Փաշինյանն ու Կլաարը քննարկել են սահմանազատման գործընթացը, խաղաղության պայմանագիրը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին, հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային իրավիճակին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին, սահմանազատման գործընթացին: Քննարկվել են նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանն ու դրա հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:

«Տոյվո Կլաարը ևս մեկ անգամ նշել է, որ ԵՄ-ն լիովին աջակցում է Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացին՝ համապարփակ ու տևական կարգավորման նպատակով, ինչպես նաև 1991-ի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացը մեկնարկի պայմանավորվածությանը»,- ասված է հաղորդագրությունում։

Ապրիլի 19-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների ութերորդ հանդիպումը։ Ըստ Հայաստանի ԱԳՆ-ի՝ հանդիպման արդյունքում կողմերը նախնական համաձայնեցրել են Տավուշի մարզի չորս գյուղերի հատվածները։

Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են միջոցներ ձեռնարկել սահմանագծի նշված հատվածում իրենց սահմանապահ ծառայությունների միաժամանակյա և զուգահեռ տեղակայման համար:

Մեկնաբանել