ՌԴ պետական ծառայություններ մատուցող կայքը գովազդել են կովկասցիների մասին մուլտով

Պետական անձնագրային և վիզաների վարչության ծառայությունները համացանցով մատուցող կայքը գովազդող մուլտը կոչվում է «Артурчик, давай, до свидания!». հաղորդում է Lenta.ru-ն:

Մուլտի գլխավոր հերոսը կովկասյան շեշտադրությամբ ռուսերենով ընկերոջն ասում է, որ իրեն պետք է անձնագիր: Ընկերը խորհուրդ է տալիս դիմել «Արտուրչիկին», որ աշխատում է շուկայում, սակայն պարզում են, որ «Արտուրչիկը» գործարքները կատարում է նշված կայքի միջոցով, որից անմիջապես հետո նույն շուկայում հայտնվում են բազմաթիվ նմանատիպ ծառայություններ առաջարկողներ: Մուլտի վերջում հայտնվում է gosuslugi.ru կայքի հասցեն «Պետծառայությունները թափանցիկ են ավելի քան երբևէ» կարգախոսով:

Մեկրոպեանոց հոլովակում ներկայացված են կովկասցիների՝ ռուսաստանցու ընկալմամբ՝ մի շարք բնորոշիչ գծեր: Օրինակ, զրույցի ժամանակ մոտերքով անցնող ավտոմեքենաների աղմուկի մեջ կրակոցներ են հնչում, որը զրուցակիցը որակում է՝ «հարսանիք». վերջերս մի դաղստանցի առատորեն օդ էր կրակել, երբ հարսանեկան շարասյունը հանդիսավոր անցել էր Մոսկվայի կենտրոնով, 15 հյուր էր ձերբակալվել, սակայն մոսկվացիներին զայրացրել էր այն փաստը, որ հարցը փակվել էր փոքրիկ տուգանքով: «Արտուրչիկի» սենյակում կախված է «Անժի» ֆուտբոլային ակումբի նկարը, իսկ նա կրում է կարմիր կոշիկներ (կարծրատիպ կա, որ կովկասցիները կարմիր մաշիկատիպ կոշիկներ են նախընտրում): Եվ վերջում էլ, հնչում է Ադրբեջանում հարսանիքի ժամանակ նկարահանված և քաղաքական երանգ ստացած «Ты кто такой? Давай, до свидания» հոլովակի նմանակումը:

Հիշեցնենք սակայն, որ այս տարի ապրիլին այս նույն կայքում հայտնվել էր պետծառայությունները գովազդող վիրուսային հոլովակ. և, ինչպես նշում է Lenta.ru-ն, դեռևս չի հաջողվել պարզել՝ այդյոք այս հոլովակը պաշտոնապես հաստատված տեսանյութ է:

Նշենք նաև, որ ՌԴ պետական որոշ ծառայություններից, իրոք, հնարավոր է օգտվել համացանցի միջոցով, սակայն դրա համար անհրաժեշտ է փաստաթղթերը ներկայացնել անձամբ կամ օրինական ներկայացուցիչների միջոցով:

Մեկնաբանել