Գյումրու քաղաքապետարանի ամսական հեռախոսավարձը՝ Դ1.333 մլն

«Հանուն ձեր բարեկեցության, սիրելի հպատակներ, hոկտեմբերի 25-ին «Գյումրի-Ասպարեզ» օրաթերթը հարցում էր ուղարկել Գյումրու քաղաքապետարան, քաղաքապետարանի շենքում առկա լարային հեռախոսների թվի, վերջին մի քանի տարիներին դրանց սպասարկման համար վճարված գումարների, հեռախոսային զանգերի ցանկերի պատճեների հետ կապված տեղեկություն ստանալու համար»,- գրել է asparez.am կայքը:

Հարցման պատասխանում, որ ստացվել է այսօր, նշվել է, որ քաղաքապետարանի շենքում առկա է թվով 49 լարային հեռախոս, կից ներկայացվել են հեռախոսահամարներն ու 2010-2012թթ. սպասարկման վճարները, իսկ հարցված 2005-2009 թվականների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար առաջարկել են դիմել «Արմենթել» ՓԲԸ-ի Գյումրու մասնաճյուղի սպասարկման գրասենյակ: Հեռախոսային զանգերի ցանկերի պատճեները ստանալու համար ևս քաղաքապետարանից ուղղորդել են «Արմենթելի» Գյումրու գրասենյակ: «Սա խոսում է այն մասին, որ 2005-2012 թվականների հեռախոսային վճարներն անելիս Գյումրու քաղաքապետարանը չի կամեցել պարզել, թե իր 49 հեռախոսահամարներն ինչպես են օգտագործվել, ուր են զանգել, ինչքան են խոսել, և ամենակարևորը` արդյո՞ք արժեր, որ այդքան խոսեին»,- նկատում է կայքը:

Այդուհանդերձ, հարցման պատասխանում նշված է, որ 49 հեռախոսահամարների համար 2010-ին քաղաքապետարանի բյուջեից փոխանցվել է Դ10.920մլն, 2011-ին` Դ11.881մլն, իսկ 2012-ի առաջին տասն ամիսների ընթացքում` Դ13.292մլն: Այս թվերը բազմաթիվ հարցեր են ծնում՝ ինչո՞ւ են հեռախոսի համար արված ծախսերն այսպիսին, շա՞տ է դա, թե՞ չափավոր, ինչո՞ւ է տարեցտարի աճել հեռախոսավարձը, և հատկապես, ինչո՞վ է պայմանավորված այս տարվա ամսական միջին հաշվով Դ1.333 մլն-ը` բոլոր հեռախոսների աշխատանքի դիմաց:

Հիշեցնենք, որ վերջին ամիսներին հաճախ էր քաղաքապետարանի շենքն ամբողջությամբ զրկվում ֆիքսված հեռախոսակապից զանգեր իրականացնելու և ընդունելու հնարավորությունից: Պարզվել է, որ սեպտեմբերին հեռախոսազանգերի արգելափակումը Դ2.727431 մլն դրամի պարտքի պատճառով էր, հոկտեմբերին ևս հեռախոսների անջատման պատճառը պարտքն էր՝ Դ2.60947:

Մեկնաբանել