռնուխում ժողովուրդը, ո՞նց են ապրում», ինչին ի պատասխան վարչապետը հայտնեց, որ կառավարությունը Շուռնուխում տները կորցրած գյուղացիների համար 13 տուն է կառուցում։

#CivilNetCheck-ի ընթերցողները խնդրել էլ ճշտել, թե ինչ փուլում է են կառավարության կողմից Շուռնուխում նոր բնակելի թաղամասի կառուցման աշխատանքները։

Շուռնուխի տների շինարարության ժամկետները խախտվում են վեցերորդ անգամ

Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղը 2020-ի դեկտեմբերին դարձավ սահմանամերձ, և գյուղի 13 տուն անցան Ադրբեջանի վերահսկողության տակ։ Կառավարությունը խոստացավ տները կորցրած գյուղացիների համար նոր թաղամաս կառուցել և 2021-ի փետրվարին այդ նպատակով որոշեց 1,2 մլրդ դրամ հատկացնել։ Ավելի ուշ ծրագրի ֆինասավորումն ավելացավ և հասավ մոտ 1,3 մլրդ դրամի։

Սակայն անգամ նման ահռելի ֆինասավորման պայմաններում շինարարության ավարտը մինչ օրս ձգձգվում է։ Ի սկզբանե նախատեսվում էր թաղամասի շինարարությունը ավարտին հասցնել 2021-ի տարեվերջին, բայց խոստացված վերջնաժամկետները արդեն 6 անգամ տապալվել են։

Էկրանակադրը՝ Ազատություն Ռ/Կ-ի տեսանյութից

Տները բնակության համար մինչ օրս պատրաստ չեն

Ներկայում Շուռնուխի նորակառույց թաղամասի տները կառուցված են, սակայն ապահովված չեն ջրամատակարարմամբ և էլեկտրասնուցմամբ։ Հայտնի չէ, թե երբ բնակիչները կկարողանան տեղափոխվել իրենց նոր տներ։

#CivilNetCheck-ի հետ զրույցում Շուռնուխի վարչական ղեկավար Գրիգոր Դարբինյանը հայտնեց, որ թաղամասի շինարարությունը կավարտվի մոտ մեկ ամսից։

«Տները կառուցված են, ասֆալտապատումն արել են, հիմա էլեկտրագծերի սյուներն են դնում։ Ջրամատակարարումը, որ անցկացվել է, ընդամենը մեկ տան ջուր է, հաշվեք։ Չի կարող եղածը գյուղի սնուցումը ապահովել»,- հայտնեց Դարբինյանը՝ նշելով, որ խնդրել են Տաթևից նոր ջրագիծ անցկացնել։

Շուռնուխի վարչական ղեկավարը նաև հայտնեց, որ շուռնուխցիները չեն ցանկանում տեղափոխվել նոր տներ, քանի դեռ ջրի խնդիրը չի լուծվել։

«Տաթևից պետք է 40 կմ ջրագիծ քաշել։ Ես ներկայացրել եմ համայնքին, մարզպետարանին։ Հարցը դեռ ընթացքի մեջ է, տեսնենք ինչ կլինի։ Եթե ջուրը լինի, բնակիչները կգան, կապրեն էդ տներում։ Գյուղացիները համաձայն չեն [տեղափոխվել ջրամատակարարում չունեցող տներ – խմբ.]։ Ամեն ինչը նորմալ է, տները և գոմերը նորմալ սարքել են, բայց ջրի հարցին պետք է լուծում տրվի»,- ասաց Դարբինյանը։

Արբանյակային լուսանկարում պատկերված են Ադրբեջանին անցած և նոր կառուցվող տները Շուռնուխում. 2022 մայիս

Քաղաքաշինության կոմիտեն հայտնել է, որ Շուռնուխի նոր թաղամասի շինարարությունը նախատեսում է ավարտին հասցնել 2024-ի ապրիլին 1-ին։

Սահմանազատման արդյունքում Տավուշում չորս ոչ անկլավային տարածքներից հայկական զորքերի հնարավոր հետքաշման արդյունքում Սարիգյուղ-Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածի որոշ հատվածներ, ինչպես նաև Ոսկեպարի մի քանի բնակելի տներ անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ կամ հայտվեն սահմանագծի վրա։

Փաստացի վարչապետ Փաշինյանը Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներին խոստանում է «սահմանազատման» արդյունքում տները կորցնելու դեպքում լուծել նրանց բնակության հարցը այն պայմաններում, երբ շուրջ երեք տարի է՝ կառավարությունը չի կարողանում Շուռնուխում ավարտին հասցնել ընդամենը 13 տան շինարարությունը։

Մեկնաբանել