Ակցիա՝ Կոնդում. Պահպանել Երևանի «մարգարիտն» ու նոր կյանք տալ նրան 

Ճարտարապետ, ուրբանիստ, Ճարտարապետության միջազգային ակադեմիայի պրոֆեսոր Անդրեյ Իվանովը մարտի 23-ին Կոնդի՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու դիմաց էր՝ քաղաքային իշխանությանը փոխանցելու այն պահանջը, որ ոլորտի մասնագետները դեմ են Կոնդի վերացմանը։

«Կոնդը Երևանի ամենահին և մշտապես բնակեցված տարածքներից է։ Ցավոք, խորհրդային տարիներին հին Կոնդից շատ հատվածներ են կտրվել և ոչնչացվել։ Ամենամեծ կորուստը այն էր, ինչ եղել է «Դվին» հյուրանոցի տակ։ Այնտեղ կար Կոնդի ամենակարևոր դաստակերտը, որը ոչնչացվել է»,- ասում է Անդրեյ Իվանովը։

Այդուհանդերձ, նա կարծում է, որ Կոնդում առ այսօր մնացել են պատմական ու մշակութային նշանակության չափազանց կաևոր տներ։

Դրանց ու, ընդհանրապես, Կոնդի պատմական և մշակութային դիմագիծը պահպանելու կոչով մարտի 23-ին Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու դիմաց Իվանովին էին միացել տասնյակ անձինք, մեծամասնությունը՝ Ռուսաստանից ռելոկանտներ և Կոնդի բնակիչներ։ Նրանց մեջ քիչ չէին նաև ճարտարապետները, հնագետներն ու արվեստագետները։

«Կոնդը միշտ եղել է բազմամշակութային թաղամաս, այնտեղ ապրել են հայեր, մուսուլմաններ, գնչուներ, եզդիներ։ Մուսուլմանական, իսկ ավելի ճիշտ՝ պարսկական տները առանձնանում էին աղյուսից ճակատային հատվածով և չափազանց կոլորիտային տեսք ունեին։ Կոնդը Երևանի մարգարիտն է»,- ՍիվիլՆեթին ասաց Անդրեյ Իվանովը։

Նա նաև կարևորում է Կոնդի կառուցվածքը․ «Հետաքրքիր են այդ կոր նրբանցքները, աստիճանները, փակուղիները և անցումները, որոնց շնորհիվ Կոնդը երկար ժամանակ անգամ համարվել է քրեական թաղամաս, քանի որ այնտեղ բավականին հեշտ էր թաքնվել ոստիկանությունից (ժպտում է – Գ․Թ․)։ Այն նման է մրջնաբույնի։ Նման միջավայրը շատ գեղեցիկ է ու հաճելի»,- նշեց Իվանովը՝ հավելելով, որ ներկայում Կոնդը զարգանում է նաև զբոսաշրջային տեսանկյունից։

«Երևան եկող զբոսաշրջիկները ինձ միշտ ասում են, որ պետք է անպայման տեսնեն Կոնդը։ Եթե նախկինում Գառնի-Գեղարդը կամ Էջմիածինն էր զբոսաշրջիների սիրելի վայրը, ներկայում այդ ցանկում ներառվել է նաև Կոնդը»,- ամփոփեց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ Կոնդին ու կոնդեցիներին պետք է օգնել, որ քաղաքի այս հատվածը դառնա պատմական կենտրոն։

Ակցիայի մասնակիցների շարքում էր նաև Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին թաղապետ, ուրբանիստ Վիկտոր Մնացականյանը։ Նրա խոսքով՝ ներկայում Կոնդը քննարկվում է մեծամասամբ ծավալված կառուցապատման ու որոշ անձանց արագ հարստանալու կոնտեքստում, մինչդեռ այս թաղամասն ավելի հետաքրքիր գաղտնիքներ է պարունակում, որոնց մասին իշխանությունը վստահաբար չգիտի։

«Բիզնեսը, ցավոք, Երևանում ու հատկապես փոքր կենտրոնում ասոցացվում է ավելի շատ քանդելու, ոչ թե արժեք ստեղծելու հետ։ Երևանի փոքր կենտրոնը մենք իրոք պետք է պահպանենք ու փայփայենք։ Ցավալին այն է, որ մեր ռուս գործընկերներն այստեղ շատ ավելի շատ են, քան երևանցիները։ Նույն վիճակը Երևանի ծառասպանդի դեպքում է, որը հենց հիմա կատարվում է Թումանյան ու Բագրատունյաց փողոցում։ Բնակիչներից որևէ մեկը տեղում չի ուզում պահանջել, որ դադարեցնեն այդ ամենը»,- ասում է Մնացականյանը։

Անդրադառնալով Կոնդին՝ նա նշեց, որ այն Երևանի ու հայկական ինքնության չափազանց կարևոր «մատնահետքն է»։

«Մենք պետք է կարողանանք պահպանել ցածրահարկ կառուցապատումը։ Այն, ինչ այսօր առաջարկում է քաղաքապետարանն ու քաղաքաշինական կոմիտեն, հերթական բարբարոսությունն է ու անգրագիտությունը»,- շեշտեց Մնացականյանը։


Կոնդի պաշտպանության մասնակիցներից Առնո Խլղաթյանի կարծիքով՝ Կոնդը Երևանի ամենահետաքրքիր վայրերից է։ Նա ակցիային մասնակցում էր անգլերեն պաստառով՝ «Here is Kond» (Այստեղ է Կոնդը)։

«Կոնդը վերջին տասնամյակներում դարձել է մի վայր, որին ոչ ոք չէր խնամում, սակայն ցանկանում էր խլել դրա մի մասնիկը, քանդել կամ որևէ բան կառուցել այստեղ։ Եթե Կոնդը ճիշտ վերակառուցվի, այն կդառնա Երևանի սիրտը»,- ասաց մեր զրուցակիցը։

Ակցիայի մասնակիցները պտտվեցին Կոնդում և եղան դրա կոլորիտային հատվածներում։

Այս թաղամասի շուրջ քննարկումները ակտիվացան փետվարի 26-ից հետո, երբ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին քաղաքապետ Տիգրան Ավինյանը, առանց մանրամասնելու, հայտարարեց, որ Կոնդ թաղամասն ամբողջությամբ օտարվելու է։ Դեռևս, սակայն, որևէ գործընթաց այս թաղամասում գործնականում չի մեկնարկել։ Բնակիչներին որևէ մեկը չի տեղեկացրել, թե ինչ է սպասվում։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել