Թուրքիան երբևէ ինքնուրույն չի ձևավորել իր Սահմանադրությունը. Ջ. Աքթար

Ստամբուլի Bahcesehir համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ, «Հայեր, ներեք մեզ» արշավի նախաձեռնող անդամ Ջենգիզ Աքթարը Today’s Zaman-ի «Օրակարգում նախագահական համակարգի անցումն է, ոչ թե Սահմանադրությունը» վերտառությամբ սյունյակում անդրադարձել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` կառավարման նախագահական համակարգի անցնելու վերաբերյալ արած հայտարարությանը:

«Նախագահական համակարգի անցման մասին վարչապետի` հեռուստատեսությամբ արած վերջին հայտարարությունը լիովին հստակ է: Ինչպես մեզանից շատերը, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ի սկզբանե գիտեր, որ Սահմանադրական հաշտեցման հանձնաժողովում խորհրդարանական չորս կուսակցությունների ներկայացուցիչները համաձայնության չեն կարողանա հասնել վիճելի, սակայն կենսական որոշ հարցերի շուրջ»,- գրում է սյունյակագիրը` հավելելով, որ 2010թ. ապրիլի 22-ից ի վեր, երբ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սկսեց իր քարոզարշավը` խթանելու կառավարման նախագահական համակարգի անցումը, խնդիրն աստիճանաբար հայտնվեց կուսակցության ղեկավարների օրակարգում:

«Երբ այս նախաբանը սկսեց արձագանքներ ստանալ, նրանք որոշ ժամանակ լռեցին, սակայն Էրդողանի` նախագահական հանրապետության նախագահ դառնալու ցանկությունը երբեք չմոռացվեց: Երբ Սահմանադրության ձևավորման գործընթացի ճակատագիրը պարզ դարձավ, իշխող կուսակցությունը հանդես եկավ նախագահի իր առաջարկով: Այժմ առաջարկը ստվերում է Սահմանադրության մշակման` արդեն տապալման շեմին գտնվող գործընթացը:

Մեղքը գցվեց կուսակցությունների վրա, որոնք չեն կարողանում համաձայնության գալ, ինչպես նաև իշխող կուսակցության վրա, որը վնասում է Սահմանադրության մշակման գործընթացը նախագահական համակարգի իր մտասևեռուն գաղափարով: Իսկապես, ի տարբերություն վարչապետի համառ պնդումներին` այս ազգը երբևէ ինքնուրույն չի ձևավորել իր Սահմանադրությունը: Սա առաջին անգամն է, որ մենք փորձում ենք համագոյակցության ուղիներ փնտրել` առանց միմյանց սպանելու»,- գրում է Աքթարը` նշելով, որ երկար ժամանակ պետք է հատկացվի այս գործընթացին, և այն չպետք է զոհաբերվի վարչապետի պահանջին, որը ենթադրում է «անսահամանափակ լիազորությունների ստացում` հասարակությանը ծառայելու նպատակով»:

«Վարչապետը և նրա մոտ գործընկերները մի շարք փաստարկներ են ներկայացնում` ի պաշտպանություն նախագահական համակարգի անցման: Նրանց խոսքով` նախագահական համակարգը կապահովի ավելի մեծ կայունություն»,- գրում է սյունյակագիրը` ընդգծելով սակայն, որ նախագահական համակարգի միջոցով կայունության ձգտելը ոչ ժողովրդավարական քայլ է:

Մեկնաբանել