Եթե թույլատրվեց ինձ, ուրեմն պիտի թույլատրվի բոլորին. Խ.Ստամբոլցյան

Եթե մեկին թույլատրվում է առանց նույնականացման քարտի ստանալ էլեկտրոնային ստորագրություն, ուրեմն դա թույլատրվում է բոլորին. «Կենտրոն» հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդման շրջանակում նշեց Խաչիկ Ստամբոլցյանը՝ պատմելով, որ կառավարությունը խախտել է իր իսկ օրենքը, տվել իրեն էլեկտրոնային ստորագրության հնարավորություն, որպեսզի ինքը՝ որպես ակտիվիստ, այլևս չաղմկի: «Սակայն ես շարունակելու եմ պայքարել, որպեսզի օրենքով հաստատվի այդ կարգը»,- ասաց նա:

Ըստ նրա՝ պայքարը նույնականացման քարտերի դեմ պարտադիր է, քանի որ սա մարդկանց զանգվածային կառավարման առաջին քայլն է, հաջորդիվ քիչ-քիչ հասնելու են նրան, որ չիպերը ներդրվեն մարդկանց մեջ, դրանց միջոցով կառավարությունները վերահսկեն նրանց գործունեությունն ու միտքը, և ի վերջո, մեկ ընդհանուր կառավարության մեջ մեկ ընդհանուր գաղափարախոսության ներքո կառավարելի դարձնեն բոլորին:

Որպես իր խոսքերի հավաստիք՝ Ստամբոլցյանը նշեց «Մատրիցա» ֆիլմը, իսկ հաղորդավարի հեգնանքին ի պատասխան հիշեցրեց, որ ամերիկյան երկնաքերերի՝ սեպտեմբերի 11-ի պայթյունից առաջ այդ մասին ֆիլմ էր արտադրվել:

Խաչիկ Ստամբոլցյանը պայքարել է հանուն «Նաիրիտ»-ի փակման, սակայն այսօր իրեն մեղավոր չի համարում գործարանի բավական ծանր կեցության համար. «Դա միակ գործարանն է, որ պահպանվել է, մյուսները թալանվել են, քանդվել են, իսկ այսօր որ չեն կարողանում աշխատացնել, ե՞ս եմ մեղավոր: Գործարանը սանիտար նորմաներով չի կառուցված. եթե ճիշտ չի կառուցված, 30կմ ուղիղ գիծը օդակայանից ու քաղաքից չի պահված, չասե՞մ: Եթե կուզեք այս խնդրի մասին գիտականորեն խոսենք, խնդրեմ, կանչենք միջազգային ճանաչման գիտնականների, խոսենք: Ինչո՞ւ կանգնեց «Նաիրիտ»-ը. հոսանք չտվեցին: Հոսանքը կար, բայց չէին տալիս, որ իրենց նավթը ծախվի. գործարանը փակեցին ու ինձ մեղադրեցին»,- ասաց նա:

Ստամբոլցյանի դիտարկմամբ՝ բոլոր չարիքների հետևում կան որոշակի չար ուժեր, սակայն պայքարել միշտ պետք է, քանի որ պայքարողին զորակցում է Աստված:

Ընտրություններին, ըստ նրա, միշտ պետք է մասնակցել. «Սակայն ով ծախում է իր ձայնը, նա Հուդայի պես է, որ վերցնում է 30 արծաթ»:

Արտագաղթելու ցանկություն ունեն, սակայն, իր խոսքով, հնարավորություն չունեն աղքատները. «Աղքատները չեն կարող գնալ, դրա համար էլ միջոցներ են պետք. գնում են քիչ թե շատ հարուստները, քանի որ այստեղ արդարություն չկա»:

Նա հիշեցրեց, որ Ղարաբաղյան շարժման ժամանան բոլորն ուզում էին գնալ ծառայելու՝ կամավոր էին գնում ահավոր վտանգավոր ժամանակներում: «Մենք կռվում էինք ռուսական բանակի դեմ, Թուրքիայի, Ադրբեջանի ու իսլամիստ վարձկանների դեմ, բայց կամավոր գնում էին բանակ: Իսկ այսօր խուսափում են բանակից, որովհետև անարդարություն կա, չնայած որ արտաքին վտանգը քիչ է»,- ասաց նա:

Ընտրակեղծիքները, իր խոսքով, սկսվել են դեռ 1996թ-ին: «Հիմա ես տեսնում եմ հենց Ձեր եթերում էլ հենց նրանք խոսում են, բողոքում են, թե ընտրակեծիքներ կան. է, այդ կեղծիքները հիմքը դրվել է 1996թ ընտրություններին, երբ որ կրակեցին ժողովրդի վրա»,- ասաց նա:

Մեկնաբանել