Վերականգնվել է պետությանը պատճառված վնասի 95%-ը. դատախազություն

2012թ. երրորդ եռամսյակում դատարաններում քննվել է կոռուպցիոն բնույթի 93 քրեական գործ` 132 անձի նկատմամբ, որոնցից դատապարտվել է 127 անձ` 88 քրեական գործով: Ընդ որում` դրանցից 33 քրեական գործով 51 անձի նկատմամբ կիրառվել է դատական քննության արագացված կարգ, հաղորդում են ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:

Դատապարտված 127 անձից 52-ը կամ դատապարտված անձանց 40,9%-ը եղել են պաշտոնատար անձինք: Կոռուպցիոն բնույթի հանցագործություններով հանրապետության դատարաններում լսված բոլոր քրեական գործերով պատճառված նյութական վնասը կազմել է մոտ 1,45 մլրդ դրամ, որից պետությանը պատճառված վնասը` մոտ 1,37 մլրդ դրամ: Պետությանը պատճառված նյութական վնասից վերականգնվել է շուրջ 429,5 մլն դրամը կամ 31,3 %-ը:

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության կողմից հաշվետու ժամանակաշրջանում դատարան ուղարկված 17 քրեական գործից 16 քրեական գործով 18 անձանցից 15-ը դատապարտվել է ազատազրկման, իսկ 3-ը` տուգանքի, այսինքն` ազատազրկումը կազմել է 83,3%:

Հաշվետու ժամանակահատվածում նախաքննության փուլում ոչ արդարացման հիմքով քրեական գործերից կարճվել են 54-ը, որոնցից պետությանը պատճառված վնասը կազմել է 6 մլրդ դրամ, որն 95%-ով վերականգնվել է: Իսկ մերժված նյութերով պատճառված վնասը կազմել է մոտ 443,7 մլն դրամ, որից վերականգնվել է 403,6 մլն դրամը կամ 90,9%-ը (նշված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է վերականգնման հիմքով` նախատեսված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 5-րդ մասով):

Մեկնաբանել