Կրեմլը հուսով է, որ Փաշինյանն ու Պուտինը տեսանելի հեռանկարում կքննարկեն առկա բոլոր խնդիրները

Կրեմլը հուսով է, որ տեսանելի հեռանկարում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անձամբ կկարողանան քննարկել երկու երկրների հարաբերություններում առկա բոլոր հարցերը: Այս մասին ապրիլի 10-ին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք հույս ունենք, որ տեսանելի ապագայում ղեկավարները անձամբ հնարավորություն կունենան քննարկել նման հարցերը, եթե դրանք օրակարգում են»,- ասել է Պեսկովը։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում «ոչ մի սխալ քայլ» չի արել, սակայն «հակառակ դեպքերը բազմաթիվ են»:

***

Հայ-ռուսական հարաբերություններում լարվածությունն առաջացել է 2022-ի սեպտեմբերին Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումից հետո։ 2022-ի նոյեմբերին Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ չէ ստորագրել Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու ՀԱՊԿ որոշման նախագիծը, քանի որ դրանում բացակայում է ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ քաղաքական գնահատականը։

2024-ի մարտի 12-ին Կառավարությունում հրավիրած ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է․ «Մենք պահանջում ենք, որ ՀԱՊԿ-ը պատասխանի մեկ հարցի՝ ո՞րն է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ՀՀ-ում»։ Նրա խոսքով՝ երբ ՀԱՊԿ-ը կպատասխանի այդ հարցին ու այդ պատասխանը կհամապատասխանի ՀՀ պատկերացումներին, դա կնշանակի, որ Հայաստանի ու ՀԱՊԿ-ի միջև հարցերը լուծված են, եթե ոչ՝ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից։

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն մարտի 29-ին «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ «Հայաստանի ղեկավարությունը մտացածին պատրվակներով, խեղաթյուրելով վերջին երեք-երեքուկես տարվա պատմությունը` միտումնավոր տանում է Ռուսաստանի հետ հարաբերությունների փլուզման»։

Մեկնաբանել