Ինչու ենք բացակա

Շվեյցարական Դավոսում մեկնարկել է Համաշխարհային տնտեսական 43-րդ ֆորումը, որը կշարունակվի մինչև հունվարի 27-ը: Ֆորումին, որն այս տարի կրում է «Կայուն դինամիզմ» կարգախոսը, մասնակցում է ավելի քան 2,5 հազ. հյուր՝ աշխարհի ավելի քան 100 երկրից, այդ թվում՝ պետությունների 50 ղեկավարներ, ՄԱԿ-ի ներկա և նախկին գլխավոր քարտուղարներ, Եվրոպական կենտրոնական բանկի, Համաշխարհային բանկի նախագահները, Արժույթի միջազգային հիմնադրամի, Առևտրի համաշխարհային կազմակերպության, խոշոր ընկերությունների ավելի քան 900 ղեկավարներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ ու հոգևոր առաջնորդներ:

Հայաստանը այս տարի ևս, ինչպես նախորդ երկու տարիներին, Դավոսում չէ: Եթե հայաստանյան խոշոր գործարարները խուսափում են ներկայանալ ֆորումին կա՛մ գումարները խնայելու, կա՛մ գուցե որ խոսելիք ու ասելիք չունեն այնտեղ, ապա անհասկանալի է, թե ինչու է կառավարությունը հերթական անգամ անտեսում կարևորագույն այս հավաքույթը:

Թեև Դավոսը ինստիտուցիոնալ հարթակ չէ որոշումներ ընդունելու համար, բայց համաշխարհային տնտեսության և քաղաքականության ուղղություններն ավելի շատ ոչ թե ՄԱԿ-ում և այլ միջազգային ինստիտուցիոնալ հարթակներում են որոշվում, այլ հենց շվեյցարական այս գյուղում:

Եթե նայենք Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների արտասահմանյան այցերի ժամանակագրությանը, տասնյակ այցեր կնկատենք նախագահի, վարչապետի, խորհրդարանի խոսնակի ու արտգործնախարարի կողմից, որոնցից շատերն էականորեն չեն տարբերվում զբոսաշրջային շրջագայություններից կամ էլ որևէ արդյունք այդպես էլ չեն ունենում: (Այդ այցերի վրա ծախսվող հարկատուների գումարների հարցը առանձին թեմա է):

Համաշխարհային քաղաքականության և տնտեսության մեջ հաճախ անձնական կապերով են մեծ հարցերը լուծվում: Դավոսի ֆորումը այդ կապերը հաստատելու թերևս լավագույն վայրն է: Նախագահի կամ վարչապետի՝ որևէ ամբիոնից որևէ ելույթ այնքան չի կարող վստահություն ներշնչել պոտենցիալ ներդրողին, որքան գարեջրի սեղանի շուրջ ընկերական զրույցն ու բանավեճը:

Հայաստանի պետության կողմից Դավոսի անտեսումը ոչ միայն անհասկանալի է, այլև անընդունելի: Մենք կարծես փորձում ենք գոյատևել աշխարհից մեկուսացած: Վերջին տարիների փորձը ցույց է տվել, որ ջայլամի այդ վարքագծի համար մենք թանկ ենք վճարում:

Մեկնաբանել