Գլխավոր գանձապետն ամփոփեց բյուջեի 9-ամսյա կատարողականը

2012թ. 9 ամիսներին պետբյուջե մուտքագրվել են շուրջ ֌628 մլրդ հարկային եկամուտներ, պետական տուրքեր և պարտադիր սոցիալական ապահովության վճարներ, և ապահովվել է 9-ամսյա ծրագրի 100% կատարողականը։ Այս տարվա 9 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հարկային եկամուտներն աճել են ֌50,5 մլրդ-ով։ Այսինքն՝ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) բյուջեով նախատեսված լրացուցիչ ֌101 մլրդ-ից 9 ամիսներին հավաքագրել է այնքան, որքան ծրագրված էր։ Վերջին եռամսյակում ՊԵԿ-ին անհրաժեշտ է լինելու հավաքագրել լրացուցիչ ֌50,5 մլրդ։ Ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ բյուջեի տարեկան ծրագրի կատարման հետ որևէ ռիսկ առայժմ տեսանելի չէ։

«Օրակարգի» հարցին, թե չորորդ եռամսյակում նախատեսված լրացուցիչ ֌50,5 մլրդ-ի հավաքագրումների հետ կապված ռիսկեր չկա՞ն, և ինչո՞ւ այդ գումարի հավաքագրումը բաժին է ընկել մեկ եռամսյակի, ֆինանսների փոխնախարարը պատասխանեց, որ թեև հոկտեմբերը դեռ չի ավարտվել, բայց որևէ կասկած չկա, որ ծրագրված ցուցանիշը կկատարվի նաև հոկտեմբերին: «Այդ տեսակետից տարեկան ծրագրի նախանշված ցուցանիշների հետ կապված որևէ ռիսկ առայժմ տեսանելի չէ: Այս տարվա բյուջեի եկամուտների ապահովման կառավարության կողմից սահմանված համամասնությունները գործնականում չեն խաթարվել, վերջին տարիների դինամիկան և համամասնությունները գրեթե նույնն են»,– ասաց նա՝ հավելելով, որ հոկտեմբերին հարկային եկամուտների մուտքերը կկազմեն ֌80,6 մլրդ, նոյեմբերին՝ ֌82-83 մլրդ, իսկ դեկտեմբերին՝ ֌85 մլրդ։

֌101 մլրդ-ի մոտ ֌70 մլրդ-ը նախատեսված է(ր) ապահովել 4,2% տնտեսական աճի և գնաճի հաշվին: Հարցին՝ ինչու լրացուցիչ հարկերի ծավալը չի ավելանում՝ հաշվի առնելով այն, որ այս տարի կառավարությունը 7,1% աճ է կանխատեսել, Ջանջուղազյանը պատասխանեց. «Պետք է նկատի ունենալ, որ 4,2%-ը վերաբերում է իրական աճին, իսկ հարկեր առաջացնող ՀՆԱ-ն անվանական ՀՆԱ-ն է։ Եթե ուշադրություն դարձնենք, ապա կտեսնենք, որ այս տարի անվանական ՀՆԱ-ն 7% տնտեսական աճի պայմաններում գործնականում կպահպանվի նույն մակարդակի, ինչ նախանշված էր բյուջեի ծրագրով, և դա պայմանավորված է դեֆլյատորով։ 4,2% տնտեսական աճի պայմաններում նախատեսված էր, որ դեֆլյատորը կլինի 4,6%, այնինչ այժմ ակնկալվում է, որ այն կլինի 2,4%-ի չափ»։ Ըստ Ջանջուղազյանի՝ պետք է հաշվի առնել նաև, որ 2012թ. բյուջեն կազմելիս 2011թ. ՀՆԱ-ի ծավալները հայտնի չէին, հայտնի էին գնահատականները, և «ինչպես ցույց տվեց իրականությունը, այդ գնահատականը մի փոքր չափազանցված էր, և փաստացի ՀՆԱ-ն ֌60-100 մլրդ-ով եղավ ավելի փոքր, քան ծրագրած էր»։

Պակասուրդի փոխարեն հավելուրդ
Անդրադառնալով ինը ամիսներին բյուջեի կատարողականին՝ Ջանջուղազյանը նշեց, որ այդ ժամանակահատվածում պետբյուջեի եկամուտները կազմել են ֌666,4 մլրդ, իսկ ծախսերը՝ ֌660,2 մլրդ, որոնք համապատասխանաբար 101%‑ով և 92%-ով ապահովել են ՀՀ կառավարության 9-ամսյա ծրագրի կատարումը: Ըստ նրա՝ չնայած բյուջետային ծախսերի արձանագրված կատարողականին՝ ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում պետական մարմինների՝ սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 7,4%-ով կամ ֌45,8 մլրդ-ով, ինչը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին: Պետական բյուջեի եկամուտների 94,2%-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 5,1%-ը՝ այլ եկամուտների, 0,6%-ը՝ պաշտոնական դրամաշնորհների հաշվին:

2012թ. 9 ամիսների պետբյուջե են մուտքագրվել շուրջ ֌628,1 մլրդ-ի հարկային եկամուտներ, պետական տուրքեր և պարտադիր սոցիալական ապահովության վճարներ, որոնք ապահովել են 9-ամսյա ծրագրի 100% կատարողականը: Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հարկային եկամուտներն աճել են 8,7%‑ով կամ ֌50,5 մլրդ-ով։

2012թ. հունվար-սեպտեմբերին պետբյուջեի ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 3,7%‑ով կամ ֌23,4 մլրդ-ով: Ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են ֌611,3 մլրդ:

2012թ. հունվար-սեպտեմբերին պետբյուջեն կատարվել է ֌6,2 մլրդ հավելուրդով՝ ծրագրով նախատեսված ֌57,4 մլրդ պակասուրդի դիմաց: Հավելուրդը հիմնականում պայմանավորված է ծախսերի համեմատաբար ցածր կատարողականով:

Մեկնաբանել