Աշխարհում գործող ոչ մի ակադեմիական քաղաք չի բացառում այլ բուհերի գոյությունը դրանից դուրս

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck

Շուրջ երեք տարի առաջ կառավարությունը հայտարարեց ակադեմիական քաղաք կառուցելու մտադրության մասին, որը, ըստ հայեցակարգի, պետք է ամբողջ ծավալով գործի 2030-ից։ Քաղաքի նախագիծը գնահատվում է ավելի քան 1 միլիարդ դոլար։

#CivilNetCheck-ն ուսումնասիրել է նախագծի հայեցակարգը՝ փորձելով հասկանալ, թե ինչ է դրանով նախատեսվում, ինչպես նաև ծանոթացել է աշխարհում գործող այլ ակադեմիական քաղաքների մոդելներին։

Ի՞նչ է առաջարկվում հայեցակարգով

Հայաստանում գործում են պետական հավաստագիր ունեցող 60 բուհեր և բուհական կրթություն տրամադրող կազմակերպություններ, որոնցից 23-ը պետական են, 25-ը՝ մասնավոր, 4-ը՝ օտարերկրյա բուհերի մասնաճյուղեր, 4-ը՝ միջպետական կամ պետության մասնակցությամբ բուհեր և 4 այլ տեսակի կազմակերպություններ։

Ըստ հայեցակարգի՝ ակադեմիական քաղաքում տեղակայված է լինելու մինչև 16 բուհ՝ մինչև 8 պետական խոշորացված բուհ և մինչև 8 մասնավոր կամ միջազգային բուհ: Պետական բուհերը խոշորացվելու են, սակայն թե ինչպես են ընտրվելու մյուս 8 մասնավոր կամ միջազգային բուհերը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից նշեցին․ «Ակադեմիական քաղաքը բաց է լինելու նաև այն միջպետական և ոչ պետական բուհերի ու գիտական կազմակերպությունների համար, որոնք նպատակահարմար կգտնեն և հնարավորություն կունենան իրենց գործունեությունը կազմակերպել ակադեմիական քաղաքի շրջանակներում։ ՀՀ կառավարությունը կխրախուսի նաև այդ կառույցների տեղափոխումը»։

Այսինքն, այդ բուհերն ընտրելու հստակ մեխանիզմներ չկան։

Կոմիտեից նաև պարզաբանեցին, որ պետական բուհերի խոշորացման պարագայում վերջիններիս մարզային մասնաճյուղերի հարցի վերաբերյալ նախատեսվում է առանձին քննարկումներ իրականացնել։ Այսինքն՝ այս հարցում ևս դեռ հստակ որոշում չկա։

Իսկ այն բուհերը, որոնք մարզերում են գործում, բայց Երևանում գործող պետական բուհերի մասնաճյուղերը չեն, ցանկության դեպքում կարող են տեղափոխվել ակադեմիական քաղաք, ինչը պարտադիր պայման չէ։

Նախագծում նշվում է, որ ««ակադեմիական քաղաքը» բաղկացած է լինելու 4 կլաստերից, որտեղ և հարակից տարածքներում նախնական հաշվարկով աշխատելու և բնակվելու է 44 000 մարդ։

Նշենք, որ 2022-ի տվյալներով՝ Հայաստանի բուհերում ուսանողների ընդհանուր թվաքանակը կազմել է 79 513 ուսանող։

#CivilNetCheck-ի հարցին, թե արդյոք հաշվի՞ է առնվել այն հանգամանքը, որ Հայաստանում ուսանողների թիվը շատ ավելի շատ է, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից պատասխանեցին, որ Երևանի պետական համալսարանը ու Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը այս փուլում մնալու են Երևանում․ ծրագրով հաշվարկել են, որ եթե հանեն ԵՊՀ-ի և ԵՊԲՀ-ի ուսանողներին, ապա մնացած ուսանողների համար մաքսիմալ 44 000 թիվը բավարարում է։

Նախագծում նաև նշվում է, որ Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքը դիտարկվում է որպես պահուստային տարածք «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման համար, ինչը նշանակում է, որ նախագծման փուլում առաջնահերթ դիտարկվելու է Երևանի 17-րդ թաղամասը և հարակից տեղամասը, որից հետո, ըստ անհրաժեշտության, կարող է օգտագործվել նաև պահուստային տարածքը:

Ըստ երևույթին, եթե նախապես որոշված տարածքը չբավարարի և ուսանողների թիվը շատ ավելի շատ լինի, ենթադրվում է, որ կինոստուդիան է օգտագործվելու։

#CivilNetCheck-ի հարցմանը, թե ինչ է տեղի ունենալու կինոստուդիայի ֆիլմերի արխիվի հետ, կոմիտեից պատասխանեցին, որ արխիվը չի տեղափոխվելու, ապահովվելու են անհրաժեշտ պայմաններն արխիվային միավորները պահպանելու համար։

Աշխարհում գործող «Ակադեմիական/կրթական քաղաքները»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 16-ին Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տեղի ունեցած նիստի ժամանակ հայտարարել էր, որ ակադեմիական քաղաքից դուրս պետք է ոչ մի բուհ չլինի։

«Շահարկման կամ քննարկման իմաստով ամենակարևոր թեմաներից մեկը՝ մենք ի՞նչ ենք ասում, ասում ենք, որ ի վերջո Երևան քաղաքում երկարաժամկետում պետք է ոչ մի բուհ չլինի, և ակադեմիական քաղաքից դուրս պետք է ոչ մի բուհ չլինի: Հանրապետության բոլոր բուհերը՝ հայաստանյան, թե՛ օտարերկրյա, մասնավոր, թե՛ պետական, պետք է գործեն միայն ակադեմիական քաղաքում»,- ասել է Փաշինյանը։

Նկատենք, որ աշխարհում գործող ակադեմիական/կրթական քաղաքները շատ չեն, բայց դրանցից ոչ մեկը չի բացառում այլ համալսարանների գոյությունը ակադեմիական քաղաքից դուրս։

Կատարի «Կրթական քաղաքը»

Կատարի «Կրթական քաղաքը» (Education city) հիմնել է «Կատար հիմնադրամը» (Qatar Foundation): Ի սկզբանե՝ 1996-ին, հիմնադրվել է Կատարի ակադեմիան՝ բարձրորակ նախնական և միջնակարգ կրթություն ապահովելու համար, արդեն 1998-ին բացվել է ամերիկյան Վիրջինիայի Համագործակցության համալսարանի մասնաճյուղը, տարիների ընթացքում միացել են այլ համալսարաններ, բացվել է գիտատեխնիկական պարկը, Կատարի ազգային գիտահետազոտական կենտրոնը և այլն։

Կատարի «Կրթական քաղաքում» տեղակայված են կրթական և գիտահետազոտական ինստիտուտներ, գործում է 8 համալսարան և 13 դպրոց։ Ի դեպ, համալսարաններից 6-ն ամերիկյան համալսարանների մասնաճյուղեր են:

Կատարի հիմնադրամը խոշոր ներդրումներ է անում «Կրթական քաղաքում» ժամանակակից սարքավորումների ձեռք բերման, հետազոտություններին աջակցելու համար։ Բայց երկրում գործող բոլոր համալսարանները կենտրոնացած չեն միայն «Կրթական քաղաքում», կան և՛ միջազգային, և՛ տեղական այլ համալսարաններ տարբեր քաղաքներում, ինչպես օրինակ՝ Դոհայի գիտությունների և տեխնոլոգիաների համալսարանը կամ Մյունխենի տեխնիկական համալսարանը։

Կատարի «Կրթական քաղաքը», լուսանկարը՝ qf.org.qa

Դուբայի միջազգային ակադեմիական քաղաքը

«Դուբայի ակադեմիական քաղաքը» (Dubai International Academic City) գտնվում է Դուբայի հարավային ծայրամասում։ Քաղաքը հիմնադրել է 2007-ին TECOM Group-ը։ Այստեղ գործում է շուրջ 30 համալսարան՝ և՛ տեղական, և՛ միջազգային։ Ակադեմիական քաղաքում կան համալսարաններ, գիտահետազոտական կենտրոններ, դպրոցներ, գրադարաններ, նույնիսկ եկեղեցի և մզկիթ։ Ակադեմիական քաղաքի կայքում նաև առանձին բաժին կա ներդրումներ անել ցանկացողների համար։

Դուբայի դեպքում ևս բոլոր համալսարանները կենտրոնացած չեն միայն ակադեմիական քաղաքում։

Դուբայի միջազգային ակադեմիական քաղաքը, լուսանկարը՝ moec.gov.ae

Նովոսիբիրսկի ակադեմիական քաղաքը

Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքում գտնվող ակադեմիական քաղաքը հիմնվել է 1950-1960-ականներին։ Համալսարաններից բացի, այդտեղ է գտնվում նաև Նովոսիբիրսկի գիտահետազոտական կենտրոնը։ Խորհրդային միության փլուզումից հետո ակադեմիական քաղաքը գտնվում էր ֆինանսական ճգնաժամի մեջ, բայց մասնավոր ներդրումների շնորհիվ այն շարունակեց գործել և գործում է մինչ օրս։

Նովոսիբիրսկի ակադեմիական քաղաքը, լուսանկարը՝ «Комсомольская правда»-ի կայքի

Ակադեմիական քաղաքի մոդելից բացի՝ աշխարհում գոյություն ունեն քոլեջների քաղաք (college town), համալսարանական քաղաք (university town) կոչված մոդելները։ Այս դեպքում պարտադիր չէ, որ այն առանձին քաղաք լինի, պարզապես մի թաղամասում կամ առհասարակ տվյալ քաղաքում կարող են կենտրոնացած լինել մի շարք համալսարաններ, գիտահետազոտական կենտրոններ, ուսանողական հանրակացարաններ և այլն։ Օրինակ՝ Համալսարանական քաղաք է համարվում Քեմբրիջ քաղաքը, որտեղ գտնվում է Քեմբրիջի հայտնի համալսարանը, որն իր մեջ ներառում է շուրջ 31 քոլեջ։ Քեմբրիջի համալսարանը հիմնվել է 1209 թվականին, համալսարանի պատմությունը, պահպանված հին շենք-շինությունները ևս համալսարանական քաղաքի կարևորագույն մասն են։

Այսպիսով, ակադեմիական քաղաքի մոդելը գործում է շատ քիչ երկրներում, բայց այդ երկրներից ոչ մեկը չի բացառում այլ համալսարանների գոյությունը ակադեմիական քաղաքից դուրս։ Ակադեմիական քաղաքի նախագծում մի շարք խնդրահարույց կետեր կան, որոնք դեռևս քննարկման փուլում են, ինչպես, օրինակ, մարզային բուհերի տեղափոխումը, ակադեմիական քաղաք տեղափոխվել ցանկացող ոչ պետական բուհերի ընտրության մեխանիզմները և այլն։

Մեկնաբանել